ՖՈՏՈ. Ջրառատի պոլիկլինիկան անգամ զուգարան չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի պոլիկլինիկայի շենքը քանդման եզրին է: Ավելին` շենքի պայմաններն այնպես անմխիթար են, որ յուրաքանչյուր քաղաքացի այնտեղ մտնելիս առողջանալու, ապաքինվելու փոխարեն կարող է հիվանդանալ:

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել ե՛ւ Ջրառատի, ե՛ւ Ջրարբիի բնակիչները` պատմելով, որ պոլիկլինիկայում սպասասրահ չկա, որտեղ հիվանդները կարող են սպասել: Իսկ եթե հիվանդներից մեկը ներսում է, ապա մյուսները դրսում պետք է հերթ կանգնեն. շենքային անմխիթար պայմանների պատճառով շենքի ներսում միաժամանակ մի քանիսը չեն կարող գտնվել: Բացի այս` այսպես կոչված պոլիկլինիկայի շենքի մի քանի պատուհան ապակիներ չունի, պոլիէթիլենային ցելոֆանով է փակված: Նաեւ հատակն է ճռճռում, բացի այս` հատակը հողային է. այնպես փափուկ է, որ կանգնողին թվում է, թե հայտնվելու է գետնի տակ:

Ամենասարսափելին այն է, որ շուրջ 3600 բնակչի համար բուժսպասարկում իրականացնող շենքը տարրական պայմաններից զուրկ է: Շենքի ներսում զուգարան չկա, այն շենքից դուրս է գտնվում, փայտյա է, դուռ չունի, միայն կտորով է ծածկվում: Ավելորդ է նշել, որ հիվանդները փայտյա եւ կիսափուլ զուգարանից չեն կարող օգտվել, քանի որ ձմռան ամիսներին անգամ աշխատողները չեն օգտվում: Տեղեկացնենք, որ ֆիզիկապես մաշված շենքի փայտյա աստիճանները ճոճվում են, եւ պետք է առանձնակի զգուշությամբ բարձրանալ:

Ջրառատի պոլիկլինիկայի տնօրեն Թերեզա Տիգրանյանի խոսքերով` խորհրդային տարիների շենք է: «Բառերով անհնար է նկարագրել: Շենքի աստիճանները այնպիսի անսարք վիճակում են, քանդված են, որ եթե հաշմանդամություն ունեցող անձ մուտք գործի պոլիկլինիկա, մենք մեզ վատ կզգանք: Շենքը վթարային է, մենք էլ մի կերպ տեղավորվել ենք այստեղ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց պոլիկլինիկայի տնօրենը:

Տնօրեն Թերեզա Տիգրանյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ անցած տարվա ընթացքում ինքը կրճատումներ է արել եւ փոքրիկ գումար խնայել, որով էլ մարել է գազի, էլեկտրաէներգիայի վարձերը: Այժմ պոլիկլինիկան պարտք չունի: Հարցին` հնարավո՞ր է, արդյոք, այդ խնայողությունների հաշվին որոշակի նորոգման աշխատանքներ իրականացնել շենքի ներսում, տնօրենը զարմացած արձագանքեց. «Բայց միեւնույն է` դա բավարար չէ` շենքը վերանորոգելու համար: Ինչքա՞ն գումար պետք է տնտեսած լինեմ` 50-100 հազար դրամ, դրանով ինչպե՞ս կարող ենք շենք վերանորոգել: Կարող է` միլիոննե՞ր եմ խնայել: Անգամ գազի, էլեկտրաէներգիայի սպառման կանխավճարներն եմ տվել»:

Զրույցի ավարտին նա նկատեց, որ Արմավիրի մարզպետարանի համապատասխան վարչությունը տեղյակ է խնդրին: Ապա ավելացրեց, որ Ջրառատի գյուղապետարանը միջոցներ է ձեռնարկում պոլիկլինիկայի նոր շենք կառուցելու ուղղությամբ: «Անգամ նոր շենքի հատակագածիծը կա: Բայց դեռ առարկայական ոչինչ չկա: Շինարարներ են եկել, տեղանքը ուսումնասիրել: Մենք էլ հույսով սպասում ենք»,- լրացրեց Թ. Տիգրանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գյուղապետ Սամվել Գալստյանից եւս հետաքրքրվեց` գյուղում, ի վերջո, ե՞րբ կլինի պոլիկլինիկայի նոր շենք: «Մենք մի քանի տարի է, ինչ փորձում ենք այս հարցին լուծում տալ: Նախ մտադիր էինք ներկայիս շենքը վերանորոգել, բայց հետո որոշում կայացրինք նոր շենք կառուցել: Մենք փոքրիկ չափի գումար ունենք տնտեսած, նաեւ կառավարությունը մտադիր է աջակցել: Եթե մեր ծրագրածով ընթանա ամեն բան, ապա հնարավոր է` տարեվերջին ունենանք պոլիկլինիկայի նոր շենք»,- հույս հայտնեց գյուղապետը:

Նշենք, որ այս պոլիկլինիկայում այժմ աշխատում է 10 հոգի, ասել է, թե 10 քաղաքացի իր մասնագիտական գործունեությունը ծավալում է անմարդկային պայմաններում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս