25 ՏԱՐՎԱ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՐԱՐԸ ՓԱԿՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշմանդամներին պետության կողմից տրամադրվող պրոթեզների խնդրին անդրադարձել էինք, երբ մի քանի տասնյակ հաշմանդամներ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ՝ դժգոհելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գործունեությունից: Նրա կայացրած որոշման արդյունքում հաշմանդամներին տարիներ շարունակ պրոթեզներ տված ընկերությունը կանգնած է փակման վտանգի առջեւ, փոխարենը դաշտ են մտել անփորձ ՍՊԸ-ներ, որոնք պետք է փորձարկումներ անեն հաշմանդամների վրա:

Հիշեցնենք, որ հայտարարված մրցույթի արդյունքում 3 ընկերություն է հաղթել եւ պետք է իրականացնեն Հայաստանում ապրող հաշմանդամների պրոթեզավորում ու սպասարկում: Ընկերություններից մեկը դաշտի հնաբնակներից է` գերմանական պրոթեզավորման ոլորտում հայտնի ««Ինտեօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոն» ՍՊԸ-ն, որը 28 տարի է` սպասարկում է հաշմանդամներին: Այս ընկերության հետ մրցակցության մեջ է մտել «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն, որի ղեկավարը Մարինե Սարգսյանն է, եւ «Սատար» ընկերությունը, որի ղեկավարը Հունան Հունանյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթը վերոնշյալ ընկերությունների տնօրեններից փորձեց պարզել, թե ինչո՞ւ չեն սպասարկում հաշմանադամներին, եւ հաղթած ընկերությունները իրականում ինչ կապ ունեն նախարար Արտեմ Ասատրյանի հետ:

««Ինտեօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոն» ՍՊԸ-ը գործադիր տնօրեն Լյովա Պետրոսյան
-Պարո՛ն Պետրոսյան, փետրվարի 1-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց հաշմանդամներն ասացին, որ ««Ինտեօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոն» ՍՊԸ-ն չի սպասարկում իրենց: Ինչո՞ւ եք մարդկանց հետ ուղարկում:
-Ասեմ, որ սա գերմանական կազմակերպություն չէ, այլ «Ինտերօրթոն» հայկական կազմակերպություն է, բայց աշխատում է զուտ գերմանական «OTTO-BOCK» միջազգային ճանաչում ունեցող ընկերության նյութերով եւ տեխնոլոգիաներով ուղիղ 25 տարի: Մեր տեխնիկ օրթոպեդները կրթություն են ստացել Գերմանիայում: Չենք սպասարկում, քանի որ մեզ չեն պատվիրում, որեւէ պայմանագիր պատվիրատուի հետ չունենք:
-Պատվիրատուն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությո՞ւնն է:
-Պատվիտարտուն միշտ եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Անցած տարիներին եղել են դեպքեր, որ պայմանագրերի կնքումները ուշացել են, բայց մենք աշխատել ենք, որ ժողովրդի մոտ դժգոհություն չլինի հետագայում մեր աշխատանքի դիմաց վարձատրվելու ակնկալիքով: Բայց այս տարի մրցույթի շատ քիչ մասն ենք շահել, եւ պայմանագիր էլ չկա, ուստի աշխատելը արդեն անհնարին է դառնում, եթե աշխատում ես, պետք է Գերմանիայից նյութեր բերես, աշխատողներին պետք է աշխատավարձ տաս, իսկ թե ինչ աղբյուրների հաշվին, դա չես տեսնում: Հետեւապես արհեստական խանգարող հանգամանք է ստեղծվել, որ ընկերությունը չաշխատի :
-Նախարարությունը տանում է նրան, որ ընկերությունը փակվի՞:
-Նախկին տարիներին տենդեր չեն եղել, եղել է մեկ աղբյուրից գնում պետպատվերի սահմաններում, որը շատ նորմալ աշխատանքային պայմաններ է ստեղծել մեզ համար: Հետագայում` 2000 թ. սկզբներին, անցել են մրցույթների կարգի, բայց մրցույթների կարգում նշվում էր, որ գերմանական «OTTO-BOCK» ընկերության նյութերով աշխատող ընկերություն, եւ տեղական նյութերով, նկատի ունեն ռուսական արտադրության նյութերը, եւ ամեն մեկը մասնակցել է իր չափաբաժնով: Ստացվել է կարծես թե մրցույթ, բայց մեկ աղբյուրից գնում, որը էլի խնդիր չի առաջացրել: Հիմա` այս տարի, սոցապ նախարարությունը վերցրել է, չգիտեմ` ինչ չափանիշներ է որոշել, որ պետք է, ըստ իրենց, բարձրակարգ որակով պրոթեզներ, նյութեր օգտագործելու համար ացնել ISO չափանիշների, դա միջազգային չափանիշն է, եւ մրցույթին մասնակցել են մի քանի կազմակերպություն: Առանց նախաորակման գործընթաց տանելու, առանց խորանալու, թե այդ մասնակիցներն իրենց կողմից ներկայացված չափանիշներին համապատասխանո՞ւմ են, նման նյութեր ներկրե՞լ են հնարապետություն, ունե՞ն այդ տեխնոլոգիաները, տեխնիկնե՞րը:
-Խոսքը «Սատար» ընկերության եւ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ի մասի՞ն է:
-Ո՛չ, «Սատար» ընկերությունը մասնակցել է այն չափաբաժիններին, որտեղ ISO պահանջներ չեն եղել: Իսկ մյուս մասնակիցը, որը եղել է «Պրոթեզաօրթոպեդիկ» ձեռնարկությունը, տեղական պրոթեզարան է եւ միշտ աշխատել է ռուսական տեղական նյութերով: Այսինքն` այս ընկերությունը նորագույն տեխնոլոգիայով չի աշխատել: Մարդիկ մասնակցել են եւ կամայական, չհիմնավորված ցածր գներ են դրել, եւ լուրջ չափաբաժնով իրենք հաղթող են ճանաչվել:
-Բայց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը պնդում էր, թե որեւէ մեկը դեռես չի հաղթել, եւ փետրվարի 6-ին վերջնական կամփոփվեն մրցույթի արդյունքները:
-Ես կարող եմ ցույց տալ նախարարության կողմից ուղարկված փաստաթուղթ, թե ով ինչ է շահել, եւ մենք, ըստ այդ փաստաթղթի, շահել ենք 20-25 տոկոսը, իսկ մնացած 50 տոկոսը շահել է «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն: Մնացած 25 տոկոսի չափով նոր մրցույթ պետք է հայտարարեն: Եթե այդ 25 տոկոսով մեզ հետ պայմանագիր կապեն, կենտրոնը չի կարող գոյատեւել: Անհնար է հիմնարկը պահել 25 տոկոսով, կոնկրետ հիմա փակ է եւ փակ էլ մնալու է:
Այս կենտրոնը եղել է տարածաշրջանային կենտրոն, եղել է ուսուցման կենտրոն, կադրեր ենք պատրաստել, եւ հիմա նախարարության վարչության պետի կարծիքով նա մեզ բերել, դրել է մի կազմակերպության հետ նույն նժարի վրա, որ փակ է: Նրանք ընդհանրապես ոչ էլ կադր ունեն. համեմատությունը արդեն շատ ցավալի է:
-Այսինքն` բացառո՞ւմ եք 25 տոկոսով պայմանագիր կնքելը նախարարության հետ:
-Չենք կարող կապել, քանի որ մենք ունենք 10 խիստ բարձր որակավորում ունեցող տեխնիկներ որոնց այդ 25 տոկոսով չենք կարողանալու ապահովել: Եթե մենք չկարողանանք նախկին ծավալներով մեր տեխնիկներին ապահովել, այդ ունիկալ կրթություն ունեցող մարդիկ կամա թե ակամա ուրիշ աշխատանք են փնտրելու դրսում: Հիմա մասնագետները տեղում են, ես նրանց ստիպված եմ աշխատավարձ տալու, կպահեմ, ինչքան հնարավոր է, բայց կգա մի օր, եթե նրանք չունենան այն ծավալների աշխատանքը, կմտածեն արտագաղթի մասին:
-Այս հարցի լուծումը, ըստ Ձեզ, ո՞րն է:
-Մեկ աղբյուրից գնում, պետպատվերի սահմաններում:

 

«ՍԱՏԱՐ» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյան
-Պարո՛ն Հունանյան, ի՞նչ որակի նյութերով եք Դուք պատրաստվում հաշմանդամների կարիքներն ապահովել, մարդիկ ի՞նչ երաշխիք ունենան, որ Ձեր ընկերությունից օգտվելով` խնդիրների առաջ չեն կանգնի:
-Այս կազմակերպությունը հիմնադրել են հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր ծանր վիրավորումներ են ստացել հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ: Չեմ ցանկանա մեր գործունեությունը կապել կառավարության շենքի մոտ հավաքված մեր տղաների հետ, քանի որ դա որիշ խոսակցություն էր, դա պրոթեզների մասին էր, մեր հաղթած պարագաների մասով չկա խոսակցություն, մենք բարձր որակի արտադրություն ենք տվել, շահառուները դժգոհ չեն:
-Բարձրաձայնվեց այն մասին, որ Դուք Արտեմ Ասատրյանի ընկերն եք, եւ դա է պատճառը, որ մրցույթում հաղթող եք ճանաչվել:
-Դա կեղծիք է:
-Միգուցե Ձեր ընկե՞րն է:
-Ոչ մի կապ չկա մեր մեջ, ո՞նց կարող է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կառույցը Արտեմ Ասատրյանի` սոցապ նախարարի ընկերը լինել:
-Բայց ինչո՞ւ չի կարող լինել, ըստ մեզ հասած լուրերի` Արտեմ Ասատրյանը իր մտերիմ շրջապատում ասել է, որ Դուք իր ընկերնք եք, ազատամարտիկ եք, եւ նա ցանկանում է Ձեզ օգնել, ինչի արդյունքում Ձեր ղեկավարած կառույցը հաղթում է մրցույթներում:
-Բայց Արտեմ Ասատրյանը ազատամարտին մասնակցե՞լ է:
-Չի մասնակցել, բայց ազատամարտիկ ընկեր չի կարող ունենա՞լ:
-Նման բան չկա, մենք մի քանի անգամ հանդիպել ենք ընդհանուր ժողովների, խորհրդակցություններ ժամանակ:
-Այսինքն` զուտ աշխատանքային հարաբերություննե՞ր են Ձեր մեջ:
-Իհարկե, միշտ խնդիրների մասին եմ բարձրաձայնել, 5 րոպե առանձին խոսակցություն չունենք: Պարոն Ասատրյանին ճանաչել եմ մրցույթները հաղթելուց հետո, մեծ պատմությունների միջով ենք անցել:
-Ձեր ղեկավարած կազմակերպությունը «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ի հետ դատական պրոսեցի մեջ է, մարդիկ էլ ինչպե՞ս Ձեզ վստահեն:
-Վերջացել են դատերը, մենք հաղթել ենք:
-Դուք ինքներդ որտե՞ղ եք պրոթեզավորվել:
-Ուրեմն ես հագնում եմ սիլիկոն լայներ, որը թանկ պրոթեզ է, որը կարող է միայն «Ինտերօրթոն» սպասարկել: Իհարկե, «Ինտերօրթոյում» եմ պրոթեզավորվել: Ես այստեղ մեկ կարծիք ունեմ, որ պետք է անցնենք սերտիֆիկացման, ով որտեղ գտնում է, գիտի իր մասնագետին, գնա այնտեղ, սպասարկվի:
«Ժողովուրդ» օրաթերթը արդեն երկու օր է, ինչ փորձում է կապ հաստատել «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ի տնօրեն Մարինե Սարգսյանի հետ, սակայն մեր փորձերը անցնում են ապարդյուն:
Հավելենք, որ այս իրավիճակում կարծիքներ հնչեցին, թե «Ինտեօրթո» ՍՊԸ-ի մասնագետները միգուցե տեղախոխվեն «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները բացառեցին այդ փաստը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարեն Մարգարյանը հայտնեց, որ նախկինում աշխատել է «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ում, սակայն արդեն տեւական ժամանակ է, ինչ «Ինտեօրթո» ՍՊԸ-ում է աշխատում եւ ցանկանում է իր գործունեությունը շարունակել «Ինտեօրթո» ՍՊԸ-ում: Ու եթե հարց առաջանա «Ինտեօրթո» ՍՊԸ-ից հեռանալու մասին, ապա նա այնտեղ չի գնա. «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ում մասնագետներ չկան:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ
Օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Մեդիալաբ» կայքի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառումներ են արվել: Սա այն բանից հետո, երբ նրանց կայքում հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ կապված ծաղրանկար: «Ձեզ չի՞ թվում, որ չափն անցել եք: Նայեք, էն ֆրանսիական բանի օրը չընկնեք»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով գրել է Հայկ Բերման Օհանյան անունով օգտատերը՝ որպես ծաղրանկարի մեկնաբանություն, հետո սպառնալիքները շարունակվել են նամակագրության տեսքով: «Սկսեց անձնական մեսիջներ ուղարկել, թե դու չգիտես՝ ում դեմ ես դուրս գալիս, քո ժամանակը գնում է, ավազի ժամացույց ուղարկեց: Ասեցի՝ ո՞վ ես դու, ասեց՝ ես հակառակորդին այն աշխարհ ուղարկողն եմ»,- «Ազատություն» ռ/կ-ին պատմել է «Մեդիալաբի» տնօրեն Մ. Գրիգորյանը: Հիշեցնենք՝ 2016թ. օգոստոսին կոտրել էին Մ. Գրիգորյանի մեքենայի ապակիները եւ գողացել իշխանության ներկայացուցիչների պատկերող ծաղրանկարներ: Սակայն այդ միջադեպի մեղավորներն այդպես էլ չբացահայտվեցին, գործն էլ կարճվեց:




Լրահոս