ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Հայաստանում քրդական համայնքը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ցույց էր անցկացնում եւ միջազգային հանրությունից պահանջում կանխել այս օրերին իրենց հայրենակիցների նկատմամբ իրականացվող բռնությունները: Հիշեցնենք, որ Թուրքիան քրդերի դեմ ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի Աֆրին շրջանում: Քրդական համայնքը ներկայացնող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը հայտարարել է, թե թուրքական զինված ուժերն ինքնաթիռներով ռմբակոծում են Աֆրինը եւ նրա շրջակա գյուղերի խաղաղ բնակչությանը: Մասնակիցների բողոքը լսել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անվտանգության խորհրդատու Ինոք Փեննի-Լարյին: Նրան փոխանցել են բողոք-նամակ` ուղղված ՄԱԿ-ի գրասենյակին:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ամուսնալուծության գրանցման համար կոնկրետ ի՞նչ ժամկետ է սահմանված: Ինչքա՞ն ժամանակում է կատարվում ամուսնալուծության պետական գրանցումը:

Մերի Գաբրիելյան (32 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Գաբրիելյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ:
Դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամ: Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաեւ 5000 ՀՀ դրամ պետական տուրք:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ո՞ր դեպքերում է բժշկական օգնություն արտահերթ իրականացվում: Եվ կցանկանայի իմանալ` ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուներն իրավունք ունե՞ն անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու:

Ելենա Հայրապետյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բժշկական կազմակերպությունում բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է արտահերթ հետեւյալ ծառայությունների եւ վիճակների դեպքում`
1) անհետաձգելի բժշկական օգնություն. 2) ՀՀ կառավարության կողմից հաստատված` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բժշկական օգնություն. 3) հոգեկան եւ նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն. 4) նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում, այդ թվում` փորձաքննություն. 5) ծննդօգնություն. 6) արտահիվանդանոցային բժշկական օգնություն (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների): (Հիմք` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված 4, 2-րդ կետ):
Ինչ վերաբերում է նպաստառու ընտանիքների դեղորայքին, ապա տեղեկացնում ենք, որ ոչ: Նրանք իրավունք չունեն անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերել: (Հիմք` 23 նոյեմբերի 2006թ. Թիվ 1717-Ն որոշում):

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղատոմս դուրս գրելու ժամանակ բժիշկը դեղատոմսի վրա համապատասխան նշում է կատարում դեղը անվճար կամ զեղչով դուրս գրելու վերաբերյալ (անվճար կամ 50%, 30% զեղչով), ինչպես նաեւ գրանցում է կատարում հիվանդի ամբուլատոր քարտում` պարտադիր նշելով դեղերի անվանումը, դեղաչափը, փաստելով նաեւ դեղերի անվճար կամ զեղչով լինելը:




Լրահոս