Զգուշացեք. գլխացավի 5 նշան, որ պետք է անհանգստացնեն ձեզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Jv.ru-ն ներկայացրել է գլխացավի նշանները, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհանգստանալ։

Գլխացավը նման է որոտի։ Երբեմն հանկարծակի առաջացող սուր գլխացավը կարող է գլխուղեղում արյունազեղման հետևանք լինել։ Այս խնդիրն առավել հաճախ հանդիպում է 45-60 տարեկան հասակում։ Որպես կանոն՝ սրա հետևանքով առաջացող գլխացավը երկար ժամանակ չի անցնում։ Այս դեպքում հարկավոր է, որքան հնարավոր է՝ շուտ դիմել բժշկի օգնությանը, ով կօգնի հասկանալ պատճառը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։

Փոխվել է գլխացավի ինտենսիվությունը։ Նկատել եք, որ վերջին շրջանում փոխվել է գլխացավի ինտենսիվությո՞ւնը՝ գլխացավն ավելի է ուժեղացել, երկարել է տևողությունը։ Սա կարող է վկայել ուղեղի անոթների աճող հիվանդության առկայության մասին։ Գանգատների մասին անհապաղ տեղեկացրեք բժշկին և անհրաժեշտ հետազոտություններ անցեք։

Գլխացավն ուղեկցվում է այլ նշաններով։ Սրանց շարքում ամենավտանգավորն են համարվում բարձր ջերմությունը, տենդը, ճանաչողական ֆունկցիաների խանգարումը։ Այս նշանների համադրությունը կարող է վկայել գլխուղեղի հիվանդությունների առկայության մասին, իսկ դրանց հետ կատակել չի կարելի։

Ցավ եք զգում աչքերի շուրջ կամ դրանց ետևում։ Սա անհանգստացնող նշաններից մեկն է։ Այս նշանները հաճախ առաջանում են գլաուկոմայի զարգացման կամ աչքի ճնշման բարձրացման դեպքում. երկուսն էլ տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացնում։

Ցավը կենտրոնացած է քունքերի հատվածում։ Դեպքերի մեծամասնությունում սա անհանգստության առիթ չպետք է դառնա, բայց 50 տարեկանից բարձր անձանց դեպքում այն կարող է քունքերի հատվածում անոթների բորբոքման նշան լինել։ Հարկավոր է անհանգստանալ, երբ դրան գումարվում է աչքերի ցավը, ինչպես նաև՝ բարձրանում է ջերմությունը։




Լրահոս