ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՑՈՒԼ Է ՊԱՀՈՒՄ ՍՈՒՐԲ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Նոր Կյանքի գյուղապետարանը համայնքային բյուջեի հաշվին ընթացիկ տարվա համար մտադիր է «գունեղ գնումներ» կատարել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գյուղապետարանը նախատեսում է համայնքային միջոցներից գումար հատկացնել, օրինակ` ցուլերի խնամքի ծառայությունների համար՝ 120 հազար դրամ: Պարզվում է` գյուղապետարանն իր ցուլերն ունի եւ հիմա բյուջեից գումարներ է դուրս գրում դրանց խնամքի համար: Ցուլերը թվով երկուսն են: Նոր Կյանքի գյուղապետ Արա Սուքիասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով. «Մեր գյուղապետարանը կոլտնտեսության տարիներից ցուլեր է պահում, որոնց մենք գյուղի կովերի հետ ենք խառնում եւ վերարտադարություն ենք ապահովում: Ընդամենը երկու ցուլ է: Դա մեր սուրբ պարտականությունն է: Առանց երեխա ընտանիք ում է պետք: Մենք էլ մտածում ենք այդ մասին»: Նոր Կյանքի գյուղապետարանը գումար կհատկացնի նաեւ անասնակեր ձեռք բերելու համար: Բնականաբար, անասնակերը կարեւոր գործի համար պահվող ցուլերի համար է: Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ այս տարվա համար նախատեսվում է գնել 360 հատ անասնակեր, որի մեկ հատն արժի 1000 դրամ: Որքան էլ ծիծաղելի թվա, բայց սա իրականություն է:
Նոր Կյանք գյուղում որոշել են նորացնել նաեւ գյուղապետարանի կահույքը: Ընթացիկ տարվա համար գյուղապետարանի աշխատակազմը նախատեսել է գնել 10 հատ կիսափափուկ աթոռներ` հատը 10 հազար դրամով: Այսինքն` 10 հատ աթոռի համար ընդհանուր կծախսվի 100 հազար դրամ: «Դե, դա ընհանուրի համար է: Հետո՝ մենք դրանք գրել ենք, բայց կարող է` չգնենք: Համայնքի ավագանու նիստին գուցե աթոռին փոխարինի մեկ այլ կարեւոր իր»,- նկատեց մեր զրուցակիցը: Բացի այս` գյուղապետարանը գնելու է 25 հատ սպորտային հագուստ եւս, յուրաքանչյուրը՝ 8000 դրամով: Ընդհանուր սպորտային հագուստի համար ծախսելու է 200 հազար դրամ: Ըստ գյուղապետ Արա Սուքիասյանի՝ սպորտային հագուստները գյուղի մանկապատանեկան ֆուտբոլային թիմի երեխաների համար է:
Պարզվում է` գյուղապետարանը որոշել է նաեւ ձեռքի ժամացույցներ գնել. այդ նպատակով այնտեղ մտադիր են ծախսել 104 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գյուղապետարանը նախատեսում է գնել ձեռքի 5 հատ ժամացույց, յուրաքանչյուրը՝ 20 հազար 800 դրամով: Թե ում համար են նախատեսված ձեռքի թանկ ժամացույցները, նշված չէ գնումների պլանում: Գյուղապետ Ա. Սուքիասյանի խոսքերով` դրանք մայիսի իննին նվիրվելու են վետերաններին: Հուշանվերներ եւս ներառված են գնումների պլանում՝ 48 հատ, մեկ հատը` 3000 դրամով, որոնց համար ծախսվելու է ընդհանուր 144 հազար դրամ:
Գնումների պլանի մեջ գյուղապետարանի աշխատողները չեն մոռացել նաեւ պատին ամրացվող օրացույցների մասին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն երեք հատ օրացույցի համար ծախսվելու է 10 հազար 800 դրամ: Թե ինչո՞ւ գյուղապետարանում չեն բավարարվել ամենասովորական՝ 200 կամ 500 դրամ արժողության օրացույցներով, այլ որոշել են գնել 3600 դրամանոց օրացույց, մեղմ ասած, հասկանալի չէ: Համենայն դեպս, կարելի էր տնտեսել եւ այդ գումարը մեկ այլ նպատակի տրամադրել:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը նաեւ պարզեց, որ համայնքի աշխատակազմը իր կարիքների համար գնելու է 1979 լիտր բենզին՝ մեկ լիտրը 440 դրամով, այդ նպատակով համայնքային միջոցներից ծախսվելու է 950 հազար դրամ: Բացի այս` պետական միջոցներից գումար կհատկացվի նաեւ միջքաղաքային հեռախոսային ծառայությունների համար. այս դեպքում նախատեսվել է վճարել 250 հազար դրամ: Իսկ ահա կոմունալ ծառայություններից գազի սպառման համար նախատեսվել է ծախսել 450 հազար դրամ: Նույնքան կծախսվի նաեւ էլեկտրաէնեգիայի համար: Համենայնդեպս, գյուղապետարանի ընթացիկ տարվա համար նախատեսված գնումների պլանում այդպես է նշված: Բայց անհասկանալի է, թե ինչ հաշվարկների արդյունքում են գյուղապետարանի աշխատողները որոշել, որ այս տարվա ընթացքում էլէներգիայի եւ գազի համար սպառելու են հենց 450 հազար դրամ: Նոր Կյանքի գյուղապետ Արա Սուքիասյանը «Ժողովուրդ»-ի հետ այսպես հիմնավորեց իրենց որոշումը. «Մենք մեր անցած տարվա ծախսն ենք նայել, մինուս-պլյուս ենք արել ու գրել ենք այդքան գումար»: Սա դեռ ամենը չէ. գյուղապետարանի ծառայողական մեկ ավտոմեքենայի նորոգման համար ընթացիկ տարում մտադիր են ծախսել 590 հազար դրամ:
Պարզվում է՝ Նոր Կյանքի գյուղապետարանի աշխատակազմը այս տարի պայքարելու է նաեւ թափառող շների դեմ: Ինչի նպատակով աշխատակազմը որոշել է պետական միջոցներից ծախսել 60 հազար դրամ: «Ամեն տարի մենք պարտադիր պայքարում ենք թափառող շների դեմ: Մենք պայմանագիր ենք կապում որսորդի հետ, գումարը տալիս ենք, ինքն էլ կրակում է շներին: Եղածը վաթսուն հազար դրամ է, մի մեծ գումար չէ: Բայց այդ շները անհանգստություն են պատճառում մարդկանց՝ դպրոց գնացող երեխաներին, կանանց: Դա ժողովրդի պահանջն է»,- պարզաբանեց գյուղապետը:
Իսկապես, Նոր Կյանք գյուղում որոշել են նոր կյանքով ապրել, միայն թե տեղի բյուջեի հաշվին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ՉԵՆ ԱՆՑՆՈՒՄ
«Էքսպերտ քեթչ» գազի բալոնների փորձարկման, տեղադրման եւ սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանի խոսքով` Հայաստանում ավտոմեքենաներում տեղադրված բալոնների մեծամասնությունը փորձարկում չի անցել: Վերջին 2 տարվա ընթացքում փորձարկում է անցել բալոնների միայն մի քանի տոկոսը: Ճնշող մեծամասնությունը` մոտ 98 տոկոսը, փորձարկում չի անցել:
Մ. Տիգրանյանի կարծիքով` միջադեպերի հիմնական պատճառները բենզալցակայանների վրա մեծ ճնշումն է եւ բալոնների վիճակի վերահսկողության բացակայությունը: Շատ դեպքերում փոխադրողների լիցենզիաները կեղծ են: Խոսելով այն մասին, որ օրենսդրական փոփոխությունները դեռ չեն ընդունվել, Տիգրանյանը նշել է, որ խնդիրը ճանապարհային ոստիկանության հետ է կապված, որը չի ցանկանում իր վրա վերցնել վերահսկողության գործառույթները:
Տեղեկացնենք, որ Հայաստանում ավելի քան 400 գազալցակայան կա:

 

 

ԱՌՑԱՆՑ ԱՌԵՎՏՐԻ ՇԵՄԸ` 200 ԵՎՐՈ
ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են մաքսազերծ առցանց առեւտրի շեմը` կայացնելով համապատասխան որոշում: Ըստ ռուսական լրատվամիջոցների` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է. «Մենք պայմանավորվել ենք, որ այդ մակարդակը միասնական կլինի, այլապես այդ շուկան կմասնատվի: Այդ որոշումը կայացվել է եւ արդեն վերածվել է Եվրասիական միության ակտերի»: Միաժամանակ Մեդվեդեւը երեկվա ասուլիսի ժամանակ նշել է. «Մինչեւ այս տարվա վերջ ինտերնետային առեւտրի շրջանակներում ներմուծված ապրանքների համար մաքսազերծ առեւտրի շեմը կկազմի 1000 եվրո, 2019 թվականի հունվարի 1-ից՝ 500 եվրո, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ 200 եվրո»: Հիշեցնենք, որ այժմ ԵԱՏՄ երկրներում մաքսազերծ ներմուծման շեմերը տարբեր են. Բելառուսում այն կազմում է 22 եվրո, Հայաստանում՝ 150 դոլար, Ղազախստանում` 1.000 եվրո, Ղրղզստանում՝ 1.000 դոլար: ՌԴ կառավարությունը նախկինում առաջարկում էր նվազեցնել միջազգային փոստի միջոցով ապրանքների մաքսազերծ ներմուծման շեմը մինչեւ 20 եվրո: Սակայն այս առաջարկը լուրջ քննադատության առիթ էր դարձել: Ավելին` ՌԴ ֆինանսների նախարարությունում նման հեռանկարները քիչ հավանական են համարել եւ խորհուրդ են տվել ռուսական եւ օտարերկրյա ինտերնետային առեւտրով զբաղվող ընկերությունների պայմանները հավասարեցնելու համար աշխատել ԱԱՀ-ի սահմանման ուղղությամբ:

 

 

ԾԽԱԽՈՏԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով` ծխախոտի շուկայում սպասվում է գնային փոփոխություն: Ըստ նրա` ՀԿ-ն մոնիտորինգ է իրականացնում ծխախոտի շուկայում, որի վերջնական արդյունքները պարզ կլինեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում. «Մոնիտորինգը մենք փուլերով ենք անում: Մսի շուկայում ամեն օր գին է տատանվում: Օրինակ` գառան միսը թվացյալ չի թանկացել, բայց չկա էլ, սուպերմարկետներում քիչ ստանում են, ֆիքսում են, մնացած տեղերում չկա այդ ապրանքը, ինչ էլ կա, ավելի է թանկացել, քան նախորդ տարի էր»: Հարցին` ծխախոտի գնային փոփոխությունն արդյո՞ք պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում շատ է քննարկվում հանրային վայրերում ծխելն արգելող եւ տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը, Բ. Պիպոյանը պատասխանել է, որ դա դրա հետ կապ չունի. «Պարզապես գնային փոփոխությունը պայմանավորված է ակցիզային հարկով»: Թե մոտավորապես ինչքա՞ն կբարձրանան գները, Պիպոյանն ասել է, որ առաջիկայում հստակ թվեր կներկայացնեն:




Լրահոս