ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ «ԴԵՊՈՒՏԱՏԻ ՇՈՈՒ»-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը «Գլամուրային չոբանները 2»-ի, «Դեպուտատի շոու» նախագծի շարունակական լինելու, «Սուպեր մամա» ֆիլմի` կադրից դուրս տեղի ունեցած դեպքերի, անձնական կյանքում թեթեւ մարդ լինելու մասին զրուցել է դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ:

-Անդրանի՛կ, առաջիկայում էկրանային կյանքի հետ կապված ի՞նչ նորություններով կուրախացնեք Ձեր երկրպագուներին:
-Հիմա նկարահանվում եմ անեկդոտներում, որոնք հեռարձակվելու են USArmenia հեռուստաընկերությամբ: Շուտով զբաղված կլինեմ նաեւ շուրջ 25 մասանոց հումորային, հետաքրքիր սերիալում: Որոշ ժամանակ առաջ նկարահանվել եմ ռուսական ֆիլմում, որի պրեմիերան կկայանա հունիսին, Մոսկվայում: Ֆիլմի շրջանակում ներկայացվում է, թե ինչպես են հետխորհրդային երկրներում տոնում հարսանիքը: Մենք ներկայացրինք հայկական հարսանիքը, նկարահանվել եմ Հայկ Մարությանի, Հրանտ Թոխատյանի հետ: Կարծում եմ` շատ զվարճալի է ստացվել:
-Իսկ նոր ներկայացումներում Ձեզ կտեսնե՞նք:
-Ինչ վերաբերում է թատրոնին, ապա Կամերայինում շուտով կբեմադրվեն նոր ներկայացումներ: Հանրության դատին կհանձնվի «Գլամուրային չոբաններ 2»-ը, պարզապես մտածում ենք` ներկայացման տեսքով մատուցե՞նք, թե՞ ֆիլմի: Հուսով եմ` բացի այդ եւս հետաքրքիր առաջարկներ կլինեն: Միայն զարմանում եմ, թե ինչու են ռեժիսորները մտածում, որ հումորային կերպարներ մարմնավորած դերասանը դրամատիկ դերեր չի կարող խաղալ: Ես համոզված եմ, որ ոչ հումորային դերեր ավելի հեշտությամբ կխաղամ. չէ՞ որ հումորային կերպարներ կերտելն ավելի դժվար է: Երեւի ռեժիսորները մտածում են, որ հանդիսատեսը կասոցացնի քեզ քո զվարճալի կերպարների հետ, բայց դերասանից շատ բան է կախված, եւ բեմադրիչները պետք է հասկանան, որ լավ խաղալու դեպքում նա կարող է հեշտորեն կերպարանափոխվել:
-Ձեր, Ռաֆայել Երանոսյանի եւ թիմի մյուս անդամների կողմից ներկայացված «Դեպուտատի շոու» երգն ու տեսահոլովակը մեծ տարածում ունեցան համացանցում: Նախագիծը շարունակական կլինի՞:
-Այո, պատրաստվում ենք «Դեպուտատի շոու-3»-ին, մինչեւ 10 երգ այս նախագծի շրջանակում ունենալու ենք: Բայց համացանցում տարածում կգտնի ընդամենը 3-ը: Մյուս 7-ը կպահենք, որպեսզի հանդիսատեսի դատին հանձնենք համանուն խորագիրը կրող ներկայացման ժամանակ:
-Էլի դեպուտատներին անդրադարձ կլինի՞: Եվ հետաքրքիր է` վերջիններից որեւէ մեկը արձագանքե՞լ է տեսահոլովակին:
-Այո, նրանց էլի անպայման անդրադառնալու ենք, պատգամավորների առօրյային, նիստուկացին: Ասեմ, որ նրանց կողմից արձագանք եղել է, ասել են. «Հալալա տղերք, էս մեր 20 տարվա ապրածը բերեցիք, մի օրում մատուցեցիք»: Բայց բացասական արձագանք չի եղել, հավանել են երգը: Ընդ որում, այնպիսի մարդիկ են արձագանքել, որոնց բոլորս էլ ճանաչում ենք: Պարզապես անուններ չեմ տա:
-Կցանկանայի խոսենք Ձեր մասնակցությամբ «Սուպեր մամա 1»-ի եւ «Սուպեր մամա 2»-ի մասին: Կադրից դուրս ի՞նչ զվարճալի դեպքեր են գրանցվել:
-Դե, կադրից դուրս ես, Ռաֆայել Երանոսյանն ու Լեւոն Հարությունյանը աննորմալ կերպարներ ենք (ծիծաղում է): Շատ զվարճալի էր այն, որ, օրինակ, Լեւոնին երկար ժամանակ էր հարկավոր լինում դիմահարդարման միջոցով տգեղանալու համար: Միայն հսկա քիթը դնելու համար մեկ ու կես ժամ պահանջվում էր: Մեր անտանելի եռյակը նկարահանումների ժամանակ այնքան էր չարանում, որ նույնիսկ խանգարում էր նկարահանվողներին: Իսկապես շատ զվարճալի պահեր ենք ունեցել:
-Անդրանի՛կ, շատերին կհետաքրքրի, թե ինչպիսին եք Դուք տանը, ընտանիքում: Ինձ հետ զրույցում Նարեկ Դուրյանն, օրինակ, մի անգամ ասաց, որ կատակերգական դերեր մարմնավորող դերասանի մասին երբեմն տպավորություն է ստեղծվում, թե նա թեթեւ մարդ է, բայց, օրինակ, իր դեպքում, հակառակն է: Ձեր պարագայում ինչպե՞ս է:
-Չէ, ես փորձում եմ հնարավորինս թեթեւ ապրել: Կինս շատ ուրախ է, որ ես եմ իր ամուսինը, երբեմն նույնիսկ ասում է` գոնե մի քիչ նյարդայնացիր: Բայց ես կարծում եմ, որ կյանքը կարճ է, եւ օրվա 70 տոկոսը պետք է անցկացնես ժպիտով, իսկ 30 տոկոսը` քնած: Թեպետ ես քնած ժամանակ եւս ժպտում եմ: Տանել չեմ կարողանում մենակությունը: Մարդ, որ ընկերների մեռած չլինի, ուրեմն անիմաստ է ապրում: Ես շատ ընկերներ ունեմ, ընդ որում, ոչ միայն մեր ասպարեզից: Մանկության ընկերներ ունեմ, որոնք ոլորտի հետ ոչ մի կապ չունեն: Սիրում եմ կյանքը, իմ աշխատանքը եւ կարծում եմ` չեն լինի մարդիկ, որոնք այնպես կանեն, որ հիասթափվեմ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՄԵՐԺՈՒՄ Է ԱԷՐՈՖՈԲԻԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Մարտի 28-ին տեղի կունենա երգիչ Դավիթ Ամալյանի մենահամերգը, որի ընթացքում կհնչեն ինչպես նոր երգեր, այնպես էլ դեռեւս 1990-ականներից գործեր երգչի երգացանկից, նորովի մատուցմամբ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը՝ հեղինակ-կատարողը: Համերգի ընթացքում 11 հայտնի արտիստ կկատարի Ամալյանի գործերը: Նրանց թվում են՝ Արսեն Գրիգորյանը (Մրո), Լեյլա Սարիբեկյանը, Ֆորշը, Արամոն, Արսեն Գրիգորյանը (Ասո), Խորեն Լեւոնյանը, Մխիթար Ավետիսյանը եւ այլք:

Հիմա երգիչն աշխատում է նաեւ նոր` «Շնորհակալ եմ» անունը կրող երգի վրա, որի խոսքերի հեղինակն ինքն է, եւ որը նվիրված է հայ արձակագիր Վրեժ Իսրայելյանի հիշատակին: Ի դեպ, այս համերգը եւս կկրի Ամալյանի նոր` «Շնորհակալ եմ» երգի խորագիրը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավիթ Ամալյանը, խոսելով արտերկիր համերգային շրջագայությունների մեկնելու հրավերների մասին, ասաց. «Հրավերներ շատ կան, ուղղակի բանն այն է, որ ես աէրոֆոբիա ունեմ եւ մշտապես մերժում եմ արտերկրի հրավերները: Բայց վերջին հրավերը ստացել եմ Միացյալ Նահանգներից եւ որոշել եմ, այնուամենայնիվ, ընդունել: Համերգը նախատեսված է հոկտեմբերին: Խոստովանեմ, որ որքան մոտենում են օրերը, այնքան վախենում եմ, սակայն այս անգամ ֆինանսական խնդիրներից դրդված՝ ստիպված եմ ընդունել առաջարկը»-պատասխանեց մեր զրուցակիցը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ մտածում է տեսահոլովակ նկարահանելու մասին, այդ հարցով դիմել է մեկենասների, սակայն որեւէ պատասխան դեռ չի ստացել: Դավիթ Ամալյանի խոսքով՝ վաղուց ժամանակն է, որ տեսահոլովակից զատ՝ մտածի նաեւ ձայնասկավառակ թողարկելու մասին. «2004 թվականից հետո ձայնասկավառակ չեմ թողարկել, բայց երեք ալբոմի նյութ է կուտակվել: Այնպես որ, ֆինանսներ հայթհայթելու դեպքում կզբաղվեմ նաեւ նոր ալբոմի ձայնագրությամբ»,-ասաց նա:
Իսկ հարցին, թե սպասենք, արդյոք, նոր զուգերգի, երգիչը պատասխանեց. «Դե, դուետներ միշտ էլ ունեցել եմ, օրինակ՝ առաջնեկիս նվիրված երգը կատարել եմ կնոջս՝ Արմինե Ամալյանի հետ: Նա եւս երգչուհի է, աշխատում է Ազգային ակադեմիական երգչախմբում: Հուսով եմ՝ առաջիկայում եւս կունենանք զուգերգեր»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՄԻՆՉԵՎ 16
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է վեց հուշարձանների վերականգնման մրցույթ: Խոսքը Արարատի մարզի Հնաբերդ (Վերին Դվին) համայնքի Դվին հնավայրի միանավ եկեղեցու, Լոռու մարզի Թումանյան համայնքի Քոբայրավանքի (սեղանատուն), Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի Մայրավանք, Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սուրբ Գեւորգ, ինչպես նաեւ Տավուշի մարզի Գոշավանք համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցիների մասին է: Հաղթող շինարարական կազմակերպությունը կիրականացնի նշված հուշարձանների վերականգնման, ամրակայման, նորոգման ու տարածքի բարեկարգման աշխատանքը: Իսկ որպես հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված է փետրվարի 16-ը:

 

 

«20 ՏԱՐԻ ԱՆՑ»
Թբիլիսիի «Կարվասլա» պատմության թանգարանը հրավիրում է վրացահայ նկարիչ եւ երաժիշտ Աշոտ Տեր-Խալիֆյանի աշխատանքների «20 տարի անց» խորագրով հետհայաց ցուցահանդեսին:
Կներկայացվեն հեղինակի երկու ստեղծագործության` գեղանկարչության եւ երաժշտության միաձուլվածքը. կլինեն ցուցադրված 39 աշխատանքներ: Բոլոր կտավներն Աշոտ Տեր-Խալիֆյանի կողմից ստեղծվել են 1990-ական թվականների վերջից մինչեւ 2000-ականների սկիզբն ընկած ժամանակաշրջանում: Կտավներն արտացոլում են հեղինակի` քսանամյա վաղեմության հուզական վիճակները:

 

 

ՀԱՅ-ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ՇԱԲԱԹ
Լոս Անջելեսում Հայաստանի եւ Մեքսիկայի գլխավոր հյուպատոսությունների նախաձեռնությամբ ընդունվել է հռչակագիր` ամեն տարի Լոս Անջելեսում փետրվարի 2-9-ը հայ-մեքսիկական մշակութային շաբաթ կազմակերպելու մասին:
Նշենք, որ Հայ-մեքսիկական մշակութային շաբաթվա շրջանակներում Մեքսիկայի գլխավոր հյուպատոսությունում մեքսիկական համայնքի համար կցուցադրվի «Խոստումը» ֆիլմը, իսկ Գլենդելում հայ համայնքի համար կկազմակերպվի մեքսիկական ֆիլմի ցուցադրություն: Ի դեպ, նախատեսվում է կազմակերպել երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտոնյաների այց հանրային դպրոց, որտեղ սովորում են եւ հայ, եւ մեքսիկացի աշակերտներ, ինչպես նաեւ` հայկական կրթօջախ:




Լրահոս