Ինչու է իշխանությունն այսչափ անտարբեր. պատմության ամենակարևոր էջը մոռացված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք՝ 88-ի Ղարաբաղյան շարժումը հայոց պատմության նորագույն շրջանի հերոսական էջերից մեկն էր. շարժում, որը հիմք դրեց ազգային իղձերի եւ երազանքների իրականացմանը՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության ստեղծմանը:

Շարժումը, իհարկե, սկսվեց միանգամայն այլ պահանջով. ԼՂԻՄ ինքնավար մարզը դուրս բերել Ադրբեջանի կազմից, վերամիավորել Հայաստանին: Միաժամանակ ցույցերի եւ հանրահավաքների առիթ դարձան բնապահպանական խնդիրները: Այն ժամանակ դեռ խոսք չկար անկախության մասին: Բայց կարճ ժամանակ անց արդեն քաղաքական օրակարգում հայտնվեց Հայաստանի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ հանրապետություն հռչակելու պահանջը: Եւ «Ղարաբաղ» կոմիտեն՝ իր 11 անդամներով, կարողացան գրագետ ուղղորդել պայքարը` ի վերջո, հանգեցնելով անկախության գործընթացի:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամները՝ գիտնականներ եւ մտավորականներ, պատիվ ունեցան իրենց պայքարի համար հայտնվել բանտերում՝ Մոսկվայի «Բուտիրկա» եւ «Մատրոսկայա տիշինա» բանտերում` այնտեղից դուրս չգալու հեռանկարով: Բայց նրանց սկսած շարժումը չմարեց, այլ, ընդհակառակը, խորհրդային կայսրության բռնաճնշումները հանգեցրին այդ շարժման ընդլայնմանը, մանավանդ 88-ի սեպտեմբերին, հասկանալով ձերբակալվելու հավանականությունը, կոմիտեի անդամները զուգահեռ մեկ այլ գաղտնի, ընդհատակյա կոմիտե էին ստեղծել: Արդեն մայիսին համազգային շարժման ճնշման ներքո «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն ազատ արձակվեցին: Շարժումն այլեւս անկասելի էր: Իսկ «Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ» կարգախոսը թեւածում էր օդում, ամենքի շուրթերին:

Տասնյակ հազարավոր փախստականներ, հետո ավերիչ երկրաշարժ, անօթեւաններ, աղետի գոտու խնդիր, հետո արդեն` էներգետիկ ճգնաժամ, եւ այս ամենին զուգահեռ՝ պարտադրված պատերազմ: Պատերազմ, որից դուրս եկանք հաղթանակած` ազատագրելով պատմական հայրենիքը:

Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց շարժման ակտիվ մասնակիցներից մի քանիսի հետ` փորձելով ներկայացնել, թե ինչ ունենք շարժման մեկնարկից երեք տասնամյակ անց: Հետադարձ հայացք ձգելով անցած 30 տարիներին` «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանն այժմ անկախության կորստի վտանգ չի տեսնում: Սակայն մյուս կողմից վստահ է` կան բացասական միտումներ: Հարցին` ի՞նչ միտումների մասին է խոսքը, Հակոբյանն ասաց. «Դե, հարցն այն է, որ մեր իշխանություններն ամենալավ ձեւով չէ, որ աշխատում են: Այսինքն` ունեն թերություններ ներքին, արտաքին խնդիրներում, տնտեսական հարցերի լուծման մեջ: Բայց անկախության վտանգին դա չի վերաբերում»:

Իսկ ո՞րն է իշխանության ամենամեծ սխալը` կատարած անկախության տարիներին. «1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո փոխվեցին մոտեցումները, եւ դա համարյա բոլոր բնագավառներում. քաղաքական կյանքը, իշխանության ձեւավորման համակարգը, տնտեսական կյանքը. անմրցակցային տարբերակ, իշխանությունների համար հեշտ յոլա գնալու տարբերակ: Դա ամենամեծ թերությունն է, որը չի նպաստում զարգացմանը»:

Հակոբյանը վստահ է, որ հոկտեմբերի 27-ից հետո փոխվեցին քաղաքական կուրսը, մոտեցումը: «Գնում էր ազատ հասարակարգի ստեղծման գործընթաց` իր բոլոր թերություններով հանդերձ: Բայց 99-ից հետո գնաց գերկենտրոնացման համակարգի ստեղծման ընթացքը: Զարգացումն ահավոր դանդաղեց, իսկ ոչ մրցակցային պայմաններում զարգացում լինել չի կարող»:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամներից եւս մեկը` Աշոտ Մանուչարյանը, իր տեսակետն ունի, թե ինչու է իշխանությունն այսչափ անտարբեր մեր անկախ պատմության ամենալուսավոր էջերից մեկի նկատմամբ: «Այս տարիների ընթացքում ժողովրդին ստիպում էին մոռանալ այդ շարժումը, բոլոր ստորությունները վերագրում էին դրան»: Իսկ թե ինչու են իշխանության մեջ եղած մարդկանցից ոմանք փորձում մոռանալ այդ շրջանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամն այսպես է բացատրում. «Շարժման մեջ դավաճաններ կային. նրանք այն ժամանակ այդ ոգին կրողն էին, բայց հետո կեղծ դարձան: Այդ մարդիկ չեն ուզում հիշել իրենց անցյալը: Այսինքն` եթե հիշեն, մտածելու են` ո՞նց, մենք ա՞յդ էինք, հիմա ա՞յս ենք դարձել: Եվ որքան ցեխ են շպրտում շարժման վրա…»:

Հարցին` հնարավո՞ր է դարձի բերել այդ մարդկանց, Մանուչարյանն ասաց. «Հնարավոր է: Դու այսօր արքա ես, առաջինն ես, հետո դառնում ես վերջինը: Այդ ժամանակ հնարավոր է դարձի բերել: Իսկ հիմա պարզապես արքայի գահին շպրտված արքայիկ են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ում պատիվ է վիճակվել ընթերցելու անկախության հռչակագիրը, բնական է համարում, որ իշխանությունը պատշաճ չի նշում ղարաբաղյան շարժման 30-ամյա հոբելյանը: «Իրենց համար արժեք չի ազատությունը, անկախությունը: Իրենք ըմբոստ մարդ չեն: Իսկ երկրի տերն ըմբոստ քաղաքացին է: Գետերը, ջրերը, շենքերը չեն երկիրը, այլ մարդիկ, արժանապատիվ քաղաքացին»: Մանուկյանը շեշտեց, որ ղարաբաղյան շարժումն այն ժամանակ իսկական իրարանցում էր առաջացրել` դրական իմաստով. ցնցել էր աշխարհը, սովետական իմպերիայի փլուզումն էլ այդտեղից սկսվեց:

Ի դեպ, այսօր` ժամը 18.00-ին, արցախյան շարժման 30-ամյակի առթիվ Ազատության հրապարակում կանցկացվի «Հայ ազգային կոնգրեսի» կազմակերպած հավաքը, որի ընթացքում կներկայացվեն շարժմանն առնչվող լուսանկարներ, արխիվային նյութեր: Գործիչը նշեց, որ հրավիրված են բոլորը: «Ովքեր խռովել են, ովքեր նեղացել են, մենք բոլորին հրավիրում ենք: Թող գան իրենց երեխաների, թոռների հետ»: Հարցին` իշխանությա՞նն էլ են հրավիրում, Մանուկյանն արձագանքեց. «Մենք ոչ ոքի հատուկ չենք հրավիրում: Ով ուզում է` թող գա: 30-ամյա պատմության փաստերը կտեսնեն»:

Հ.Գ. Մեկ առ մեկ հիշենք «Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամների անունները` Լեւոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Աշոտ Մանուչարյան, Համբարձում Գալստյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Սամվել Գեւորգյան, Դավիթ Վարդանյան, Ալեքսան Հակոբյան:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս