Երեկ արտառոց դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը հայտնեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, հրահանգել է իր թեմակիցներին հարձակվել իր վրա եւ առեւանգել: Ըստ մեր զրուցակցի` պատճառը 3 միլիոն 200 հազար դրամն է: Նշենք, որ Համլետ Ներսիսյանի հարազատ եղբայրն էլ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանն է:
Եվ այսպես` armlur.am-ը գրել էր, որ Ռաֆայել Մխիթարյանի վրա հարձակումը եղել էր ժամը 10:35-ի սահմաններում, եւ վերջինս մի կերպ ազատվելով իր վրա հարձակված տղաներից` օգնության էր կանչել մտերիմներին: Հետո ահազանգել է ոստիկանության Էջմիածնի բաժին եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռաֆայել Մխիթարյանը պատմեց, որ 2013 թվականին Ոսկեհատ գյուղում գտնվող «Լի գազ» ՍՊԸ-ում մոտ 10 հազար դոլարի ներդրումներ է իրականացրել: Ըստ մեր զրուցակցի` ավելի ուշ հայտնվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, եւ ցանկություն է հայտնել գնել «Լի գազ» ՍՊԸ-ն: «Այդ ժամանակահատվածում ես գազալցակայանի կասսայից 3 միլիոն 200 հազար դրամ գումար էի վերցրել իմ կարիքների համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազալցակայանում ներդրում եմ արել, եւ այդ դրամարկղից վերցրած գումարը դուրս կգա իմ ներդրումների գումարից ու պարտք ու պահանջի հարցը կկարգավորենք: Ես Համլետ Ներսիսյանին ասեցի, որ կասսայից գումար ունեմ վերցրած, բայց ավելացված արժեքի հարկից գոյացել է մոտ 4 միլիոն դրամ, ու խնդրեցի, որ կասայից վեցրած իմ գումարը հանենք այդ ԱԱՀ-ից»:
Բայց Ներսիսյանը պարտքի մարման այս տարբերակի հետ չի հաշտվել եւ որոշել է հետ ստանալ իր գումարը: «2016 թվականին զանգ եկավ ինձ, ու Համլետ Ներսիսյանը ինձ ասում է, թե ինչ եղավ փողը, ասում եմ` ի՞նչ փող, ես բացատրեցի, որ քեզ 4 միլիոն ավելացված արժեքի հարկ եմ թողել, երկու տարի է անցել, նո՞ր ես ինձ հիշում: Բա` տենց բան չկա, 4 միլիոնը չկա, իսկ ես էլ բացատրեցի, որ ես գումար չունեմ տալու»:
Պարտքի շուրջ խոսակցությունները Ռաֆայել Մխիթարյանի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդու` Համլետ Ներսիսյանի միջեւ գնալով ավելի են սրվել: «2017 թվականի հուլիս-օգոստոսին ինձ զանգահարում են իմ արտերը ջրող աշխատակիցները եւ հայտնում են, որ Համլետ Ներսիսյանն է եկել եւ հարցնում է, թե ես ուր եմ, ու աշխատակիցներիս ասում է, որ փողի դիմաց խոտի տուկերը բարձում է, տանի: Ես այդ ժամանակ զգուշացրի` եթե նման բան անեն, ես իրավապահներին հանցագործության մասին հաղորդում կտամ»:
Մեր զրուցակցի պնդմամբ` Ներսիսյանի հարազատ եղբայրն էլ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանն է, եւ այդ հանգամանքն իր դերն է խաղացել: Խնդիրը մնացել է չլուծված, ու բանը հասել է հարձակմանն ու պարտապանի առեւանգմանը. «Հորեբայրս էր մահացել, մեքենա էի վարձակալել, որ այդ մեքենայով գնամ հուղարկավորությանը: Գնում եմ տաքսիով այն վայր, որտեղից պետք է վարձու մեքենան վերցնեմ, ու այդ պահին Մրգաստանցի Գեւորիկը եւ Սպարտակ Թամրազյանը, որոնք Համլետ Ներսիսյանի մարդիկ են, մեքենայով կտրում են տաքսու ճանապարհը, խփեցին գլխիս, ես սկսեցի իրենց հարվածներից պաշտպանվել:
Ամեն ինչ անում էին, որ ինձ նստացնեն իրենց մեքենան: Ազատվելով դրանցից` վազել եմ 500-600 մետր, զանգել եմ կնոջս մորը ու խնդրել` օգնության հասնեն, նա մեքենայով հասել է, ու ասել եմ` արագ քշի ոստիկանության էջմիածնի բաժին, այդ ընթացքում այդ տղաները մեքենաներով ճանապարհս կտրում էին: Ինչեւէ, մեքենայով ինձ հասցնում են ոստիկանության Էջմիածնի բաժին: Ես կատարվածի մասին հայտնեցի ոստիկանությունում եւ նշեցի, որ իմ վրա հարձակված տղաները կոնկրետ եկել էին Համլետ Ներսիսյանի հրահանգով, քանի որ երբ ես փախչում էի, հարձակվողներից Սպարտակը հեռախոսով ասում է, թե Համլե՛տ, փախնում է, շուտ հասի՛:
Ավելին` այս դեպքից մի քանի օր առաջ Համլետ Ներսիսյանը անձամբ զանգել է ինձ ու ասել, որ այնպես չանես` քեզ բերեն մոտս: Ես դիմում եմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ խնդրում քայլեր ձեռնարկել, որ այս գործը քննվի Երեւանում, քանի որ ես չեմ վստահում ոստիկանության էջմիածնի բաժնին: Ոնց վստահեմ, երբ ինձ վրա հարձակվողները ոստիկանության շենքը շրջափակելով` ներքեւից հաթաթա են տալիս, թե բան գրեցի, կտենաս` ինչ կլինի, ու ոստիկանները ոչինչ չէին անում»:
Ավելին` ինչպես հայտնեց Ռաֆայել Մխիթարյանը` դեպքից հետո իրավապահների հետ գնացել է դեպքի վայր, որտեղ տեսախցիկներ կային, ու կարող էին արձանագրել կատարվածը, սակայն պարզվում է, որ տեսախցիկները չեն աշխատում: Ըստ նրա` իրեն դատաբժշկական փորձաքննության են ենթարկել, որից հետո էլ պարզ կլինի, թե վնասվածք ստացե՞լ է, թե՞ ոչ:
«Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է լսելու երկրորդ կողմի պարզաբանումը եւս:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ