Վրացական փողոցում պայթյունից հետո մասնագիտական խումբ է ստեղծվել. ով կփոխհատուցի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Երևանի Վրացական փողոցում: Դեպքից հետո վնասվել էին ավտոմեքենաներ, տարհանվել մարդիկ: Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը լրագրողներին հայտնել է, որ այս պահին մասնագիտական խումբ է ստեղծվել, որը պետք է պարզի տեղի ունեցածի պատճառները:

«Եզրակացությունից հետո ձեռնամուխ կլինենք հետագա աշխատանքներին: Այժմ լիազորված մարմինների՝ ԱԻՆ-ի տեսչության, ոստիկանության կողմից իրականացվում է հետաքննություն: Սա զուտ մասնագիտական աշխատանք է, որի արդյունքում կպարզվեն տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները»,-նշել է նա:

Լրագրողների հարցին, թե ով է փոխհատուցելու վնաս կրած բնակիչներին, փոխքաղաքապետը պատասխանեց. «Պատճառները պարզելուց հետո ի հայտ կգա, թե ում պատճառով է եղել, ով է պատասխանատու: Երբ կպարզվեն պայթյունի պատճառները, ըստ այդմ էլ օրենսդրորեն կառաջանա թե պատասխանատվության, թե փոխհատուցման հարցը: Մինչ այդ այս պահին ձեռնամուխ ենք լինելու աջակցել այն մարդկանց, ում տան ապակիները փշրված են հարակից շենքում, հետնամասի շենքում»:

Նա հայտնեց, որ շենքի այդ մուտքում ընդամենը 14 բնակարան է, որից վնասվել է 4-ը. «Երկուսը թեթեւ մասնակի են վնասվել, միայն մուտքի դռներն են, իսկ հիմնական վնասը կրել է այն բնարականը, որտեղ եղել է փլուզումը, դրա վերեւի բնակարանը եւ դիմացի հատվածը»:




Լրահոս