ՀՀԿ-Ի ՀԱՄԱՐ ՀՅԴ-Ի ՊԱՀՎԱԾՔԸ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն օրեր առաջ ամփոփել էր կոալիցիայի արդյունքները եւ խոսելով ձեռքբերումների մասին` մատնանշել, թե դեռ շատ անելիքներ կան: Ընդ որում, հայտարարությունից այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե ՀՅԴ-ն ամեն կերպ փորձել է կոալիցիայի ձեռքբերումները վերագրել իրեն: Նրանք փորձում են դրականը վերագրել իրենց` բացասականի համար պատասխանատվությունը թողնելով ՀՀԿ-ին:

Իսկ նախօրեին էլ լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսել էր նաեւ ընտրական համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին, այդ թվում` վարկանիշային համակարգի վերացման, որի մասին օրենսդրական նախագիծ դեռ տարեվերջին ներկայացրել էր նաեւ «Ծառուկյան» խմբակցությունը:
Ինչո՞ւ է այս փուլում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը նման պահվածք ցուցաբերում, եւ ինչպե՞ս են դրան վերաբերվում ՀՀԿ-ականները: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ:
-Պարո՛ն Մելիքյան, «Ծառուկյան» խմբակցությունը վարկանիշային համակարգից հրաժարվելու առաջարկությամբ է հանդես եկել: Ինչպե՞ս է ՀՀԿ-ն վերաբերում այս առաջարկին:
-Այդ հարցի քննարկումները մեզ մոտ եղել են դեռեւս նախորդ ընտրությունների նախընտրական շրջանում, երբ որ օրենսդրական փոփոխություններ էինք կատարում նախորդ ընտրական օրենսգրքի մեջ, եւ, այսպես կոչված, ռեյտինգայինը մտցվեց քննարկումների արդյունքում: Ես այն կարծիքին եմ եւ եղել եմ այն կարծիքին, որ այս համակարգը բավականին լուրջ հնարավորություններ է տալիս նաեւ տարածաշրջաններում մեր ժողովրդին` իր ցանկությամբ, իր ընտրությամբ ԱԺ դահլիճում տեսնել նրան, ում ինքը տալիս է իր ձայնը, ում ինքը տալիս է իր գերապատվությունը: Պարզ համամասնական ցուցակներում նման հնարավորություն գոյություն չունի, եւ քաղաքական ուժերի ղեկավարությունն է որոշում` ով պետք է լինի ԱԺ պատգամավոր, եթե տվյալ քաղաքական ուժը քվեարկության արդյունքում հայտնվում է Ազգային ժողովում: Այսինքն` սա նաեւ ժողովրդի կողմից ընդունելի տարբերակ է, եւ տեսանք` ինչպես նաեւ արդարացրեց իրեն: Բացարձակապես որեւէ խախտումներ չգրանցվեցին, այդ մասին են հուշում նաեւ բոլոր միջազգային կառույցների կողմից հետընտրական զեկույցները:
-Այսինքն` ընտրական օրենսգրքի փոփոխության համար հիմքեր չե՞ք տեսնում:
-Ո՛չ, հիմքեր չեմ տեսնում: Սրանք ընդամենը սովորական քաղաքական շահարկումներ են:
-Ռեյտինգային համակարգից հրաժարվելու մասին նախօրեին խոսել է նաեւ Ձեր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ստացվում է՝ իրենք ե՞ւս շահարկումներ են անում:
-Այո՛, եւ դա զարմանալի չէ, որովհետու քաղաքական ցանկացած ուժ ունի նաեւ իր նպատակներին հասնելու տարբեր ճանապարհներ, եւ փորձում են փնտրել, գտնել այդ ճանապարհները բանակցային գործընթացով կամ քննարկումների ձեւով: Ցանկացած կարծիք մեզ համար ընդունելի է, ցանկացած քննարկում ընդունելի է, եւ եթե կարծիք լինի քննարկումների սեղանի շուրջ նորից եզրակացություններ հանգելու, մենք կգանք դրանք:
-Օրեր առաջ ՀՅԴ ԳՄ-ն նաեւ ամփոփելով ՀՀԿ-ի հետ կոալիցիայի արդյունքները` նշել է, թե աշխատանք կա տանելու, եւ բացթողումների համար մեղադրել էր հենց Ձեզ` ՀՀԿ-ին: Ինչպե՞ս եք վերաբերում Ձեր կոալիցիոն գործընկերոջ քննադատությանը:
-Ես ծանոթ եմ հայտարարությանը, եւ եթե ճիշտն եք ուզում իմանալ, մենք նախքան կոալիցիա ձեւավորելու ժամանակաշրջանում, նաեւ բանակցությունների ընթացքում նման խոսակցություններ ունեցել ենք: Սովորաբար քաղաքական ուժերը միշտ ցանկանում են այն լավը, ինչ իրականացվել է գործունեության ընթացքում վերագրել իրենց, իսկ վատը թողնել կոալիցիայի անդամ մյուս քաղաքական ուժին: Սա ընդունելի չէ որեւէ քաղաքական ուժի համար, եւ կարող եմ ասել` ե՛ւ լավի, ե՛ւ վատի համար պատասխանատու են կոալիցիոն քաղաքական ուժերը` երկուսը միասին: Եվ դա էլ հենց ամրագրված է կոալիցիոն հուշագրում: Մենք չենք ասում, թե թերություններ չեն եղել, մենք չենք ասում, թե աշխատանքներ չունենք անելու, բայց նաեւ պետք է գնահատենք այն լավը, որ կատարվել է այս մեկ տարվա ընթացքում եւ նաեւ մատնանշենք այն անելիքները, որ պետք է արվեն առաջիկայում:
-Իսկ նրանց կողմից հնչող քննադատությունները կարո՞ղ են ազդեցություն ունենալ կոալիցիայի հետագա գործունեության վրա:
-Չեմ կարծում, թե կարող է որեւէ ազդեցություն ունենալ, ուղղակի սովորական քաղաքական քննարկումներ են: Եվ դրանց հետեւանքը կարող են լինել նաեւ նմանատիպ հնչեցված երեւույթները, առաջարկությունները:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԱՊՊԱ ԳՈՐԾԱԿԱԼԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈ՞Ղ

Քաղաքացիները հաճախ են դժգոհում ապահովագրական գործակալությունների անվերջ զանգերից: Բանն այն է, որ ՀՀ քաղաքացին ապահովագրական գործակալություններից մեկում ապահովագրում է մեքենան, սակայն հետո սկսում է զանգեր ստանալ մեկ այլ գործակալությունից, որի ներկայացուցիչներն առաջարկում են իրենց ծառայությունները: Այլ կերպ ասած` ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները դյուրին կերպով հասու են դառնում ապահովագրական կազմակերպությունների ամենատարբեր մասնաճյուղերի աշխատակիցներին: Սա նշանակում է, որ մարդկանց անձնական տվյալները պաշտպանված չեն եւ հեշտությամբ կարող են դառնալ ուրիշների սեփականությունը:

Խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գեւորգ Հայրապետյանի հետ:
-Պարո՛ն Հայրապետյան, ինչո՞ւ են քաղաքացիների անձնական տվյալները հասանելի դառնում տարբեր ապահովագրական գործակալությունների: Խոսքը բջջային հեռախոսահամարի եւ անուն-ազգանվան մասին է:
-Դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին: Անձնական տվյալները գործակալություններին տարբեր միջոցներով կարող են հասանելի դառնալ: Եվ այս պարագայում չենք կարող միանշանակ ասել, որ տեղի է ունեցել անձնական տվյալների խախտում: Կախված այն հանգամանքից, թե ինչ միջոցով են ձեռք բերվել անձնական տվյալները, կարող ենք խոսել պատասխանատվության ենթարկելու հարցի մասին:
-Այս դեպքում պատասխանատվության հարցը պետք է քննարկի գործակալությո՞ւնը, թե՞ այլ կառույց:
-Այս պարագայում լիազոր մարմինը մենք չենք: Մեր գործակալությունը կարող է միայն խորհրդատվություն տրամադրել: Իսկ մնացած հարցերով պատասխանատուն Կենտրոնական բանկն է եւ ավտոապահովագրողների բյուրոն: Մյուս կողմից դժվար է ասել` զանգահարողները ապահովագրական գործակալություննե՞րն են, թե՞ գործակալները:
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը ԿԲ վրայից գցեց պատասխանատվությունը` ասելով, որ այդ հարցով ավտոապահովագրողների բյուրոն է պատասխանատու: «Կենտրոնական բանկը բյուրոյի «կոմունիկատորն» է: Սակայն բյուրոն առանձին իրավասու է այդ հարցերին պատասխանել»,-նշեց ԿԲ ներկայացուցիչը:
Ավտոապահովագրողների բյուրոյի գործառնությունների գծով տնօրենի առաջին տեղակալ Արտյոմ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շեշտեց, որ այս խնդրի շրջանակում մի քանի բողոքներ ստացել են: Դիմած քաղաքացիներին խնդրել են իրենց համաձայնությունը տալ, որպեսզի բյուրոն դիմի դատախազություն, եւ գործ հարուցվի, սակայն Նազարյանի խոսքով` քաղաքացիները չեն համաձայնել:
-Պարո՛ն Նազարյան, իսկ ի՞նչ կերպ են քաղաքացիների անձնական տվյալները հասանելի դառնում տարբեր ընկերությունների:
-Չեմ կարող ասել: Մենք մեր համակարգում բոլոր անվտանգության կանոնները պահում ենք: Այդ անձը, որ զանգահարում է մարդկանց, կարող է լինել մի կազմակերպության գործակալ, որը, տիրապետելով տվյալներին, ներկայանում է այլ ապահովագրական գործակալության անունից:
-Այս պարագայում չե՞ք կարծում, որ պատասխանատվության միջոցների կիրառման կարիք կա, որպեսզի տվյալ գործակալն այլեւս չփորձի նման քայլ կատարել:
-Այո՛, պետք է գործակալն իմանա, որ դա խնդրահարույց հարց է: Մենք հորդորում ենք նաեւ քաղաքացիներին իրավապահ մարմիններին դիմել: Բացի այդ, զանգահարողից ճշտեն, թե որտեղից են ձեռք բերել իրենց տվյալները:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ԿՐԿԻՆ ԳՈՐԾԱԴՈՒԼ
Փաստաբաններին մինչեւ 100 հազար դրամով տուգանելու դրույթը, որը դատական օրենսգրքից հանվեց, շարունակում է անհանգստացնել փաստաբաններին: Բանն այն է, որ այն ներառվելու է դատավարական օրենսգրքում, որն արդեն քննարկվել է ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում: Երեկ Փաստաբանների պալատում թեմայի շուրջ գործադուլ-քննարկում էր, ընդ որում՝ նրանք պատրաստվում են այդպիսի գործադուլ-քննարկում իրականացնել նաեւ այսօր: Ավելին` երեկ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը խորհրդարանում հանդիպում է ունեցել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ եւ ներկայացրել այն փաստարկները, որոնց պատճառով տուգանելու դրույթն անընդունելի է: Չնայած այս առումով խմբակցությունում դեռ վերջնական քննարկում չի եղել, սակայն պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե սկզբունքորեն կողմ են Արա Զոհրաբյանի դիտարկումներին: Այսօր էլ Զոհրաբյանը հանդիպում կունենա ՀՅԴ խմբակցության անդամների հետ:

 

 

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԴԱՏԻ Է ՏԱԼԻՍ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Ուսանողները վարձավճարները չվճարելու պատճառով հայտնվել են դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով ուսանողներ Գոհար Զարոյանից, Լուսիկ Պետրոսյանից գանձել ուսումնառության վարձավճարը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նրանց ընդհանուր պարտքը կազմում է 1 միլիոն 240 հազար դրամ: Ավելին` բուհը այսքանով չի բավարարվել եւ միջնորդություն է ներկայացրել, որ ուսանողների գույքի եւ եկամուտների վրա արգելանք դրվի, սակայն գործը նախագահող դատավոր Ավագ Գաբրիելյանը մերժել է հիմնադրամի միջնորդությունը: Նշենք, որ այս նույն բուհը միայն այս ուսանողների մասով չի դիմել դատարան, այլ ուսանողներ Աշոտ եւ Արսեն Մաթոսյաններից եւս պահանջում է գանձել ուսման վարձավճարը, որը կազմում է 840 հազար դրամ:

 

 

Ի ՎԵՐՋՈ ՀԱՆՐԱՅՆԱՑՐԵՑ
ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վերջապես ներկայացրել է իր պաշտոնական հայտարարագիրը, որը երկար ժամանակ չէր ներկայացնում: Այս մասին անգամ «Ժողովուրդ» օրաթերթը շաբաթներ առաջ գրել էր: Կարելի է ասել, որ մեր հրապարակումից հետո նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագիրը: Ըստ այդմ՝ երիտասարդ քաղաքապետն ունի հասարակական նշանակության մեկ շինություն, երկու հողամաս եւ «Toyota Camry 2.5 GAS», «Mercedes-Benz GLK 200» մակնիշի ավտոմեքենաներ: Նա հայտարարագրել է, որ ունի 7.4 մլն դրամ, 3300 դոլար եւ 7200 եվրո: Տեղեկացնենք, որ Մասիսի քաղաքապետը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է:




Լրահոս