ԻՆՉՈ՞Ւ Է ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՄԱՏՆՎԵԼ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հետ, ով հայտնի է «Նահապետ», «Հույսի աստղ», «Հին օրերի երգը», «Հին աստվածներ» ֆիլմերում իր դերակատարմամբ։

-Պարո՛ն Մանուկյան, ինչո՞ւ թատրոնում Ձեզ նոր դերերում չենք տեսնում։ Տեւական ժամանակ է՝ ընդամենը երկու ներկայացման մեջ եք խաղում։
-Ինձ նման դերասաններից շատերն այսօր սպասողական վիճակում են, հատկապես, եթե իրենք նախաձեռնող չեն, չեն ասի` ինձ դեր տվեք եւ այլն։ Ես, այսպես ասած, նախահարձակ չեմ լինում, եւ հետո խաղացանկն էլ այնպիսին չէ, որ ասեմ` այս դերը ես ինչպե՜ս կխաղայի ու հետո պահանջ ներկայացնեմ թատրոնի ղեկավարությանը, որ այդ դերն ինձ տան։ Չէ, հիմնականում ջահելներին են զբաղեցնում, նրանց խաղն էլ այն մակարդակի չէ, որ պետք է լիներ։ Այս պարագայում ստիպված լոյալ դիրք եմ գրավում, տարիներն անցնում են, իսկ ես պարապուրդի մեջ եմ։
-Կարելի՞ է ասել, որ կոմերցիան մտավ նաեւ թատրոն եւ իր գործն արեց։
-Իհարկե, դա էլ կա։ Այնինչ` հանդիսատեսին պետք է բարձրացնել, ոչ թե թատրոնն իջեցնել հանդիսատեսի մակարդակին։ Հանդիսատեսն, իհարկե, սիրում է ծիծաղել, բայց կոմեդիան էլ լուրջ բան է, պետք է լուրջ խաղալ, ոչ թե կապիկություն անել, չէ՞ որ ծիծաղելի է իրավիճակը, ոչ թե դերասանի կապիկությունը։ Եվ հետո` կոմերցիոնը կոմերցիոն, բայց լինում է այնպես, որ լավ ներկայացում չի բեմադրվում, ու դա խաղացանկից չի հանվում. ինչո՞ւ, որովհետեւ փող է ծախսվել։ Բա այդ փողը չհանե՞ն։ Այդպես է լինում, որ հանդիսատեսին կիսաֆաբրիկատ է ներկայացվում։
-Ձեր ասածից կարելի է ենթադրել, որ գեղարվեստական խորհուրդներն էլ ձեւական բնույթ են կրում։
-Այո՛ , այո՛։
-Իսկ գեղարվեստական ֆիլմերից հրավերներ ունենո՞ւմ եք։
-Ես նույնիսկ չգիտեմ, թե այդ դաշտում ի՞նչ է կատարվում։ Միայն գիտեմ, որ ռեժիսոր Մհեր Մկրտչյանն է արցախյան թեմաներով ֆիլմեր նկարահանել, բայց այնքան բարեկիրթ չեն գտնվել, որ գոնե ինձ կանչեին դրանց պրեմիերաներին։ Երեւի մտածում են՝ տարիքս առել եմ, բայց ասեմ, որ ես իմ տարիքն առայժմ չեմ զգում։ Միշտ բերում եմ ֆուտբոլի օրինակը։ Երբ թիմում նոր, երիտասարդ ֆուտբոլիստ է հայտնվում, նրա կողքի լավ խաղացող, մի քիչ տարիքով ֆուտբոլիստին չեն հանում, որովհետեւ այդ վերջին ֆուտբոլիստի հետ խաղալն ինքնին մի մեծ դպրոց է։ Իսկ մեր ոլորտում այդպես չէ։ Նայում եմ սերիալներ ու տեսնում եմ պարզապես տեքստ ասող դերասանների՝ չապրված խոսքով։ Բայց այն, ինչ ասում ես բեմից կամ էկրանից, պետք է ապրված լինի։ Բանն այն է, որ այդ մարդիկ չեն անցել այն դպրոցը, որը ժամանակին անցել ենք մենք։ Այնպիսի գլխաձայնով են միմյանց հետ խոսում, որն առօրյայում բացակայում է, կամ այն մակարդակի զրույցներ են վարում, որոնք ասոցացվում են ոչ թե անմիջականության, այլ փողոցային կենսակերպի հետ։«Ապե, գիդես, ջոգում ես»-ով խոսելն ամենեւին էլ բնականություն չի։
-Նախկինում Ձեզ տեսնում էինք սերիալներում, հիմա ոչ։ Ինչո՞ւ։
-Սերիալների մասով տառապանքս փորձ ունի։ Եկել եմ այն եզրակացության, որ պահանջկոտ դերասաններ հեռուստաընկերություններին պետք չեն։ Այսօր դերասանին տալիս են սցենարը եւ պահանջում են հենց այդ պահին նկարահանվել, եւ եթե ես ասում եմ, որ մի երկու օր շուտ տան սցենարը, արդեն իրենց ձեռնտու չեմ։ Նրանք որակ ապահովելու խնդիր չունեն։ Սերիալներում չնկարահանվելու պատճառներից մեկն էլ իմ պրեստիժի հարցն է։ Հաճախ հրաժարվել եմ նկարահանվել, քանի որ հոնորարը ինձ չի գոհացրել. ունեմ սահմանած նշաձող, որը չեմ ուզում իջեցնել։ Երեւի այս պատճառներից ելնելով՝ խոսակցություններ են տարածում, թե Գուժ Մանուկյանին առաջարկ չանեք, նա պահանջկոտ է, եւ այլն։
-Պարո՛ն Մանուկյան, այսօր ունե՞նք բոհեմական միջավայր, որտեղ կհավաքվեն արվեստագետներ, կխոսեն իրենց հուզող հարցերից։
-Չէ՛, չէ՛, մոռացեք այդ մասին։ Կարող է` մի քանի հոգի նստեն, մի երկու բան քննարկեն եւ վերջ։ Բայց նախկինում ուրիշ մակարդակ էր, դերասանական ուրիշ խումբ էր հավաքվում։ Իսկ այսօր, հավատացեք, նայում եմ սերիալներ ու դերասանների 90 տոկոսին չեմ ճանաչում։ Ասում եմ` լավ, սա ո՞վ է, ո՞ր թատրոնից է, ինչո՞ւ է այսպես խոսում։ Դրանից հետո խխունջի նման քաշվում ես պատյանիդ մեջ, որ ոչինչ չտեսնես։ Մտածում եմ՝ ես իմ արածն արել եմ, եթե հնարավորություն լինի՝ էլի կանեմ, եթե ոչ՝ ոչ։
-Երկրպագուները հաճախ հետաքրքրվում են Ձեր առողջական վիճակով, հատկապես 2014-ի վիրահատությունից հետո։
-Ես երախտապարտ եմ իմ հանդիսատեսին, որ ամեն քայլափոխի՝ կլինի փողոցում, թե խանութում, հետաքրքրվում է իմ առողջությամբ, երկար կյանք է մաղթում ինձ։ Դա ինձ համար ամեն ինչ է, լավագույն վարձատրությունը։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ 87 ԱՆԳԱՄ ԴԻՏԵԼ Է ՆՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Պաշտոնյաների մշակութային նախասիրությունները» խորագրով շարքը։ Մենք սովոր ենք քաղաքական գործիչներին տեսնել փողկապներով, ամբիոնների առջեւ, այնինչ` շատերն ունեն նաեւ մշակութային նախասիրություններ, ավելին՝ ոմանք արվեստի ոլորտում հաջողությամբ դրսեւորվում են նույնիսկ պրոֆեսիոնալ մակարդակով։

Այս անգամ մեր զրուցակիցն ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն է։ Ոչ բոլորը գիտեն, որ նա իր առաջին մասնագիտությամբ թատերագետ է, տեղական եւ արտերկրի մշակութային պարբերականներում հրապարակված թատերագիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակ, սակայն թատերագիտությամբ պրակտիկորեն չի զբաղվել. «Անկեղծ ասած՝ չեմ ափսոսում դրա համար։ Երբ ուսանելու տարիներին պրակտիկա էինք անցնում Մոսկվայում, մասնավորապես՝ Լենինյան կոմերտմիության թատրոնում, տեսա մի շարք ֆանտաստիկ ներկայացումներ, մասնակցեցի «Համլետի» բեմադրությանը, տեսա Օլեգ Յանկովսկու, Իննա Չուրիկովայի խաղը՝ ամենաբարձր որակի։ Դրանից հետո, պետք է խոստովանեմ, Հայաստանում թատերագիտությամբ զբաղվելու ցանկությունն ինձ մոտ իսպառ մարեց։ Ուստի Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո անմիջապես սկսեցի իմ լրագրողական գործունեությունը»,-մեկնաբանեց տիկին Զոհրաբյանը։
Եվ, այնուամենայնիվ, մինչեւ հիմա, երբ պատգամավորը գնում է թատրոն, ներկայացումը դիտում է թատերագետի աչքով։ Մեր զրուցակիցը խոստովանեց, որ մասնագիտական այդ աչքը իրեն օգնում է նաեւ լրագրության մեջ՝ ամեն ինչին քննադատորեն մոտենալու համար. «Թատերագետ լինելն ինչ-որ առումով խանգարում է կենտրոնանալ ներկայացման վրա, քանի որ կեղծիքն անմիջապես զգում եմ։ Ես ինձ համարում եմ էսթետ մարդ, եւ կեղծիքն ինձ պարզապես նյարդայնացնում է։ Եթե նույնիսկ կեղծ է խաղում ներկայացման երկրորդական դերակատարը, միեւնույն է, ես լքում եմ դահլիճը»,-ասաց տիկին Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով՝ քիչ ներկայացումներ կան, որոնք պրոֆեսիոնալ ռեժիսուրայի, սցենարի եւ դերակատարության առումով կարելի է հաջողված սինթեզ համարել. «Դրամատիկական թատրոնն, օրինակ, մի ներկայացում ուներ՝ Գորինի «Մոռանալ Հերոստրատին»-ը, ես այն դիտել եմ 87 անգամ։ Հերոստրատի կերպարը կերտում էր Վլադիմիր Մսրյանը։ Դա փառահեղ մարմնավորում էր»,-հիշեց նա՝ հավելելով, որ ամուսնու՝ թարգմանիչ Սամվել Մկրտչյանի մահից հետո՝ 2014 թ. ի վեր, թատրոն եւ կինո չի այցելել։
Նաիրա Զոհրաբյանին, ի դեպ, խորթ է բոհեմական միջավայրը։ Նա իրեն համարում է պրագմատիկ մտածողությամբ մարդ. «Չեմ կարող ինձ թույլ տալ սրճարանում նստելու, արվեստից, գրականությունից խոսելու շռայլություն։ Այդ պատճառով էլ ընտրեցի լրագրությունը՝ կոնկրետ եւ հստակ մասնագիտություն»,-եզրափակեց պատգամավորը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԿԱՎԱՐՏԻ
Այս օրերին Երեւանում է պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ, մի քանի վարկածով աշխարհի տիտղոսակիր եւ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը: Վերջին շրջանում պրոֆեսիանալ ռինգում Վիկ Դարչինյան անունը գրեթե բացակայում է: Բռնցքամարտիկը մարզիկի կարիերան ավարտելու եզրին է:
«2017թ. սկզբին արդեն ավարտել էի կարիերաս, չնայած այդ մասին չէի հայտարարել: Բայց Ռուսաստանից առաջարկ ստացա մենամարտել Եվգենի Գրադովիչի հետ, որն աշխարհի չեմպիոնի գոտի ունի: Տեղեկացրեցի, որ ավարտել եմ կարիերաս, բայց եթե 20 օր ժամանակ տան, վերջնական կպատասխանեմ: Հասկացա, որ պատրաստ եմ: Որոշեցի մենամարտել Գրադովիչի հետ: Նրանք խնդրեցին մենամարտիս տեսագրությունն ուղարկել, սակայն նայելուց հետո հետ կանգնեցին: Նրանք մտածում էին, որ տարիքով եմ, չեմ կարող պայքարել: Հավանաբար վախեցան գոտին կորցնել: Երկար ժամանակ Գրադովիչը հրաժարվում էր ինձ հետ մենամարտել: Դրա համար երբ առաջարկ ստացա, սկսեցի մտածել այդ ուղղությամբ: Հիմա էլ, եթե ցանկանա, ես կհամաձայնեմ: Պատրաստ եմ մենամարտել միայն չեմպիոնական գոտու համար: Մինչեւ այս տարվա կեսը կսպասեմ, եթե լավ առաջարկ չեղավ, բռնցքամարտիկի կարիերաս կավարտեմ»,-պատմել է Վիկ Դարչինյանը:
Իսկ թե մարզիկի կարիերայի ավարտից հետո ինչով կզբաղվի, նա դեռ չի որոշել:

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Լոնդոնի «Արսենալի» նորեկ Պիեր-Էմերիկ Օբամեյանգն իր հարցազրույցում հայտարարել է, թե «Արսենալ» է տեղափոխվել, քանի որ նույն ակումբն ընտրել է նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը. «Հենրիխն ինձ զանգահարել է մի քանի անգամ ու հարցրել, թե արդյո՞ք տեղափոխվելու եմ «Արսենալ»: Ես պատասխանեցի, որ ամեն ինչ կախված է նրանից, եւ եթե նա ընտրի «Արսենալն», ապա ես նույնպես նման որոշում կկայացնեմ: Մխիթարյանն ասաց, որ գործարքը կայացած է: Դա չափազանց կարեւոր պահ էր իմ տեղափոխության հարցում: Սա ընտանիքի վերամիավորման պես մի բան է: Ուրախ եմ, որ մենք կրկին միասին ենք»,- ասել է երիտասարդ ֆուտբոլիստը:




Լրահոս