ԵՐԲԵՄՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆ ԶԻՋԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի էներգետիկ համակարգի հսկաներից մեկը՝ «Որոտանի հիդրոէլեկտրոկայանների համալիր» ՓԲԸ-ն, որ երբեմնի խոշոր հարկատուների մեջ առաջատարների թվում էր, աստիճանաբար զիջում է դիրքերը: Եթե ընկերությունը 2016 եւ 2015 թվականներին զբաղեցնում էր հազար խոշոր հարկատուների ցանկի առաջատար տեղերը, ապա անցած տարում այն տեղ չի գտել անգամ ցանկի առաջին հիսունի մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը» 2017 թվականին վճարած ավելի քան 1.7 մլրդ դրամի հարկերով դարձել է 88-րդը: Մինչդեռ 2016 թվականին այս ընկերությունը, հայտնվելով հազար խոշոր հարկատուների ցանկի 4-րդ տեղում, պետական բյուջե վճարել է 15 մլրդ 526 մլն 369 հազար դրամ հարկ: Ընդ որում, 2015 թվականի ընթացքում ընկերության հարկային վճարումները եւս բարձր են եղել` կազմելով 16 մլրդ 955 մլն 671 հազար 900 դրամ:
«Որոտան» հիդրոկասկադը կազմում է ՀՀ էլեկտրականության համակարգի դրվածքային հզորության մոտ 15 տոկոսը եւ բավարար էլեկտրականություն է թողարկում` 250 հազար տնտեսություններ էլեկտրաէներգիայով ապահովելու համար:
Ինչպես հայտնի է` 2015 թվականի օգոստոսից «Որոտանի ՀԷԿ-երի համակարգի» սեփականատեր է ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» ընկերությունը. դեռեւս 2014 թվականին ՀՀ կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ-ի, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ ստորագրվել էր գույքի առուվաճառքի պայմանագիր: Ինչի արդյունքում ամբողջ հիդրոկասկադը` իր ՀԷԿ-երով, ջրամբարներով ու մնացած ամեն ինչով, վաճառվեց 180 մլն դոլարով: Այն պետք է էներգիա մատակարարի Հայաստանի էլեկտրական ցանցերին երկարատեւ` 25 տարի ժամկետ ունեցող էլեկտրաէներգիայի գնման պայմանագրի համաձայն:
Սակայն որոշ մասնագետներ համոզված էին, որ այս գործարքով կառավարությունը Հայաստանին զրկում է սեփական էներգետիկայից: Անգամ բազմաթիվ փորձագետներ գտնվեցին, որոնք հայտարարեցին, որ կասկադը վաճառվել է մի քանի անգամ էժան գնով: Իսկ կասկադը տնօրինող ամերիկյան ընկերությունը խոստացավ առաջիկա վեց տարիներին ներդնել 70 մլն դոլար: Իսկ մասնագետները վստահ էին, որ ընկերության շահույթի հաշվին ներդրում անելու դեպքում մի քանի տարի հետո այն ավելի թանկ գնով կվաճառվեր:
Փոխարենը այսօր ստեղծվել է իրավիճակ, ըստ որի` «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը», որը խոշոր հարկատու էր համարվում, այսօր չի գործում: Հետեւաբար հարկեր էլ չի վճարում: Իսկ ահա նույն` ամերիկյան «Քոնտուր Գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է 2016 թվականին` վճարած 577 մլն 992 հազար դրամով: Բայց 2017 թվականի ընթացքում ամերիկյան ընկերությունը վճարել է 1 մլրդ 159 մլն դրամ հարկ ու տուրք: Թեեւ ընկերությունը մեկ տարվա ընթացքում ավելացրել է հարկային վճարումները, բայց միեւնույն է` այն հավասար չէ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» կողմից կատարված վճարումներին:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերությունը գործունեություն չի իրականացնում, եւ նրա հաշվեկշռում որեւէ գույք չի հաշվառվում: Ավելին` ընկերությունը գնում է լուծարման: «Ժողովուրդ»-ը ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչու է ընկերությունը մեկ տարվա ընթացքում մոտ 13.8 մլրդ դրամով նվազեցրել հարկային վճարումները: Հարցին ի պատասխան` Կ. Խաչատրյանն արձագանքեց. «Ոչ մի խնդիր չկա, խնդիր չունենք: Որոտանի հիդրոէլեկտրոկայանների ցանցը իր գույքը վաճառել է «Քոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը: Ընկերությունը ոչ մի բան չի արտադրում եւ չի կարող հարկ վճարել: Գույքը վաճառվել է, ինքնըստինքյան չի կարող էլէներգիա արտադրել եւ ոչ էլ հարկ վճարել»: Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերության «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանը օտարվել է պաշտպանության նախարարության ենթակայության «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵ՞ՐԸ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2018 թվականի փետրվարի 1-ին ընդունած թիվ 16-Ա որոշմամբ մարզի Դեղձավան գյուղից մինչեւ Պտղավան, Իծաքար գյուղից մինչեւ Նավուր, Ներքին Հովքից մինչեւ Հովք, Ներքին Գոշից Գոշ մեկնող յուրաքանչյուր դպրոցահասակ երեխայի տրանսպորտային ծախսի փոխհատուցման օրական վճարը սահմանել է 100 դրամ, Իջեւան քաղաքից Հովք գյուղ մեկնող մանկավարժի տրանսպորտային ծախսի փոխհատուցման օրական վճարը` 300 դրամ:
2018 թվականի պետական բյուջեով «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» ծրագրով ընթացիկ տարում Տավուշի մարզպետարանին պետական բյուջեից հատկացվել է 1 միլիոն 775 հազար 100 դրամ: Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ եւ Կիրանց համայնքներից շուրջ 20 դպրոցահասակ երեխա ամեն առավոտ իրենց գյուղերից ուսումնառության համար մեկնում է Ներքին Ծաղկավանի, Սարիգյուղի, Սեւքարի եւ Իջեւանի միջնակարգ դպրոցներ:
Աճարկուտ գյուղի բնակիչ Հովիկ Ալավերդյանը, ով Աճարկուտ-Իջեւան եւ հակառակ ուղղություններով միկրոավտոբուսով ուղեւորափոխադրումներ է իրականացնում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ շուրջ 20 տարի ինքը բարեգործական հիմունքներով անվճար փոխադրել է այդ աշակերտներին: Նա հայտնեց, որ մտադիր է դիմել Աճարկուտ եւ Կիրանց համայնքների ղեկավարներին, որպեսզի նրանք գումարներ հայթայթեն` այդ գյուղերի աշակերտներին փոխադրելու համար: Հավելենք` Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղից մինչեւ գյուղի վարչական տարածքում գտնվող Կայանի դպրոց աշակերտների տեղափոխության համար եւս պետական բյուջեից գումարներ չեն նախատեսված:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

3-7 ԱՆԳԱՄ ՑԱԾՐ
ՀՀ կառավարությունը սահմանել է արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերի կիրառման սահմանամերձ գյուղերի ցանկը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանամերձ գյուղերի համար նախատեսվել է արտոնագրային հարկի առավել ցածր դրույքաչափ:
«Առաջարկվող սահմանամերձ գյուղերի ցանկում ընդգրկված է 203 սահմանամերձ գյուղ, որտեղ արտոնագրային հարկի ամսական դրույքաչափը, կախված գործունեության տեսակից, շուրջ 3-7 անգամ ավելի ցածր է լինելու»,- ասել է ՊԵԿ նախագահը: Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանին հանձնարարել է վերոնշյալ եւ, ընդհանրապես, բիզնեսին տրամադրվող արտոնությունների հետ կապված հարցերը պահել ուշադրության կենտրոնում:




Լրահոս