ՉԵՆ ԿԱՇԿԱՆԴՎՈՒՄ, ԲԱՅՑ ԿՈ՞ՂՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծում կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին դրույթը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մեկնաբանել էր, թե իբր լրագրողների ներկայությամբ ազատ քննարկումներ հնարավոր չէ ծավալել: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է: Ու Դավիթ Հարությունյանի բերած փաստարկը որեւէ աղերս չունի իրականության հետ:

Բանն այն է, որ կառավարությունում հարցերը մանրամասն քննարկվում են, պարզապես դրանք քննարկվում են ոչ թե կառավարության նիստերի ժամանակ, այլ մինչ այդ` նախարարների կոմիտեի նիստերի ընթացքում: Իսկ արդեն կառավարության նիստում պարզապես հաստատվում են այդ նախագծերը: Պատահական չէ, որ, օրինակ, հունվարի 18-ի նիստում, երբ ԿԳ նախարարը եւս մի քանի օր էր խնդրել «Բարձրագույն կրթության» մասին օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումների համար, վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր. «Այ, այդ զուտ-երը, այնպես արեք, որ չլինի: Երկու օր քննարկել ենք, զուտ, զուտ… Բոլոր դիտողությունները հնարավո՞ր չէ մինչեւ կառավարության նիստն անել»: Ստացվում է` գործադիր մարմնի նիստերը դռնփակ անցկացնելու կարիք այլեւս չկա. պարզապես անտրամաբանական է:
Դեռ ավելին` կառավարության անդամների զգալի մի հատված վստահեցնում է, թե չի կաշկանդվում նիստերի ժամանակ: Նման հարցերին նախարարներն ու մյուս պաշտոնյաները, որպես կանոն, դեմքի զարմացած արտահայտությամբ են արձագանքում` միաժամանակ փորձելով պարզաբանել ու պաշտպանել Դավիթ Հարությունյանի հիմնավորումները: Սա պարզ դարձավ «Ժողովուրդ» օրաթերթի` կառավարության անդամների շրջանում հերթական անգամ օրինագծի շուրջ հարցում իրականացնելու ժամանակ:
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյան
-Պարո՛ն Մկրտչյան, նախարարնե՞րն են բողոքել, որպեսզի կառավարության նիստերը դռնփակ անցկացվեն:
-Ո՛չ, բողոքի խնդիր չկա: Կառավարությունն ավելի շատ աշխատանքային վիճակում աշխատելու հնարավորություն է, որն, իմ կարծիքով, ոչ մի կապ չունի հրապարակայնության հետ:
-Այսինքն` գաղտնի՞ հարցեր են քննարկվելու:
-Դե, գաղտնի հարցերի ռեժիմ ունի կառավարությունը: Բայց աշխատանքային գործընթաց կա, եւ կառավարությունը կոլեկտիվ պատասխանատվություն է կրում:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյան
-Պարո՛ն Արամյան, եղե՞լ է որեւէ բան, որ կաշկանդել է Ձեզ կառավարության նիստերի ընթացքում, բայց չեք հիշում: Կամ, օրինակ, ցանկացել եք գործընկերոջը նկատողություն անել, սակայն խուսափել եք, քանի որ նիստերը դռնբաց են:
-Դուք լինեիք` ի՞նչ կպատասխանեիք:
-Ես նախարար չեմ:
-Եթե Դուք ուզում եք` պրոցեսի մասին խոսենք, բազմաթիվ կլինեն այդ դիտարկումները, թե ինչն է կաշկանդում. մեկի թարս նայելը, մյուսի` տեսախցիկը: Ես կարծում եմ` ամենակարեւորն այն է, որ կառավարության որոշումների արդյունքները լուսաբանվեն: Ամենակարեւորն արդյունքն է, որպեսզի Դուք` որպես սպառող, իմանաք, թե Ձեր վաղվա օրն ինչպես է լինելու: Շատ դեպքերում լինում են հրապարակումներ, որտեղ պրոցեսն է նկարագրվում, ոչ թե արդյունքը:
-Գուցե արդյունք չկա, դրա՞ համար:
-Ես այդպես չեմ կարծում:

Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյան
-Պարո՛ն Բադալյան, Ձեզ որեւէ բան կաշկանդո՞ւմ է կառավարության նիստերի ժամանակ:
-Ինձ առանձնապես չի կաշկանդում:
-Այդ դեպքում դե՞մ եք արտահայտվելու այս որոշմանը:
-Ես կառավարության անդամ չեմ, չեմ քվեարկելու:
-Բայց ի՞նչ կարծիք ունեք նիստերը դռնփակ անցկացնելու նախագծի վերաբերյալ:
-Ես համամիտ եմ այն բացատրություններին, որ, այնուամենայնիվ, նիստերի ժամանակ մարդիկ ավելի շատ փնտրում են ոչ թե բովանդակային բաներ, այլ թե ով ինչ դեմքի արտահայտություն ուներ, ով ում ինչպես էր ժպտում…
Նշենք նաեւ, որ օրինագծի համաձայն` ապրիլից նիստերը տեւելու են 1 ժամ, եւ միայն վարչապետի հանձնարարությամբ նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը կարող է հրապարակվել:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՉՆՉԻՆ

Հայաստանի տնտեսության համար կարեւորագույն ճյուղերից մեկի` շինարարության ոլորտում, կարծես թե, դրական տեղաշարժ կա: Համենայն դեպս, այս մասին են խոսում պաշտոնական վիճակագրության տվյալները:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ անցած տարում շինարարության ծավալները, 2016 թվականի համեմատ, 2.2 տոկոսով են աճել: Ասել է, թե անցած տարում իրականացվել է 415 մլրդ 873 մլն դրամի շինարարություն: Ինչը հիմնականում պայմանավորված է միջազգային վարկերի միջոցներով իրականացված շինարարության ծավալների` 20.5 տոկոս աճով:
Բայց մյուս կողմից 2.2 տոկոսով նվազել են պետական միջոցներով իրականացվող շինարարության ծավալները: Այսինքն` անցած տարում պետական բյուջեի միջոցներով իրականացվել է 38 մլրդ 585 մլն դրամի շինարարություն: Համայնքների միջոցներով իրականացվող շինարարության ծավալները եւս նվազել են` 26.1 տոկոսով` կազմելով 6 մլրդ 463 մլն դրամ: Միայն Համաշխարհային բանկի միջոցներով անցած տարում կատարվել է 15 մլրդ 667 մլն դրամի շինարարություն, Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջոցներով իրականացվել է 1 մլրդ 801 մլն դրամի շինարարություն, իսկ Ասիական զարգացման բանկի միջոցներով` 17 մլրդ 362 մլն դրամի: Ի դեպ, տեղեկացնենք, որ Ռուսաստանի Դաշնության միջոցներով իրականացվել է 9 մլրդ 707 մլն դրամի շինարարություն:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականցվող շինարարության ծավալներն են զգալի նվազել` 43.5 տոկոսով: Այսինքն` նշված հիմնադրամի միջոցներով իրականացվել է 575 մլն 700 հազար դրամի շինարարություն:
Հայ առաքելական եկեղեցու միջոցներով կատարվող շինարարության ծավալներն են կտրուկ ավելացել` 78.6 տոկոսով: Այլ կերպ ասած` Հայաստանում բնակելի տների, շենքերի, բիզնես կենտրոնների փոխարեն սկսել են եկեղեցիներ կառուցել: Ի դեպ, Հայ առաքելական եկեղեցու միջոցներով իրականացված շինարարությունը կազմել է մոտ 2.5 մլրդ դրամ: Օտարերկրյա ներդրողների միջոցներով կատարված շինարարության ծավալները աճել են 3.9 անգամ եւ կազմել 43 մլրդ 673 մլն դրամ: Իսկ ահա բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալների աճը կա, բայց չնչին է` 0.1 տոկոս: Այսինքն` բնակչության միջոցներով Հայաստանում իրականացվել է 102 մլրդ 181 մլն 200 հազար դրամի շինարարություն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՓԱԿՄԱՆ ԵԶՐԻՆ
Ներկայումս Տավուշի մարզում գործում են թվային հեռարձակող, մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը եւ անալոգային հեռարձակում կատարող Իջեւանի «Իջեւան ստուդիա» եւ Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությունները: Անալոգային հեռարձակում ունեցող տեղական այդ հեռուստաընկերությունների հաղորդումները շատ քիչ մարդ է դիտում, քանի որ մարզի բնակիչների զգալի մասը տեղադրել է հեռուստատեսային թվային ընդունիչ սարքեր եւ նախընտրում է դիտել տեխնիկական ավելի բարձր որակի հեռուստածրագրեր: Բայց մյուս կողմից, խնդրի առաջ է կանգնած նաեւ թվային հեռարձակում իրականացնող «Տավուշ» մարզային հեռուստաընկերությունը: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց այդ հեռուստաընկերության տնօրեն Ժան Գալստյանը, Հայաստանի հեռուստատեսային ցանցերը թվային հեռարձակում իրականացնելու համար մարզային հեռուստաընկերություններից տարեկան 4 միլիոն դրամ վարձավճար են պահանջում: Ժ. Գալստյանի խոսքերով` նախորդ տարվա համար նախատեսված այդ վճարն իրենք չեն կարողացել վճարել: Հեռուստաընկերության տնօրենը նաեւ պնդեց, որ Հայաստանի թվային հեռարձակում իրականացնող մարզային բազմաթիվ հեռուստաընկերություններ` Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերությունները եւս հայտնվել են այդ դժվարին խնդրի առաջ: Հայաստանի գրեթե ամբողջ գովազդային շուկան կլանում են Հայաստանի առաջատար մի քանի հեռուստաընկերություններ, մարզային հեռուստաընկերությունները գովազդի շատ քիչ պատվերներ են ունենում, աշխատած գումարներով նրանք հազիվ կարողանում են լոկ վճարել պետական հարկերը, կոմունալ վճարները, աշխատողների աշխատավարձերը:

 

 

ՏԱՔՍԻՍՏՆԵՐԸ ՊԱՐԱՊ ԵՆ
Տավուշի մարզում գործազուրկների թիվը բավական մեծ է: Միայն պաշտոնական վիճակագրության համաձայն` գործազուրկի կարգավիճակ ունի 4 հազար 524 հոգի: Բայց իրականում աշխատանք չունեցող քաղաքացիների թիվն ավելի մեծ է: Գործազուրկներից շատերը, ովքեր չեն ցանկանում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնել, սեփական ավտոմեքենայով տաքսիստ են աշխատում: Տավուշում վերջին տարիներին խիստ ավելացել է այդ գործունեությամբ զբաղվողների թիվը, անհատ տաքսիստները մրցակցության մեջ են միմյանց եւ նույն տարածքում գործող տաքսի ծառայությունների հետ: Տավուշի մարզում տաքսիստի գործը եկամտաբեր չէ: Տաքսի ավտոմեքենաների թվի ավելացմանը զուգահեռ` արտագաղթի հետեւանքով մարզի բնակչությանը թիվը քչացել է, հետեւաբար նվազել է նաեւ տաքսիստներին տրվող պատվերների քանակը: Տավուշի մարզկենտրոն Իջեւանի, Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում կարելի է տեսնել անգործությունից ձանձրացող տասնյակ տաքսիստների, ովքեր ժամերով սպասում են, որ հաճախորդից պատվեր ստանան: Չնայած ավտոմեքենաները լիցքավորվող գազի գնի բարձրացմանը, տաքսիստները իրենց մատուցած ծառայությունների գները չեն բարձրացրել, որովհետեւ դրա հետեւանքով սակավաթիվ պատվերները կարող են նվազել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս