«ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՀԱԶԱՆԳԵԼ Է, ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՉԵ՞Ն ԼՍԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարի 13-ի երեկոյան անհայտ անձը կողոպտել էր Տավուշի մարզի Աչաջուր համայնքի հարեւանությամբ գտնվող Մակարավանքի եկեղեցում վաճառքի դրված փայտե ու երկաթե խաչերը, իսկ այն հուշանվերները, որոնք հնարավոր չէր եղել տանել՝ ամբողջությամբ ոտնատակ էր տրվել: Ավելի վաղ՝ 2017թ. նոյեմբերին, Սյունիքի մարզի Վահանավանքի եկեղեցու ներսում կոտրել էին հանգանակությունների համար նախատեսված գանձանակի դուռը՝ գողանալով այնտեղ եղած գումարը։ Նախորդ տարվա հունվարին էլ Կապան քաղաքի Շահումյան հանքավայրի մոտակայքում 2012թ. հայտնաբերված մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում քանդել եւ թալանել էին երեք դամբարան: Պատմական նշանակություն, մշակութային արժեք ունեցող հուշարձանների թալանի, կողոպուտի դեպքերը բազմաթիվ են, սրանք ընդամենը օրինակներ են:

«Ժողովուրդ»-ը դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ պարզելու համար` 1991-ից մինչեւ 2017 թվականը ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված թվով քանի՞ հուշարձանի կողոպուտի, թալանի, վանդալիզմի ենթարկվելու մասին է հաղորդում ստացվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ տրամադրեցին միայն 2003-2017 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 180 (առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը) եւ 260 (վանդալիզմը) հոդվածների հատկանիշներով գրանցված հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես եւ այն հանցագործությունների քանակի վերաբերյալ, որոնք կատարվել են հուշարձանների առնչությամբ։ Այսպիսով՝ 2003-2017 թթ. առանձնակի արժեք ունեցող առարկաների հափշտակման հոդվածի հատկանիշներով, ըստ ոստիկանության տվյալների, կատարվել է ընդամենը 11 հանցագործություն, նույն ժամանակահատվածում վանդալիզմի հոդվածի հատկանիշներով կատարվել է 9 հանցագործություն, այդ ժամանակահատվածում հուշարձանների նկատմամբ գրանցված հանցագործությունների քանակը 29 է։
Ուշագրավ է, սակայն, որ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, պատասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք նախարարությունը համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ եւ եթե այո՝ ի՞նչ կտրվածքով, նշել է. «ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձանների պահպանության գործընթացներն ապահովելու նպատակով օրինազանցության դեպքերի վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում ինչպես ՀՀ ոստիկանություն, այնպես էլ դատախազություն։ Անհրաժեշտության դեպքում, որպես տուժող կողմ, ապահովում է մասնագիտական եւ դատամշակութաբանական փորձագիտական եզրակացություններ, տալիս է հուշարձանների արժեւորման եւ վնասի գնահատման վերաբերյալ տեղեկանքներ եւ ակտեր։ 2016-2017թթ. կատարված մոտ 18 օրինախախտման դեպքերի կապակցությամբ հայցադիմումներ են ներկայացվել իրավապահ մարմիններին խախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ»։
Այսինքն՝ միայն մեկ տարվա ընթացքում նախարարությունն օրինախախտման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել 18 դեպքի առնչությամբ, այնինչ` ոստիկանության տվյալների համաձայն` 2016-2017թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 180 եւ 260 հոդվածների հատկանիշներով եւ հուշարձանների առնչությամբ գրանցված հանցագործությունների քանակն ընդամենը 5 է (ընդ որում, հուշարձանների առնչությամբ գրանցված հանցագործությունների քանակը 3 է)։ Հարց է ծագում՝ որտեղի՞ց է առաջանում այս երկու տվյալների միջեւ առկա տարբերությունը։ Եթե նախարարությունը ներկայացնում է հստակ դեպքեր եւ դրանք որակում է որպես օրինախախտում, այն էլ համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով, ինչպե՞ս է ստացվում, որ օրենքը խախտողներից միայն մի քանիսն են համարվում հանցագործ։ Ուրեմն՝ կա՛մ ահազանգը չի հաստատվել, դրան ընթացք չի տրվել, կա՛մ իրավապահ մարմինները հետեւողական չեն գտնվել, գուցե նաեւ քողարկել են հանցագործության դեպքերը։ Բայց եթե, օրինակ, ահազանգին ընթացք չի տրվել, ենթադրենք՝ կատարվածը հանցագործություն չի համարվել, այդ դեպքում ինչո՞ւ է նախարարությունն օգտագործում «օրինախախտում» ձեւակերպումը։ Հասկանալի է նաեւ, որ երկու գերատեսչությունների ներկայացրած տվյալներն ընդամենը գրանցված հաղորդումների կամ հանցագործությունների մասին տվյալներ են, հուշարձանների հափշտակման, թալանի, դրանց նկատմամբ իրականացված վանդալիզմի վերաբերյալ մի շարք դեպքեր պարզապես չեն բացահայտվում, մնում են անարձագանք կամ, այսպես ասած, «ծածկադմփոց» են արվում։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

«ՄԻՆՉԵՎ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԸ ՉԼԻՆԻ, ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ»

«Մինչեւ թատրոնի շենքը չլինի, նոր ներկայացում չենք ունենա»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նոր ներկայացումներ են բեմադրվում թատրոնում։

Մեր զրուցակիցը հույս ունի, որ տարիներ շարունակ իր սեփական շենքին սպասող թատրոնի շինարարությունը կավարտվի այս տարի. «Ավարտել ենք շենքի նախագծային աշխատանքները, շուտով կլինի պրեզենտացիան, որից հետո պետք է հայտարարվի մրցույթ, որպեսզի սկսվի շինարարությունը։ Դժվարանում եմ կոնկրետ ժամկետներ ասել, բայց հույս ունենք, որ այս տարի կունենաք մեր թատրոնի շենքը»։
Հարցին, թե արդյոք այդ առնչությամբ հնչե՞լ են հավաստիացումներ, թե՞ դրանք պարզապես հույսեր են, պարոն Դադասյանը պատասխանեց. «Հիմա արդեն անիվը ետ շրջել հնարավոր չէ, ունենք տարածք, նախագիծը պատրաստ է, պարզապես ես անհամբերությամբ սպասում եմ, որ շենքը որքան հնարավոր է՝ շուտ լինի։ Մյուս տարի տոնելու ենք մեր թատրոնի պաշտոնական հիմնադրման 45-ամյակը։ Հույս ունեմ նաեւ, որ մյուս տարի կունենանք մանկական ներկայացումներ՝ թումանյանական թեմաներով»։
Ամեն դեպքում, պարոն Դադասյանը տեղեկացրեց, որ աշխատում է նոր բեմադրության վրա, այն կոչվում է «Պիերոյի երազը», էսքիզային աշխատանքներն արդեն արված են. «Լեոնիդ Ենգիբարյանին ասել են՝ ո՞վ է հեղինակում Ձեր մանրապատումները, նա պատասխանել է՝ Չեխովը, Դոստոեւսկին, Տոլստոյը հրաժարվում են հեղինակել ինձ համար, ստիպված ես եմ գրում։ Բանն այն է, որ սա յուրահատուկ ժանր է, հեղինակն ինքը բեմադրիչն է»,-մեկնաբանեց գեղարվեստական ղեկավարը։ Նա նաեւ նշեց, որ զբաղված է Հայոց ցեղասպանությանը նվիրված երեկոյի կազմակերպմամբ, դա նրան հանձնարարել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը. «Համահայկական երգչախումբ պետք է աշխատի, բայց նաեւ բեմադրական մաս պետք է լինի, մանրամասներին կծանոթանաք ավելի ուշ»,-եզրափակեց պարոն Դադասյանը։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԼԱՎ ԵՆ
Ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչների մոտ ամեն ինչ կարգին է, այս մասին տեղեկացրել է ձմեռային խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը: «Մեր պատվիրակության բոլոր անդամները առողջ են: Ինչ-որ հարուցչի մասին մենք էլ ենք լսել: Խոսակցություններ կան, թե կամավորներից մի քանիսի մոտ ինչ-որ բան են հայտնաբերել եւ անմիջապես նրանց բնակության բազայում կարանտին է հայտարարվել, որպեսզի օլիմպիական ավանում ապրող մարզիկների հետ անմիջական շփում չլինի: Մեր մարզիկների մոտ ամեն բան կարգին է»-նշել է նա:
Տեղեկացնենք, որ լուրեր էին շրջանառվում, թե Փհենչհանում խաղերի մեկնարկի նախաշեմին ինչ-որ վիրուս է տարածվել, եւ խաղերի կազմկոմիտեն 8-ի դրությամբ հաստատել է Փհենչհանում վիրուսով վարակման 32 դեպք:




Լրահոս