Վլադիմիր Պուտինը ցանկանում է ցույց տալ, թե նա ամբողջ ռուսների նախագահն է. ռուս գործիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի կունենան երկրի նախագահի ընտրություններ: Թեկնածուներն արդեն հայտնի են. նախագահի պաշտոնի համար հավակնում է ութ թեկնածու:

Երկրի գլխավոր ղեկավարի պաշտոնին հավակնում են գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, «Ռուսաստանի ժողովրդական միություն» կուսակցության նախագահ Սերգեյ Բաբուրինը, Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված Պավել Գրուդինինը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, «Ռուսաստանի կոմունիստները» կուսակցության ներկայացուցիչ Մաքսիմ Սուրայկինը եւ բիզնես-օմբունդսմեն Բորիս Տիտովը: Հետաքրքիր է, որ բոլոր թեկնածուներից միայն Վլադիմիր Պուտինն է ինքնաառաջադրված. մյուս բոլոր թեկնածուներն առաջադրված են կուսակցությունների կողմից:

Ի վերջո, ինչ տրամադրություններ են Ռուսաստանում, ինչպես են տրամադրված քաղաքացիները, եւ ինչ շանսեր ունեն թեկնածուներից յուրաքանչյուրը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքական գործիչ Օլեգ Պահոլկովի հետ:

-Պարո՛ն Պահոլկով, մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել ՌԴ նախագահի ընտրություններին: Ինչպիսի՞ իրավիճակ է այժմ ՌԴ-ում եւ ի՞նչ քաղաքական փոփոխություններ կարող ենք սպասել:

-Սոցիալական ծանրաբեռնվածությունը, բողոքները մեր հասարակությունում մեծանում են: Ցանկացած երկրում մեծ ռիսկ է, նույնիսկ Վլադիմիր Պուտինի նման թեկնածու լինելով, գնալ նախագահական ընտրությունների: Այսօր ընտրազանգվածն ակտիվ է, հասարակությունում տրամադրություններ են փոխվում, եւ դա ակնհայտ է, չնայած նրան, որ Վլադիմիր Պուտինը ռեալ մրցակից չունի:

-Դուք նշեցիք, թե ՌԴ-ում տրամադրության փոփոխություն է առկա: Ո՞րն է պատճառը:

-Այս փոփոխությունների հարցում թեկնածուներն այնքան էլ դերակատարում չունեն: Պատճառը սոցիալական ցանցերում տիրող տեղեկատվական հոսքն է, տարբեր տեսանյութերի հրապարակումը: Եվ սոցիալական ցանցերում առկա տեղեկատվությունն այն առումով է հետաքրքիր, որ ոչ միշտ կարող ես այնտեղ ճշմարտություն գտնել: Այժմ ՌԴ-ում սոցիալական ցանցերը մեծ դեր են կատարում շատ առումներով:

-Իսկ ինչպիսի՞ն են ՌԴ նախագահի թեկնածուները: Վլադիմիր Պուտինն իրական մրցակից ունի՞:

-Ամենալուրջ մրցակից կարող ենք համարել կոմունիստ Գրուդինին: Այժմ նրան ուժեղ մրցակից կարող ենք համարել: Առաջադրված են նաեւ Քսենիա Սոբչակը, ով լիբերալ տեսակետներ է արտահայտում, եւ ավանդական Ժիրինովսկին: Եթե խոսում ենք հիմնական խաղացող կերպարների մասին, ապա կարող ենք առանձնացնել նաեւ Տիտովին, ով ներկայացնում է մեր երկրի գործարար թեւը: Սակայն այս թեկնածուին ինքնուրույն ֆիգուր չեն համարում: Ամենավառ թեկնածուներից, ինչպես ասացի, Գրուդինինն է, քանի որ կոմունիստների հանդեպ իսկապես առկա է հետաքրքրություն:

Իհարկե, ակնհայտ է, որ ամեն դեպքում հենց Վլադիմիր Պուտինն է վերընտրվելու ՌԴ նախագահ, սակայն հարցն այն է, թե նա ընտրողների ձայների քանի տոկոսը կհավաքի: Այսինքն` դա կլինի՞ համընդհանուր հաղթանակ, թե՞ ոչ: Այսինքն` նա այդ 8 թեկնածուների մեջ արդյո՞ք կկարողանա բացարձակ հաղթանակ տանել առաջին փուլում, թե՞ ոչ, կամ ազգաբնակչությունը մեծ թվով կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ մասնակիցների թիվը ընդամենը 40 տոկոս կկազմի, եւ նրանց 60 տոկոսը, օրինակ, կքվեարկի Պուտինի օգտին: Սա, ի դեպ, ամենավատ սցենարն է, որ կարող է տեղի ունենալ, եւ սա կարող է խոսել հասարակության կողմից վստահության պակասի մասին: Եթե այդպիսի բան տեղի ունենա, կպարտվի ոչ թե միայն Վլադիմիր Պուտինը, այլեւ իր ամբողջ թիմը: Ամենամեծ հարցն էլ հենց այդ է՝ որքանով քաղաքացիները կմասնակցեն ընտրություններին, սակայն որքան գնում, հետաքրքրությունն այնքան մեծանում է: Շատերը մտածում են՝ ինչու բարձրանամ բազմոցից, միեւնույն է՝ ամեն ինչ էլ պարզ է:

-Հետաքրքիր է, որ Վլադիմիր Պուտինը կրկին ինքնաառաջադրվել է, այլ ոչ թե իշխող կուսակցությունն է առաջադրել: Ըստ Ձեզ` ինչո՞ւ նա կրկին այդպիսի որոշում կայացրեց:

-Նա միշտ էլ այդպես է վարվել եւ իրեն երբեք չի կապել կուսակցության կապերով: Նա միշտ կողքից է հետեւել կուսակցական զարգացումներին: Այս կերպ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ցույց տալ, թե նա ամբողջ ռուսների նախագահն է: Նա չի ցանկանում լինել քաղաքական կուսակցություններից որեւէ մեկում:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս