ՍԴ ավանդույթները կշարունակվե՞ն ԲԴԽ-ում. արդարադատություն որոնելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարձրագույն դատական խորհուրդը կկարողանա ստիպել իշխանություններին դրսեւորել քաղաքական կամքը»: Երեկ լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, որ նոր ձեւավորվելիք Բարձրագույն դատական խորհրդի նախագահն է դառնալու:

Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե այդ սահմանադրական երաշխիքներով կկարողանան ապահովել ֆունկցիոնալ, ինստիտուցիոնալ եւ սոցիալական անկախություն: Հետաքրքիր է, թե այդ ինչ վստահությամբ է Գագիկ Հարությունյանը խոսում իշխանություններին ստիպելու մասին, երբ նույն հաջողությամբ անտեսվում են նաեւ ՍԴ որոշումները: Երկար տարիներ ՍԴ նախագահ լինելով` Գագիկ Հարությունյանը քիչ դեպքեր կարող է թվարկել, երբ ՍԴ որոշումներն իրականություն են դարձել: Դրան հակառակ բազմաթիվ են երեւույթները, երբ իշխանությունները գեղեցիկ ձեւով շրջանցել են դրանք:

Վերջին վառ ապացույցը 2003թ. ՍԴ հայտնի որոշումն էր նախագահական ընտրությունների վերաբերյալ. թեեւ ՍԴ-ն անփոփոխ թողեց աղաղակող կեղծիքներով ընթացած ընտրությունների արդյունքները` հաղթող ճանաչելով Ռոբերտ Քոչարյանին, բայց եւ նշել էր, թե պետք է անցկացվի վստահության հանրաքվե: Մինչեւ հիմա այդ հանրաքվեն չի անցկացվել: Եւ հետո` բազմիցս ընդդիմադիր ուժերի կողմից բարձրաձայնվել է նաեւ այն հարցը, որ ՍԴ-ն գործում է միայն իշխանությունների կողմից, այսինքն՝ կողմնակալ է:

Բացի այդ` ընդամենը վերջերս Մարդու իրավունքների պաշտպանի եւ Սահմանադրական դատարանի աշխատակազմերը համատեղ ուսումնասիրություններ էին իրականացրել եւ բացահայտել հետեւյալը. «Ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել Սահմանադրական դատարանի որոշումներ, որոնցում ներկայացված են մարդու իրավունքների ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ իրավական պահանջներ, սակայն դրանք մինչ օրս կատարված չեն», – ասված էր հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ երեկ ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների հետ համատեղ հանդիպում է եղել, որից հետո էլ հայտնի են դարձել Բարձրագույն դատական խորհրդի կազմի առաջին հինգ անդամների թեկնածուները՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյան, ԵՊՀ դոցենտ Լիպարիտ Մելիքջանյան, իրավաբան Հայկ Հովհաննիսյան, Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյան:

Հետաքրքիրն այն է, որ իշխող ՀՀԿ առաջադրած թեկնածուներից Լիպարիտ Մելիքջանյանը խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր «Ելք» դաշինքի թեկնածուներից է եղել. համաձայնեք` բավական խոսուն փաստ է:




Լրահոս