Վրաերթից հետո ծանր վիրավորին անօգնական թողած քաղաքացին փախել է Վրաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտ գտնվող տարածքում մահացու ելքով վրաերթ կատարած, ծանր վիրավորին անօգնական թողած Արտուշ Մաթեւոսյանն իրավապահների կողմից դեռեւս չի հայտնաբերվել: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից: Փետրվարի 15-ին` գիշերվա ժամը 1-ի սահմաններում, Բագրատաշենի 33-ամյա բնակիչ Ա. Մաթեւոսյանն իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավոտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի 41-ամյա բնակիչ Ռաֆիկ Ավանեսյանին:

Վերջինս վարորդ էր, նա Բագրատաշեն էր եկել ավտոմեքենա տեղափոխելու: Դեպքի վայր ժամանած բժիշկները փորձել են վիրավորին տեղափոխել Նոյեմբերյանի հիվանդանոց, սակայն նա արդեն մահացած է եղել: Արտուշ Մաթեւոսյանը վթարից հետո վիրավորին անօգնական թողնելով, լքելով իր ավտոմեքենան` 20 րոպե անց Բագրատաշենի սահմանային անցակետով մտել է Վրաստանի տարածք: Նրա «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները բացատրական աշխատանքներ են կատարում Ա. Մաթեւոսյանի հարազատների հետ, որպեսզի վերջիններս համոզեն նրան ներկայանալու ոստիկանություն: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի եւ 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:




Լրահոս