Ավագանու ծեծկռտուքի գործը կգնա՞ ՀՔԾ. ինչ է մանրամասնում գլխավոր դատախազը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասով հարցեր է ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազի պատասխանները:

-Պարո՛ն Դավթյան, փետրվարի 13-ին կայացած Երեւանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի («Խուլիգանություն») առաջին եւ 118-րդ հոդվածի («Ծեծ») առաջին մասերով: Որպես քրգործերի քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին` խնդրում եմ պարզաբանել, թե ինչո՞ւ է գործի վարույթը հանձնվել ՀՀ քննչական կոմիտեին, այլ ոչ թե ՀՀ հատուկ քննչական ծառայությանը` հաշվի առնելով այն իրողությունը, որ միջադեպի մեջ գործող անձինք նաեւ պաշտոնյաներ են:

-ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները նախաքննություն են իրականացնում միայն օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 149, 150, 1541, 1542, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով:
Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց սպառիչ ցանկը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 261 եւ 262 կետերով, որոնցում Երեւանի ավագանու անդամները նախատեսված չեն:

Այսպիսով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի եւ նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 261 եւ 262 կետերի համադրումից հետեւում է, որ Երեւանի ավագանու անդամների կատարած առերեւույթ հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննություն իրականացնելու լիազորություն ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չունի:
Եթե քննության ընթացքում հիմքեր ձեռք կբերվեն ՀՔԾ ենթակայության սուբյեկտի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ, այդ պահին կլուծվի քննչական ենթակայության հարցը:

-ՀՀ քրեական գործով արդեն կա՞ն կասկածյալներ, եւ ովքե՞ր են նրանք:

-2018թ. փետրվարի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի եւ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված տվյալ քրեական գործով առ 21.02.2018թ. որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում դեռեւս չի հարուցվել, այսինքն` որեւէ մեկը կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ դեռեւս չունի:

-Առաջադրված հոդվածները վերաբերում են «Երկիր ծիրանի» կուսակցությա՞ն, թե՞ ՀՀԿ-ական ավագանու անդամներին:

-ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ 258-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցված լինելու հանգամանքը վկայում է, որ 2018թ. փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած իրադարձությունները առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի հատկանիշներ: Տվյալ քրեական գործը հարուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ, ինչից հետեւում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը եւ 258-րդ հոդվածի 1-ին մասը սույն դեպքում վերաբերելի են ոչ թե կոնկրետ անձին կամ անձանց, այլ փաստին:

-«Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը նաեւ հաղորդում է տվել սեռական ոտնձգության մասին, որը թույլ էր տվել ՀՀԿ-ական ավագանի Էդմոն Խաչատրյանը իր նկատմամբ: Այս առիթով ուղարկված դիմումն ի՞նչ ընթացքի մեջ է:

-Երեւանի ավագանու` «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ առերեւույթ հանցավոր արարքներ կատարված լինելու մասին տվյալները ստուգվում են նշված քրեական գործով իրականացվող նախաքննությամբ:

-Արդյո՞ք Երեւանի ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցիչների գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ինքնիրավչության դրսեւորումներ չկան: Նրանք, բավական չէ, որ կասեցնում են իրենց գործընկերոջ ակցիան, ծեծի ենթարկում նրան, դեռ մի բան էլ կանանց կամքին հակառակ նրանց դուրս են հանում դահլիճից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի «դեմն առեք» հրահանգով:

-Կատարված առերեւույթ հանցագործության դեպքին անձի մասնակցությունը, հանցագործության կատարման մեջ անձի մեղքը, ինչպես նաեւ անձի արարքի` ՀՀ քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ պարունակելու հանգամանքն ինչպես ցանկացած, այնպես էլ սույն դեպքում ենթակա է գնահատման քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված թույլատրելի եւ վերաբերելի, հավաստի ու փոխկապակցված ապացույցների բավարար համակցությամբ: Հետեւաբար տվյալ քրեական գործով ապացույցների բավարար համակցություն ձեռք բերելուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել կոնկրետ անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության կամ բացակայության հանգամանքը:

-Փետրվարի 13-ին եւ փետրվարի 19-ին Երեւանի քաղաքապետարանում խոչընդոտել են լրագրողներին իրականացնելու իրենց մասնագիտական գործունեությունը: Ինչո՞ւ ՀՀ գլխավոր դատախազությունը ցուցում չի տվել` լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով եւս հարուցվի քրեական գործ:

-2018թ. փետրվարի 13-ին եւ փետրվարի 19-ին Երեւանի քաղաքապետարանում լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը խոչընդոտելու մասին տվյալները եւս ստուգվում են հարուցված վերոնշյալ քրեական գործով կատարվող նախաքննությամբ:

Քնար Մանուկյան




Լրահոս