ՀԵՌԱՆՈՒՄ Է, ՈՐ ՎԵՐԱԴԱՌՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին. նա վերադառնալու է Հայաստան: Ու քաղաքական դաշտում լուրեր են պտտվում, թե ապրիլյան զարգացումներին ընդառաջ` առանցքային խաղացողի համբավ ունեցող Մինասյանը իշխանության մի մասն իր ձեռքն է վերցնելու եւ զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց Միքայել Մինասյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: Դեսպանատնից եւս հրաժարվեցին որեւէ կերպ մեկնաբանել դեսպանի հրաժարականի մասին տեղեկությունը: Մեր աղբյուրը, սակայն, փոխանցում է, որ 5 տարի դեսպան աշխատած Մինասյանը մասնավոր զրույցում ասել է, թե իր ուժերի սահմաններում արել է հնարավորը այդ պաշտոնում, եւ հեռանալու ժամանակն է: Ինչ վերաբերում է քաղաքականություն վերադառնալու հարցին, ապա նույն աղբյուրը չի հաստատում պտտվող լուրերը եւ պնդում է, որ դեսպանի կարգավիճակից դուրս գալուց հետո` ամռան սկզբից, Միքայել Մինասյանը պատրաստվում է ղեկավարել Հայաստանի հետ կապ չունեցող միջազգային մի մեծ ստարտափ:

 

 

 

Իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ Հայաստանի պետական պարտքը շարունակում է անշեղորեն աճել: Միայն այս տարվա առաջին ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 123.5 մլն դոլարով, եւ հունվարի 31-ի դրությամբ այն կազմել 6 մլրդ 898.1 մլն դոլար: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գումարի մեծ մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 285.6 մլն դոլար, որից 4 մլրդ 963 մլն դոլարը՝ արտաքին պարտքը: Հայաստանի պետական պարտքի աճի տեմպերն ավելի պարզ պատկերացնելու համար բավական է նշել, որ մեկ տարի առաջ՝ 2017թ. փետրվարի 1-ի դրությամբ, այն 5 մլրդ 970.7 մլն դոլար էր, այսինքն՝ ավելացել է 927.4 մլն դոլարով: Չնայած իշխանությունները ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի գլխավորությամբ փորձում են համոզել, թե պարտքի չափը վտանգավոր չէ, սակայն եթե նկատի ունենանք հանգամանքը, որ գնալով ավելանում է բյուջեից պարտքի սպասարկման չափը, այնուամենայնիվ, դեֆոլտի առաջ հայտնվելու լուրջ մտավախություն կա:

 

 

 

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում պաշտոնանկությունների շարք սկսվեց. Սերժ Սարգսյանն այսպես փորձում էր մեղմել հանրային դժգոհությունները, քանի որ պատերազմի ժամանակ ի հայտ եկան նրանց ղեկավարած ոլորտներում բացահայտված թերությունները: Պաշտոնանկ արվածների թվում էր նաեւ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Սակայն պարզվում է` նա երկար ժամանակ չմնաց գործազուրկ: Դեռ ավելին` շնորհիվ Սերժ Սարգսյանի հետ մտերիմ հարաբերությունների` նա որոշ ժամանակ անց վերադարձել է զինված ուժեր: Նրան նշանակել են «չերեւացող» պաշտոնի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ Կարապետյանը կոնկրետ ի՞նչ է աշխատում, սակայն ՊՆ-ից արդեն մի քանի օր է` համառորեն փորձում են չպատասխանել` սկզբում խնդրելով գրավոր հարցում ուղարկել, իսկ օրենքով սահմանված հնգօրյա ժամկետից հետո նշեցին, թե այդ տեղեկությունը պարզելու համար լրացուցիչ ժամանակ է հարկավոր: Ժպիտ առաջացնող պահվածք:

 

 

 

Կառավարության կողմից պարբերաբար արտոնություններ ստացող «Սեւանի իշխան», «Սեւան ակվա» ընկերություններն այդպես էլ տեղ չեն գտել հազար խոշոր հարկատուների` անցած տարվա ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սեւան ակվա» ընկերությունը հարկեր չի վճարել` ցույց տալով, թե վնասներով է աշխատում: Հիշեցնենք, որ նախորդ տարի վնասվել էին ջրավազանների ցանցավանդակները, եւ եղած ձկները փախել են: Չի բացառվում, իհարկե, որ այս ամենը եղել է կազմակերպված, իսկ ձկները որոշ տարածք լողալուց հետո հայտնվել են ուրիշ ցանցում: «Սեւան ակվա»-ից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չմեկնաբանեցին այս տեղեկությունները` ասելով, որ միայն գրավոր կարող են պատասխանել հարցերին: Հիշեցնենք, որ այս ընկերության թիկունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Սերժ Սարգսյանի խորհրդական Արամ Ղարիբյանի եւ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ:

 

 

 

ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ
Կարծես միանշանակ որոշված է՝ ապրիլից Հայաստանի վարչապետի պաշտոնը (իսկ նոր Սահմանադրությամբ վարչապետը լինելու է պետության ղեկավարը) զբաղեցնելու է Սերժ Սարգսյանը: Բայց չնայած այդ հանգամանքին ՀՀԿ-ն դեռ շարունակում է սեթեւեթել եւ հանրության հետ հանելուկների լեզվով խոսել:
ՀՀԿ փոխնախագահներից Արմեն Աշոտյանն «Ազատություն» ռ/կ կիրակնօրյա թողարկման ժամանակ ասել է, որ պատրաստ է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հետո հավելել է, թե սա իր անձնական տեսակետն է, եւ այս հարցում կուսակցությունում որոշում չեն կայացրել: Վերջում ՀՀԿ փոխնախագահը նշել է, թե այս ամենը նման է դասական ստեղծագործության, երբ բոլորը գիտեն վերջաբանը, բայց նայում են ֆիլմը: Այլ կերպ ասած` բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետը, բայց եւ համբերատար շարունակում են հետեւել ՀՀԿ-ի «ֆիլմին»` սպասելով հայտնի տեսարանին: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ երեկ իր հերթին է հայտարարել, որ ՀՀԿ-ում իրոք կա Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու ցանկություն, բայց դեռ քննարկումներ չեն արել, ու որոշում չի կայացվել: Ավելի վաղ, հիշեցնենք, Էդուարդ Շարմազանովն էր մի քանի անգամ ակնարկել, որ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա, իսկ Գալուստ Սահակյանն էլ իրեն հատուկ ոճով ամիսներ առաջ խորհուրդ էր տվել. «Ազգը պետք է ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պետք է ղեկավարի երկիրը»:
Հանրապետականների այս պահվածքը, մեղմ ասած, զարմանալի է. ի վերջո, չկա խաղը այսքան երկարաձգելու եւ հանելուկներով խոսելու որեւէ իմաստ: Մանավանդ իշխանությունների մտադրությունը պարզ էր դեռ մի քանի տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը` առաջարկելով անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի: Իրականում նա բարեփոխումների անվան տակ լուծեց սեփական իշխանությունը երկարաձգելու հարցը` ստեղծելով դրա համար իրավական հիմքեր: Բացի այդ` արդեն իշխանության ներսում վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդը՝ Կարեն Կարապետյանն էլ համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ` բավարարվելով իր համար ստեղծված առաջին փոխվարչապետի պաշտոնով եւ իշխանության գլխին հայտնվելու որեւէ հայտ չի ներկայացնի:
Ու հիմա ՀՀԿ-ականների այս պահվածքը հիշեցնում է մկան հետ կատվի խաղ. հասարակությանն իրենց որոշումը պարտադրելուց առաջ իշխանությունները շարունակում են մի փոքր էլ ձգել իրավիճակը:




Լրահոս