ՄԻԵԴ ՎՃՌԻՑ ՀԵՏՈ ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲԱՑՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին կլրանա ողբերգական իրադարձությունների 10 տարին: Եւ հիմա պետք է արձանագրենք` այդ օրը մայրաքաղաքի կենտրոնում տասը հոգի սպանվեց, բայց բացահայտման առնչությամբ ոչ մի առաջընթաց չկա: Եվ սա այն դեպքում, երբ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների բացահայտման ուղղությամբ թե՛ փաստահավաք խումբ է աշխատել, թե՛ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով է գործել` չհաշված հարուցված քրեական գործը, որ դեռեւս քննվում է ՀՔԾ-ում:

Իրավապաշտպան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումից հետո Հայաստանի իշխանությունները ստիպված են լինելու վերաբացել գործը: Ինչպես հայտնի է՝ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհված 10 անձանցից 9-ի իրավունքների պաշտպանությամբ զբաղվում էր հենց Արտակ Զեյնալյանը, եւ զոհերի հարազատների գանգատը ներկայացվել է Եվրադատարան: Ինը զոհերի հարազատները Եվրադատարանից պահանջել են ճանաչել կյանքի, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, արդյունավետ քննության, համարժեք փոխհատուցման եւ այլ իրավունքների խախտումներ:
2008 թվականի դեպքերից 7 տարի անց՝ 2015 թվականին Եվրադատարանն առաջին հարցերն էր ուղղել ՀՀ իշխանություններին: Եվ այդ դիմումով ՄԻԵԴ-ը պարտավորեցնում էր ՀՀ կառավարությանը պատասխանել՝ արդյո՞ք խախտվել է «Մարտի 1-ի» զոհերի՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը, արդյո՞ք նրանց մահն այնպիսի ուժի գործադրման հետեւանք է, որը եղել է «բացարձակ անհրաժեշտություն», արդյո՞ք ներպետական ատյաններում քննությունն ընթացել է Կոնվենցիայի խախտումներով, եւ արդյո՞ք սպառված են եղել երկրի ներսում արդյունավետ քննության հասնելու հնարավորությունները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զեյնալյանը` պատասխանելով հարցին, թե ՄԻԵԴ-ում ի՞նչ փուլում է գտնվում գործը, ասել է.
-Հաղորդակցությունն ավարտվել է: Սպառվել են արդեն նամակների փոխանակությունը, դիրքորոշումների, առարկությունների ողջ գործընթացը սպառվել է: Եվ մենք հիմա, ըստ էության, սպասում ենք Եվրոպական դատարանի որոշմանը:
-Ընթացակարգն ինչպե՞ս է, ե՞րբ կարող ենք սպասել ՄԻԵԴ-ի որոշմանը:
-Որոշակիացված չէ, չկա որեւէ հստակ սահմանում: Թե ինչքան կտեւի, դժվարանում եմ ասել: Մենք ունենք գործեր, որ հաղորդակցությունն ավարտելուց հետո ինը տարի տեւել է մինչեւ Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել:
-Մարտի 1-ի գործով փաստահավաք խումբ է գործել: Որքանո՞վ են այդ տվյալներն անհրաժեշտ եղել ՄԻԵԴ-ում գործի քննման ժամանակ:
-Կարծում եմ, այո՛, մենք մի շարք գործերով փաստահավաք խմբի փաստաթղթերն օգտագործել ենք, դրանում արձանագրված փաստերն օգտագործել ենք ՄԻԵԴ-ում:
-Ի՞նչ ունենք դեպքերից 10-ը տարի անց:
-Դեպքերից 10-ը տարի անց ունենք անարդյունավետ նախաքննություն, ունենք, իմ համոզմամբ, անարդարացի դատապարտված անձինք՝ քաղաքական հայացքների համար: Ունենք Ազգային ժողովի կողմից իրականացված օրենսդրական փոփոխություններ, որոնք պետք է նպաստեին, առիթ դառնային արարքները վերաորակելու եւ այդ մարդկանց ազատ արձակելու, ինչը, սակայն, չիրականացվեց: Նաեւ օրենսդրական նախաձեռնություն եղավ եւ ընդունվեց, որ այդ անձինք պետք է ազատվեին պատիժը կրելուց, գուցե նաեւ արդարացվեին, ինչը չեղավ: Ունենք զոհերի հարազատներ, իրավահաջորդներ, ովքեր չեն ստացել արդարացի հատուցում, փոխհատուցում, եւ նրանց իրավունքները շարունակում են խախտված մնալ նաեւ այն պատճառով, որ, ինչպես ասացի արդեն, նաեւ արդյունավետ նախաքննություն չի իրականացվել: Չի բացահայտվել ճշմարտությունը, մեղավորները չեն գտնվել եւ պատասխանատվության չեն ենթարկվել:
-Ըստ Ձեզ, եր՞բ կբացահայտվի այս գործը եւ ո՞ր դեպքում:
-Եվրոպական դատարանի վճիռներից հետո, կարծում եմ, որ այդ գործերը պետք է վերաբացվեն: Եվրոպական դատարանի վճիռները եթե լինեն, ու դրանցում արձանագրվի խախտումը, ապա պետությունն այլ բան չի կարող անել, քան բացել գործը, դա հենց նոր հանգամանքը, գործը վերաբացելու եւ թույլ չտալու այն խախտումը, որը ենթադրաբար կարձանագրի Եվրոպական դատարանը:
-Իսկ ինչո՞ւ մինչ այժմ գործն այդպես էլ չի բացահայտվել:
-Թե ինչու չի բացահայտվել, դրա առնչությամբ հին հայկական ասացվածք, առակ կա, ասում է, որ գողը տանից չլինի, եզը երդիկով դուրս չի գա:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՇՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑՆՈՒՄ Է 60 ՏՈԿՈՍԸ

Հայաստանյան մարզերի մեծ մասում գյուղատնտեսական տեխնիկա չունենալու կամ մաշված լինելու պատճառով հարյուրավոր հեկտարներով բերրի հողատարածքներ մնում են անմշակ: Դեռ ավելին` մեր հանրապետությունում գյուղեր կան, որտեղ ընդամենը մեկ տրակտոր է սպասարկում: Քիչ չեն նաեւ այն գյուղերը, որտեղ գյուղտեխնիկա ընդհանրապես չկա: Հատկապես խոտ հնձելու շրջանում գյուղացիները ստիպված են կա՛մ ավանդական մեթոդներով առաջնորդվել՝ ապավինելով սեփական բազկին, կա՛մ հարեւան գյուղերից գյուղտեխնիկա խնդրում, բերում` խոտհունձը կազմակերպելու համար:

Ըստ մասնագետների` տարիների ընթացքում առկա գյուղատնտեսական տեխնիկան այնքան է մաշվել, որ դրանց մի մասն ուղղակի շարքից դուրս է եկել. ի վերջո, եղած տեխնիկայի գերակշռող մասը շահագործվում է ավելի քան 30 տարի, իսկ մաշվածության աստիճանն անցնում է 60 տոկոսից: Ուշագրավ են այս առումով պաշտոնական թվերը. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկաներից տրակտորների քանակը այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 12 հազար 85: ԱՎԾ տվյալներով` դրանց թիվը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 125-ով ավելացել է: Ի դեպ, Հայաստանում կա 15 հազար 413 տրակտոր, որից միայն 12 հազար 85-ն է սարքին: Ստացվում է, որ 3 հազար 328 հատ տրակտոր սարքին չէ: Օրինակ` Գեղարքունիքի մարզում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ սարքին տրակտորների թիվը կազմում է 2 հազար 250, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում` 2 հազար 240: Նշենք, որ Վայոց ձորի մարզը տրակտորներից ամենաաղքատն է. բայց չնայած սրան` մեկ տարվա ընթացքում այս մարզում տրակտորները 5-ով ավելացել են: Այս մարզում հունվարի 1-ի դրությամբ տրակտորների թիվը կազմել է 553` նախորդ տարվա 548-ի դիմաց:
Գյուղտեխնիկաներից հացահատիկային կոմբայնների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 16-ով: Դրանց քանակությունը ամբողջ Հայաստանում կազմում է 1352, որից միայն 1047-ն է սարքին: Հայաստանում կա 1802 հատ սարքին տրակտորային խոտհնձիչ: Այս տեսակի գյուղտեխնիկայից Լոռու մարզում կա 380 հատ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Լոռիում մեկ տարում ընդամենը մեկ խոտհնձիչ է ավելացել: Իսկ իշխանությունները դեռ խոսում են դեմքով գյուղն ու գյուղացին շրջվելու եւ, ընդհանրապես, մարզերի համաչափ զարգացման մասին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱԽԱԶԸ ՉԷՐ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ
Փետրվարի 9-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, նշանակված էր ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետ Գերասիմ Մարդանյանի դատավարության հերթական նիստը: 37-ամյա Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում Ժորա Սիմոնյանին խոշտանգելու համար: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով (Խոշտանգումը): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վերջինիս պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են: Դատական նախորդ` հունվարի 23-ին կայացած նիստում մեղադրողը` Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ներսես Չիլինգարյանը, հայտարարեց, որ ինքն այդ օրն է ստացել ՀՀ գլխավոր դատախազության լիազորագիրը, նա Գ. Մարդանյանի պաշտպան Ռոբերտ Ալիխանյանի կողմից դատարանում ներկայացված միջնորդությունների վերաբերյալ վերաբերմունք արտահայտելու համար քրեական գործերի նյութերին ծանոթանալու նպատակով խնդրեց հետաձգել դատական նիստը: Դատավոր Զ. Զաքինյանն այդ պատճառով հունվարի 23-ի նիստը հետաձգեց: Փետրվարի 9-ի նիստին քրեական գործով մեղադրող դատախազը չէր ներկայացել: Դատավոր Զ. Զաքինյանը դատական հաջորդ նիստը նշանակեց մարտի 6-ին: Փետրվարի 9-ի նիստին դատախազի չներկայանալու պատճառը, իմ տեղեկություններով, այն է, որ քրեական գործում ներկայացված ապացույցները ուժեղ չեն, մեղադրանքն առաջադրած եւ պաշտպանած ՀՀ գլխավոր դատախազությունում հասկանում են, որ առաջադրված մեղադրանքը դատարանում պաշտպանելը հեշտ չի լինի: Այդ պատճառով ՀՀ գլխավոր դատախազությունում ցանկանում են, որ քրեական գործով մեղադրանքը դատարանում պաշտպանի ոչ թե ՀՀ գլխավոր դատախազության դատախազը, այլ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի ավագ դատախազ Ն. Չիլինգարյանը: Վերջինս էլ հասկանալով իր համար ոչ ցանկալի իրավիճակը` չի ցանկանում որպես մեղադրող ներգրավվել այդ դատին:

 

 

ԹԱՓԱՌՈՂ ԿՈՎԵՐՆ ՈՒ ՁԻԵՐԸ
Տավուշի մարզով ձգվող միջպետական ավտոճանապարհին հաճախ կարելի է տեսնել առանց հսկողության ձիերի երամակի, կովերի: Եղել են ավտոմեքենաների հետ կենդանիների բախման դեպքեր, վթարներ: Փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է` ե՞րբ կլուծվի խնդիրը: Մարզպետն ասաց, որ միջպետական ավտոճանապարհին հայտնվող երամակը մասնավոր անձի է պատկանում, ձիեր պահելով` այդ անձը մարզի տնտեսության զարգացման մեջ ներդրում է անում: Մարզպետի խոսքերով` այդ ձիերը կարող են նաեւ ավտոճանապարհով անցնել, մի խոսքով` խնդիր չեն ներկայացնում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս