ԻՆՉՈ՞Ւ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձանների պահպանության գործընթացներն ապահովելու նպատակով օրինազանցության դեպքերի վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում ինչպես ՀՀ ոստիկանություն, այնպես էլ դատախազություն: Նախարարությունը 2016-2017թթ. կատարված մոտ 18 օրինախախտման դեպքերի կապակցությամբ հայցադիմումներ է ներկայացրել իրավապահ մարմիններին խախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը:

Իսկ ոստիկանությունն ի՞նչ կոնկրետ մեխանիզմներ է մշակում` ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանությունը կազմակերպելու համար, արդյո՞ք համագործակցում է, օրինակ, համայնքապետերի հետ` նման դեպքերը կանխելու համար:
Ոստիկանությունից «Ժողովուրդ»-ի հարցմանը պատասխանեցին, որ պետական պահպանության գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից պահպանվում են ՀՀ կառավարության` 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության առընթեր ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերի եւ շինությունների, ինչպես եւ կարեւորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» որոշման հավելվածներում ընդգրկված պատմամշակութային հուշարձանները: Այդ դեպքերում ֆինանսավորումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեից:
«ՀՀ կառավարության կողմից վերոհիշյալ որոշման մեջ նմանատիպ նոր օբյեկտներ ընդգրկվելու դեպքում դրանք նույնպես սահմանված կարգով կվերցվեն պահպանության ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից: ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ստորաբաժանումներն իրենց պահպանության տակ գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությունն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում համագործակցում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ»,-ասված է պատասխանում:
Իսկ տեխնիկական, մարդկային ի՞նչ ռեսուրսներ են հարկավոր` նման դեպքերից խուսափելու համար: Ոստիկանությունից նշել են, որ դրանք սահմանվում են պահպանվող օբյեկտի համար կազմված նախնական հետազոտման ակտի հիման վրա եւ յուրահատուկ են պահպանության վերցվող ամեն օբյեկտի համար, այսինքն` յուրաքանչյուր դեպքում ցուցաբերվում է անհատական մոտեցում:
Ոստիկանության, համայնքապետերի, մշակույթի նախարարության ցուցաբերած «անհատական մոտեցման» արդյունքը, սակայն, տարիներ շարունակ գործնականում տեսանելի չէ: Երբ վնասվում է, կողոպտվում է որեւէ հուշարձան (հիշենք, օրինակ, Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավեն» քանդակը վնասելու մասին դեպքերը: Այն, ի դեպ, գտնվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայության պահպանության ներքո), մշակույթի նախարարությունը տվյալ հուշարձանի պահպանման եւ վերականգնման գործը գցում է համայնքի ղեկավության վրա, համայնքապետարանից իրենց հերթին նշում են, որ հուշարձանը պահպանելու կամ վերականգնելու համար միջոցներ չունեն, ոստիկանությունն էլ հաճախ լվանում է ձեռքերը: Այդպիսով` հուշարձանի փրկությունը լավագույն դեպքում ստանձնում է բարերարը:
«Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ մշակույթի նախարարությանը հետեւյալ հարցով` գերատեսչությունը կողոպուտի, թալանի, վանդալիզմի դեպքերից խուսափելու համար հուշարձանների պահպանության ի՞նչ կոնկրետ մեխանիզմներ է մշակում:
Նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը մեր հարցմանն ի պատասխան` տեղեկացրեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն հանձնված եւ նրա տնօրինության տակ գտնվող հուշարձանների հսկողությունն անմիջապես իրականացնում է սեփականատերը կամ օգտագործողը. «Վահանավանքի համալիրում Սյունյաց թեմի հետ համաձայնությամբ նշանակված է մոմավաճառ եւ հոգեւոր հովիվ, եւ կատարված թալանի դեպքը իրականացվել է թեմի կողմից գանձանակը տեղադրելուց հետո ոչ պատշաճ հսկողության պատճառով»,-ասված է նախարարի տեղակալի պատասխանում:
Ինչ վերաբերում է կոնկրետ մեխանիզմներին, փոխնախարարը պատասխանել է. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ստեղծվել է օպերատիվ արձագանքման բաժին եւ գործում է թեժ գիծ: «Միաժամանակ, ՀՀ մշակույթի նախարարությունում քննարկվում է առաջին իսկ հնարավորության դեպքում լուծել հուշարձանների տեխնիկական վերազինման հարցը (տեսախցիկների տեղադրում, լուսաձայնային ազդանշաններով ապահովում)»:
Հարց է ծագում` երբ եւ ինչ միջոցներով պետք է ընձեռվի այդ «առաջին իսկ հնարավորությունը», եթե հուշարձանների պահպանությունն ապահվելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ պետական բյուջեից սուբսիդավորման եղանակով տարեկան միջոցներ է հատկացնում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին. 2017 թվականին հատկացված միջոցները կազմել են ընդամենը 368 միլիոն 694 հազար դրամ, 2018-ին` 344 միլիոն 332 հազար դրամ: Ոլորտի մասնագետները բազմիցս բարձրաձայնել են այն մասին, որ դա չնչին գումար է, եւ այդ միջոցներով հնարավոր չէ ապահովել հարյուրավոր հուշարձանների պահպանությունը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ` ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Դերասան Սամվել Թոփալյանը նկարահանվել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր` «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը` դերասանը. «Նկարահանման պրոցեսն ինձ համար շատ հետաքրքիր է եղել: Իմ կերպարում առկա են նաեւ հումորային տարրեր: Խաղում եմ ժամանակակից մարդու` իր ձգտումներով, մարդկային եւ ոչ մարդկային քայլերով: Սա Մհեր Մկրտչյանի հետ իմ երրորդ համագործակցությունն է (մինչ այդ խաղացել եմ նրա «Կյանք ու կռիվ 2» եւ «Հոսանքին հակառակ» ֆիլմերում): Ֆիլմը դեռ մոնտաժային փուլում է»,-մանրամասնեց Սամվելը:
Հարցին, թե արդյո՞ք հեռուստադիտողներից շատերի կողմից սիրված «Հոսանքին հակառակ» ֆիլմը կունենա շարունակություն, Սամվելը պատասխանեց. «Չեմ կարծում»:
Մենք հետաքրքրվեցինք` զարգացման տեմպը, որ բռնել է հայ կինոարտադրությունը, արդյո՞ք բավարարում է դերասանին. «Շատ ֆիլմեր են նկարվում, որոնց մասին մենք նույնիսկ տեղյակ էլ չենք, չգիտենք` ինչ որակ ունեն, ինչի մասին են: Բայց, առհասարակ, ես նկատել եմ, որ մեր ֆիլմերին պակասում է մարդը: Խոսում են ամեն ինչի մասին` մոռանալով, որ արդյունքում կորչում է մարդը:
Բայց հիշենք, որ մենք ունեցել ենք մարդու մասին հրաշալի ֆիլմեր, վառ օրինակ է «Մենք ենք, մեր սարերը»,-կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:
Սամվելը նաեւ տեղեկացրեց, որ խաղում է երկու նոր ներկայացումներում: «Գոյ» թատրոնում բեմադրվել է «Քարանձավի մարդիկ» անունը կրող ներկայացում, որտեղ դերասանը մարմնավորում է հոր կերպարը, իսկ Մալյան թատրոնում բեմադրվել է «Անունը» ներկայացումը, որտեղ Սամվելը խաղում է Կլոդ:
«Նմանատիպ դերեր երբեւէ չէի խաղացել, ինքս ինձ բացահայտեցի նոր տեսանկյունից, մնացածի վերաբերյալ արդեն հանդիսատեսը պետք է դատողություններ անի»,-նկատեց դերասանը:
Արդեն 11 տարի է, ինչ Սամվելը խաղում է թատրոնում: Մենք հարցրինք` տեսնո՞ւմ է, արդյո՞ք. առաջընթաց, որն ակնկալել էր տասը տարի առաջ. «Իմ բախտը բերել է, որ աշխատում եմ տեսակ ունեցող երկու թատրոններում: Ուրախ եմ, որ տարեցտարի ստեղծագործական պրոցեսն ավելի հետաքրքիր է դառնում: Այսօր, կարծում եմ, հայ թատրոնի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը կապված է պետական մակարդակով անտարբեր վերաբերմունքի հետ: Պետությունը թատրոնին, մշակույթին ուղղակի փող չի հատկացնում»-շեշտեց դերասանը:
Իսկ դիտարկմանը, թե մշակույթի նախարարությունը երբեմն հովանավորում է ներկայացումները, Սամվելը պատասխանեց. «Դա նորմալ պրոցես է, նույնն է, թե ոգեւորվենք այն բանից, որ երթուղայինի վարորդը նորմալ վարել գիտի»:
Ամեն դեպքում, մեր զրուցակիցը շեշտեց, որ չի ֆիքսվում նման հարցերի վրա, այլ պարզապես իր գործն է անում:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ
Ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերի երկօրյա պայքարից հետո մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարները գերմանացիներն են: Գերմանիայի օլիմպիական թիմն ունի 3 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Նիդեռլանդների հավաքականն է, որն ունի 2 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ: Եռյակի վերջում ԱՄՆ ընտրանին է` 2 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով:
«Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում օլիմպիական խաղերը:
Նշենք, որ խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:
Հայաստանը ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցում է 3 մարզիկով` դահուկորդներ Միքայել Միքայելյան, Կատյա Գալստյան եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյան: Առաջինը պայքարի մեջ կմտնեն Կատյա Գալստյանը եւ Միքայել Միքայելյանը փետրվարի 13-ին: Գալստյանը երկրորդ մեկնարկը կունենա փետրվարի 15-ին: Միքայել Միքայելյանը տղամարդկանց ազատ ոճում կմրցի փետրվարի 16-ին: Փետրվարի 18-ին իր առաջին մեկնարկը հսկա ոլորավայրէջքում կունենա Աշոտ Կարապետյանը: Նա փետրվարի 22-ին ուժերը կփորձի նաեւ հատուկ ոլորավայրէջքում:




Լրահոս