ՀԱՅՏՆԻ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻՆ` ԱԱԾ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 9-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանում հայտնի հաղորդավարուհի Դինա Ակոպովնային ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու եւ փողերի լվացման համար:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` ԱՄՆ-ում հայտնաբերվել է վիզայի հետ կապված խարդախության մեջ մեղադրվող երեք հայ:
Նրանք, ենթադրաբար, ՀՀ քաղաքացիներին ապահովել են պարի կեղծ վկայագրերով, տրամադրել ազգային կոստյումներով բեմականացված լուսանկարներ, որոնք կբավարարեին «P-3» տեսակի ԱՄՆ մուտքի վիզա ստանալու համար: Վերջինս նախատեսված է արտիստների համար:
47-ամյա Ստելլա Բոյաջյանը`ՆյուՅորքից, 30-ամյա Հրաչյա Աթոյանը` Գլենդելից եւ 41-ամյա Դիանա Գրիգորյանը` ՀՀ-ից, ով հայտնի է նաեւ Դինա Ակոպովնա անունով, Բրուքլինի դաշնային դատարանում 15 կետով մեղադրվել են ԱՄՆ մուտքի արտոնագրի հետ կապված խարդախությունների համար: Ըստ մեղադրական եզրակացության` վերոնշյալ երեք անձինք խարդախություններով օգնել են արտասահմանցիներին մուտք գործել ԱՄՆ:
Ստելլա Բոյաջյանն ու Դիանա Ակոպովնան մեղադրվում են նաեւ փողերի լվացման համար, իսկ Բոյաջյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ անձնական տվյալների գողության համար:
Հաղորդավարուհին ու փողերի լվացումը
Խնդրի հետ կապված արձագանքել էր նաեւ Դինա Ակոպովնան` նշելով, որ ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր է տրամադրել իրեն.«Եթե խնդիր ունենայի, ապա կմերժվեի»: Ըստ հաղորդավարուհու` նա վերջին անգամ ԱՄՆ մուտք է գործել 2014 թվականի մայիսին` համերգային ծրագրով, որպես մրցանակակիր:
«Տվյալ համերգային ծրագրի կազմակերպիչը նույն ինքը` Ստելլա Բոյաջյանն էր. համերգին մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերից լավագույն մասնակիցներ, տասնյակ պարային խմբեր, երաժիշտներ եւ հայտնի կատարողներ` Սպիտակցի Հայկո, Եղիշե Գասպարյան, Անդի, Սուպեր Սաքո եւ այլք: Համերգի ավարտից անմիջապես հետո` մայիսի վերջին, վերադարձել եմ Հայաստան եւ դրանից հետո չեմ մեկնել ԱՄՆ, թեեւ ունեի մուտքի արտոնագիր: Իսկ տվյալ կնոջ` Ստելլա Բոյաջյանի հետ գործնական շփումը եղել է այդ մեկ անգամը, այլ կերպ ասած` առաջին ու վերջին անգամը…»: Ի դեպ, հաղորդավարուհին հայտնել էր, որ իրեն 2014 թվականին ԱԱԾ էին կանչել եւ պարզել էին, որ նա Ստելլա Բոյաջյանի հետ կապ չի ունեցել.«Հետո տեղեկացա, որ բավական թվով մարդիկ, այդ թվում հայտնի արվեստագետներ, Ստելլա Բոյաջյանի ուղարկած վիզայով մեկնել են ԱՄՆ ու չեն վերադարձել Հայաստան»:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե ինչ գործով են հաղորդավարուհուն կանչել ԱԱԾ հարցաքննության: «Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց հարցաքննությունից եւ քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել: Եվ այսպես` 2016 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել աղմկահարույց մի քրեական գործ, որը բացահայտում է, թե ինչպես է համերգներ տալու պատրվակով ՀՀ 34 քաղաքացի մեկնել Ամերիկիայի Միացյալ Նահանգներ:
Քաղաքացի Աննա Գրիգորյանը տեղեկացել է, որ ԱՄՆ-ում մշտական բնակվող Ստելլա Բոյաջյանը ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու համար Հայաստանից հավաքագրել է 34 քաղաքացիների: Աննան եւս ցանկություն է հայտնել մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում՝ փոխարենը խոստանալով աջակցել, որ նշված խմբի անդամներին կօգնի ԱՄՆ հասնել:
ԱՄՆ տեղափոխելու մեխանիզմները
Նա քաղաքացի Արամ Հովսեփյանի հետ մի սցենար է մշակում, որի արդյունքում հնարավոր լինի 34 քաղաքացիների ժողովրդական երգի եւ պարի խմբի անվան տակ դեսպանատուն մտցնել:
Եվ այսպես՝ քաղաքացի Արամ Հովսեփյանը, համաձայնության գալով «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» նախագահ Արտաշես Մեսրոպյանի հետ, պատրաստում է «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» անդամ «Հայաստան» ժողովրդական երգի եւ պարի ստուդիայի ուսման թվով 34 կեղծ վկայականներ: Այդ փաստաթղթերի հիման վրա խմբով մտնում են դեսպանատուն, որպեսզի մեկնեն ԱՄՆ:
Սակայն գործարքը չի ստացվում, «բռնվում են»: Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրում ե՛ւ Արամ Հովսեփյանին, ե՛ւ «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» նախագահ Արտաշես Մեսրոպյանին, ե՛ւ Աննա Գրիգորյանին՝ ապօրինի միգրացիա կազմակերպելու հատկանիշներով:
Արդյունքում` 2017 թվականի գործը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակել էր այս գործով վճիռը եւ Աննա Գրիգորյանին ազատազրկման ենթարկել 3 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:
Արամ Հովսեփյանի եւ Արտաշես Մեսրոպյանի նկատմամբ նշանակվել էր պատիժ` 400 հազար դրամի չափով:
Ահա այս քրեական գործի շրջանակներում էլ հաղորդավարուհին հարցաքննվել էր ԱԱԾ-ում:
Դատելով ստեղծված իրավիճակից` ՀՀ իրավապահները ԱՄՆ-ում բնակվող Ստելլա Բոյաջյանի հետ Հայաստանից ապօրինի միգրացիա կազմակերպողներին պատասխանատվության էին ենթարկել, իսկ ահա մեկ տարի անց Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահները Ստելլա Բոյաջյանի եւ հաղորդավարուհու գործողությունների մասով նոր բացահայտումներ են արել եւ մեղադրանք առաջադրել:
Գոռ Վարդանյանը, հաղորդավարուհին եւ անօրինական միգրացիան
Ինչպես հայտնի է` Դինա Ակոպովնան «DOCANDO FEDERACIA»-ի մամլո քարտուղարն է եղել: 2015 թվականին հաղորդավարուհին հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ 9 տարի է` ֆեդերացիայի եւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի կողքին է եղել: «Առաջին քայլերս եղել է հենց այս ֆեդերացիայի օգնությամբ: Մինչեւ օրս այս ֆեդերացիայի հաղորդավարուհին եմ»: Ավելին` հարորդավարուհին Գոռ Վարդանյանի հետ նկարահանվել էր «Հրեշների գայլը» ֆիլմում, որը ոստիկանության սպայի մասին է: Ի դեպ, ֆիլմը որոշ ժամանակ անց արգելվեց ցուցադրել, քանի որ ֆիլմում այնպիսի տեսարաններ կային, որը ստվեր էր գցում ոստիկանության գործունեության վրա: Չի բացառվում, որ ԱՄՆ-ում Ակոպովնան իր անօրինական գործունեությունը ծավալել է Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի «բարձր հովանու ներքո»: Ամեն դեպքում, այս ամենը պետք է իրավապահները բացահայտեն:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Գոռ Վարդանյանի հետ:
-Պարո՛ն Վարդանյան, հաղորդավարուհի Դինա Ակոպովնան Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից մեղադրվում է խարդախության մեջ:
-Ի՞նչ կապ ունեմ ես Դինայի հետ:
-Նա Ձեր գործավարուհին է եղել, Ձեր օգնականը:
-Նա ո՛չ իմ գործավարուհին է եղել, ո՛չ իմ օգնականը:
-Մեզ տեղեկություններ են հասել, որ Դուք այդ քրեական գործի հետ կապ ունեք:
-Ձեր հոգուն մեռնեմ, ես ի՞նչ կապ ունեմ Դինա Ակոպովնայի հետ:
-Կրկնում եմ` նա Ձեր օգնականն ու գործավարուհին է եղել:
-Ո՛չ, Դինա Ակոպովնան 2000-ից, ինչքան հիշում եմ, 2000-ից 2014 թվականը եղել է Հայաստանի դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի մրցումները անցկացնող հաղորդավար, մրցումները հենց անցկացնում էինք, իրեն հրավիրում էինք որպես հաղորդավար կամ մեկ ուրիշի էինք հրավիրում, սա է ընդհանուր կապը մեր եւ Դինա Ակոպովնայի միջեւ:
-Վստա՞հ եք հիմա` նրա դեմ ԱՄՆ-ի իրավապահների կողմից խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի հետ կապ չունե՞ք:
-Էս քաղաքում, հիմա տեսեք, ով ինչ մեղադրանք ունի, ուրեմն ես իր հետ պետք է կա՞պ ունենամ:
-Հիմա կոնկրետ մենք այդ դեպքով ենք հարցնում:
-Ես ինչ կապ ունեմ Դիան Ակոպովնայի հետ:
Նկատենք, որ քաղաքապետի խորհրդականը բավականին խառնվեց իրար` լսելով Դիանա Ակոպովնայի մասին եւ հիմնավոր փաստեր ներկայացնելու փոխարեն անընդհատ կրկնում էր, թե ինչ կապ ունի նրա հետ: Ի դեպ, Գոռ Վարդանյանի գործունեության ամենաուշագրավ դրվագներից մեկն էլ կապված է նրա քաղաքական դիրքորոշման հետ. երբ նա բնակվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, արմատական ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս: Սակայն Հայաստան վերադառնալուց հետո նրա հայացքները միանգամից փոխվեցին, եւ նա դարձավ ՀՀԿ-ի մոլի հետեւորդներից, այն աստիճան մոլի, որ երեկ հանուն ՀՀԿ-ական քաղաքապետի` բռնություն էր գործադրում ավագանու կին անդամներից մեկի նկատմամբ:
Հ.Գ. Նշենք, որ մինչ Դիանա Ակոպովնան իրենն է պնդում, թե խնդիր չունի, Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության խոսնակ Նիկոլ Նավաս Օքսմանին (Nicole Navas Oxman) լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ ԱՄՆ իրավապահների համար ՀՀ քաղաքացի Դինա Ակոպովնան այս պահին փախուստի մեջ է, չունի ԱՄՆ մուտքի արտոնագիր, եւ ավելին` այդ երկրում նրան կարող է 20 տարի եւ ավելի ազատազրկում սպառնալ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԹՄՐԱՄՈԼՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԿԵՆՏՐՈՆԻ
Փետրվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադարձել էր հանրապետությունում հանցագործությունների դեպքերին` նշելով, որ էական աճ կա կոռուպցիոն հանցագործությունների գծով, թմրանյութերի ապօրինի շրջանառության ոլորտում: Ու մինչ իրավապահ համակարգը պայքար է տանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, թմրամոլները դատի են տալիս նարկոլոգիական կենտրոնին: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ն որոշ անձանց, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, բժշկական փաստաթղթերում կազմել են եզրակացություն, որ նրանք թմրամոլ են, սակայն վերջիններս դիմել են Երեւան քաղաքի դատարան` պահանջելով, որ դատարանը ստիպի կենտրոնին բժշկական փաստաթղթերում որպես թմրամոլ գրառումը վերացնել եւ նրանց թմրամոլների հաշվառումից հանել:

 

 

ԿԱՇԱՌՔ ՏՎՈՂՆԵՐՆ ՈՒ ՀՔԾ-Ն
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ «Վանաձոր» ՔԿՀ պետի կաշառքի գործով նախաքննությունը ավարտվել է: Բայց այս գործից առանձին մաս էր անջատվել: Եվ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ում առանձնացված քրեական գործը վերաբերում է «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալներին, որոնք եղել են ՔԿՀ պետի եւ այլ պաշտոնատար աձանց կաշառք տվողները: Այլ կերպ ասած` նրանց դեմ էլ քրեական գործ է հարուցվել կաշառք տալու մեղադրանքով: Հիշեցնենք` 2017թ. հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորել էր «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետ Գեւորգ Մկրտչյանին, օպերատիվ բաժնի պետին եւ այլ ծառայողների: Ըստ նախաքննություն իրականացնող մարմնի` նրանք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են 2 միլիոն 750 հազար դրամ: Կաշառք տալու, կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները անցնելու քրեական գործով 13 հոգի հայտնվել է մեղադրյալի աթոռին, որից 11 անձի մասով նախաքննությունը ավարտվել է, իսկ ահա 2 անձի մասով նախաքննությունը ՀՔԾ-ում շարունակվում է:

 

 

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` Գավառի բնակչին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է: Փետրվարի 12-ին «Գավառ» ԲԿ է տեղափոխվել «զույգ ստորին վերջույթների եւ կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին ախտորոշմամբ քաղաքացի: Տուժողը Գավառի բնակիչ է. նախնական տվյալներով` նա հրազենային վնասվածքը ստացել է նույն քաղաքի բնակիչներից մեկի տանն արձակված կրակոցների հետեւանքով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակոցի հետքեր, փայտի վառարանում` տրորված գնդակ, դրսի արտաքնոցում` 6 հատ պարկուճ եւ արնանման հետքեր: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ` ՀՀ քր. օր. 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, մեկ անձ ձերբակալվել է հանցագործությունը պարտակելու կասկածանքով:




Լրահոս