ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ԴԱՏԱՐԿ ԿՐԱԿՈՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ԱՄՆ-ում մի զեկույց հրապարակվեց, որը ներկայացնում է ԱՄՆ ՀԴԲ-ի (FBI) ձեռնարկած միջոցառումների եւ մասնավորապես ռուսական հետքի շուրջ ընթացող հետաքննության որոշ մանրամասներ: Այն նոր քաոս է առաջացրել ԱՄՆ քաղաքական շրջանակներում` թույլ տալով շատերին պնդելու, որ ՀԴԲ-ի ղեկավարությունը դիտավորությամբ հակաթրամփյան քաղաքականություն է վարում: Այդ կարծիքն արդեն իսկ հասցրել է տիրաժավորվել Թրամփի կողմից` մեղադրելով ՀԴԲ-ին կանխակալ վերաբերմունքի մեջ:

ԱՄՆ Սենատի ազգային անվտանգության եւ կառավարական հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ռ. Ջոնսոնի զեկույցը կենտրոնացած է Թրամփի քարոզարշավում ռուսական հետքը փնտրող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հանձնախմբի` արդեն նախկին անդամ Փիթեր Սթրոքի ու ՀԴԲ-ի իրավաբան Լիզա Փեյջի զրույցների վրա: Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀԴԲ այս աշխատակիցներին հանձնարարվել էր կառույցի` արդեն նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի համար տեղեկատվություն պատրաստել դեռեւս նախագահ Օբամային ներկայացնելու համար: Փեյջը իր նամակում գրում է, որ նախագահը ցանկանում էր իմանալ այն ամենը, ինչով զբաղված էին ՀԴԲ-ի աշխատակիցները հատկապես ԱՄՆ ընտրություններում ռուսական միջամտության ու Հիլարի Քլինթոնի դեմ հարուցված քրեական գործերով: Հիշեցնենք, որ ՀԴԲ-ն քրեական գործ էր հարուցել նախկին պետքարտուղար Քլինթոնի դեմ` անձնական համակարգչով պետական գաղտնի նամակներ գրելու ու պետական անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու մեղադրանքով: Այդ մանրամասն զեկույցները Օբաման պահանջել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ, որի ընթացքում խորհուրդ էր տվել ՌԴ իշխանություններին ձեռնապահ մնալ ԱՄՆ ներքին գործերին միջամտելուց:
Ավելի հետաքրքրական է Քլինթոնի դեմ վարվող հետաքննության մասին գաղտնի նամակների քննությունը: Սույն զեկույցում նշվում է, որ գործը կարճելուց երկու օր առաջ ՀԴԲ վերոնշյալ երկու աշխատակիցները, որոնց տված տեղեկատվությամբ է գործել Քոմին ու զեկուցել ԱՄՆ նախագահին ու գլխավոր դատախազին, իրենց զրույցի ընթացքում հատուկ ընդգծել են, որ այսօր արդեն նախկին դատախազ Լորետա Լինչը հրապարակավ խոստացել էր Քլինթոնի դեմ հարուցված քրեական գործի հետագա ընթացքի հարցում անվերապահորեն ընդունել ՀԴԲ-ի առաջարկությունները: Այլ կերպ ասած` եթե ՀԴԲ-ն առաջարկեր Քլինթոնին հանգիստ թողնել, ԱՄՆ գլխավոր դատախազը չէր առարկելու, ինչի ակնկալիքն էլ հենց ունեցել են վերոնշյալ աշխատակիցները:
Ավելին` հարցեր են ծագում նախագահ Օբամայի` հետաքննությունների հարցում դրսեւորած ակնհայտ հետաքրքրվածության առումով: Հանրապետականները արդեն իսկ ակնարկում են, որ Օբամայի շահագրգռվածությունը պատահական չէր կարող լինել: Նման կարծիքի համար հիմք է ընդունվում այն հանգամանքը, որ Թրամփի դեմ ռուսական կապերի մասին առաջին տեղեկատվությունը եկել է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անմիջական նախաձեռնողականության արդյունքում: Եվ ՀԴԲ-ի հետաքննիչները, փաստորեն, գործ են հարուցել` առանց խորամուխ լինելու, որ ռուսական հետքի մասին առաջին տեղեկությունները ջրի երես են դուրս եկել Թրամփի քաղաքական հակառակորդների օգնությամբ: ԱՄՆ դատարանը Թրամփի քարոզչարշավում ռուսական հետքի շուրջ հետաքննությունների շարունակման մասին որոշում է կայացրել` հիմնվելով վերոնշյալ տեղեկատվության ու զեկույցների վրա, որոնք, ըստ հանրապետականների, կանխակալ են եղել ու դիտավորյալ ուղղված են Թրամփի դեմ: Եթե դրան գումարվում է նաեւ Քլինթոնի դեմ գործի կարճումը, ապա իրական դավադրության տպավորություն է առաջանում: Թրամփն իր թվիթերյան արձագանքներում արդեն իսկ հրապարակված տեղեկությունները համարել է ցնցող, իսկ Սպիտակ տունը պաշտոնապես լրջագույն կասկածներ է հայտնել ՀԴԲ-ի ու ԱՄՆ արդարադատության նախարարության ղեկավարության կայացրած որոշումների շուրջ` պետական դիրքի ու հնարավորությունների չարաշահման ակնարկով: Դրան անմիջապես արձագանքել է ԱՄՆ գլխավոր դատախազությունը` շեշտելով, որ որեւէ պետական մարմին իդեալական չէ: Շեշտվում է, սակայն, նախարարությունը պատասխանատու է ԱՄՆ քաղաքացիների ու նրանց ընտրած իշխանությունների առաջ (նախագահ եւ Կոնգրես), ուստի առաջիկայում կոնկրետ միջոցառումներ է ձեռնարկելու` այդ պատասխանատվությունը իրացնելու համար:
Ակնհայտ է, որ Թրամփն ու հանրապետականները փորձում են օգտագործել հարմար առիթը` արժեզրկելու Մյուլերի հետաքննությունն ու կասկածներ հարուցելու դրա հիմնավորվածության շուրջ: Խնդիրը ներկայացնելով սոսկ ներքաղաքական հարթակում` հանրապետականները հարցը տեղափոխում են դեմոկրատների հետ միջկուսակցական սահմանափակ հակադրության դաշտ: Սա, ըստ էության, պատասխան է Մյուլերի հետաքննության վերջին շրջանի հաջող ընթացքին: Սակայն չի կարելի եւ մոռանալ, որ Մյուլերը վերոնշյալ ՀԴԲ աշխատակիցներին դեռեւս ամռանն էր հեռացրել իր հանձնախմբից` տեղեկանալով նրանց հակաթրամփյան գաղափարների ու կողմնակալ լինելու մասին: Այս առումով զեկույցն ու դրա շուրջ հյուսված ակնարկները ընդամենը դատարկ կրակոց են` առանց լուրջ հետեւանքների: ՀԴԲ-ն պարտավոր էր հետաքննություն սկսել առկա տեղեկատվության հիման վրա` անկախ նրանից, թե ով է դրա աղբյուրը:
Հայաստանում հաշվի առնելով իշխանության բացարձակ բրգաձեւությունը` այսպիսի իրավիճակները ներկայումս բացառվում են: Սակայն նման մի երեւույթ հայկական իրականությունում տեղի է ունեցել 1999-2000թթ., երբ Ռ. Քոչարյանը դեռ ստիպված էր իշխանությունը կիսել երկրապահների հետ: Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի խոսափողները շարունակաբար դժգոհում էին, որ քննիչները հանցագործներին տանջալից հարցաքննությունների են ենթարկում, իբր կեղծ ցուցմունքներ են կորզում, չարաշահում են իրենց պաշտոնեական լիազորությունները եւ այլն: Հետաքննության ընթացքի հանդեպ այդպես կասկած հարուցելով` վարչապետին ու Պնախարարին պաշտոնազրկելուց հետո Քոչարյանը, ի վերջո, հասավ թե՛ կազմակերպիչների մասով գործի կարճմանը, թե՛ ազատ արձակեց իր շրջապատի ձերբակալված անդամներին:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔ Է ՊԵՏՔ
Ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի` անտառահատմամբ չզբաղվելու համար մարդիկ պետք է աշխատանք ունենան: Ըստ նրա` անտառային տարածքների հարակից գյուղերի բնակիչները հաճախ ստիպված են անօրինական կերպով կտրել անտառների ծառերը` ձմռանը պատրաստ լինելու համար: «Սակայն անտառներին հիմնականում վնաս են հասցնում ոչ այնքան հարակից գյուղերի առանձին բնակիչները, որքան համակարգված անտառահատումներ կազմակերպող գործարարները»,-ասել է Կ. Դանիելյանը: Բնապահպանը կարծիք է հայտնել, որ աշխատանքի բացակայության պատճառով գյուղի բնակիչներն ակամայից անօրինական գործունեության մասնակից են դառնում: Այդ խնդիրը միշտ եղել է, եւ դրա հաշվին մի շարք անբարեխիղճ գործարարներ կարողություններ են վաստակել, իսկ սովորական մարդիկ ոչ մի լուրջ բան չեն ստացել: «Բացի այդ` բիզնեսի շահերից բխող համակարգային անտառահատումը չի կարող իրականացվել առանց լուրջ կոռուպցիոն բաղադրիչի եւ գործարարների ու պաշտոնյաների միջեւ պայմանավորվածության»,-հավելել է բնապահպանը:

 

 

ԳՆԱՃԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՎԵԼԱՆԱԼ
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ 2018 թվականի հունվարին արձանագրվել է 2.7% գնաճ` գրեթե նույնքան, որքան նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշն է, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 2.7%, ընդ որում, հարկային եւ մաքսային փոփոխությունների ուղղակի եւ անուղղակի ազդեցությունները գտնվել են ԿԲ կողմից գնահատված չափի սահմաններում: Արտաքին հատվածում փաստացի զարգացումները հիմնականում արտահայտվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման շարունակվող միտումներով եւ միջազգային որոշ ապրանքային շուկաներում պահպանվող գնաճային միջավայրով: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ թույլ գնաճային ազդեցություններ: Բարձր տնտեսական ակտիվությունն ուղեկցվել է ներքին մասնավոր պահանջարկի աճի արագ տեմպերով, որին շարունակում են նպաստել ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը եւ ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման համեմատաբար բարձր աճը: Այնուամենայնիվ, պահանջարկի վերականգնման կայունությունը ապահովելու համար դեռեւս պահպանվում է դրամավարկային խթանման անհրաժեշտությունը: ԿԲ-ն գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո միջնաժամկետում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կշարունակի աստիճանաբար ավելանալ` տատանվելով թույլատրելի միջակայքում, հետագայում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ: Տնտեսական զարգացման հեռանկարներից եւ գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ
ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին ընդգրկել է այն երկրների ցանկում, որտեղ առկա է ահաբեկչության սպառնալիք, hաղորդում է Ermneihaber-ը: Նշվել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման համակարգ: Համաձայն որի` թեեւ կովկասյան երեք երկրները սահմանակից են տարածաշրջանին, որտեղ Իսլամական Պետության դեմ պատերազմ է ընթանում, սակայն այդ երկրներից Հայաստանում ու Վրաստանում ահաբեկչության ռիսկը ցածր է: Միեւնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են քաղաքացիներին Ադրբեջան այցելելու հարցում զգուշավորություն ցուցաբերել: Հայտարարության համաձայն` Ադրբեջանում ահաբեկչության հավանականությունը մեծ է, քանի որ այդ երկրում կան ահաբեկչական խմբավորումներ, որոնք ցանկացած պահի կարող են գործողություններ իրականացնել: Նշվում է, որ ահաբեկչական հարձակումների վտանգ կա հետեւյալ վայրերում` զբոսաշրջային գոտիներում, սուպերմարկետներում եւ առեւտրի կենտրոններում, հյուրանոցներում, մշակութային կենտրոններում, դպրոցներում, ռեստորաններում եւ այլն:




Լրահոս