ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն այս ընթացքում հանդիպումներ ունեցավ ինչպես խորհրդարանական, այնպես էլ մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ: Բայց հատկանշական է փաստը, որ այդ ցանկից դուրս մնաց Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ»` նախկին «Օրինաց երկիր» կուսակցությունը:

Սա այն դեպքում, երբ Արմեն Սարգսյանը հարկ էր համարել հանդիպել անգամ քաղաքական դաշտում զրոյական ազդեցություն ունեցող այնպիսի կուսակցությունների հետ, որոնցից միայն անունն է մնացել՝ Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, ՍԴՀԿ, ՀՌԱԿ: Ու ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը նույնիսկ Դեմկուսի, ՀՌԱԿ-ի կամ Առաջադիմական միացյալ կոմկուսի չափ չկա:
Մինչդեռ, հիշեցնենք, ՀՎԿ-ն ոչ վաղ անցյալում (երբ դեռ ՕԵԿ էր) քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից մեկն էր, որը հասցրել էր մի քանի անգամ իշխող կոալիցիայի մաս կազմել: 1998թ. հիմնադրված այս կուսակցությունը 1999-2017թթ. ընթացքում մշտապես ներկայացված է եղել խորհրդարանում` ունենալով առանձին պատգամավորական խմբակցություն: 2003-2006թթ. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը: 2008-2014թթ. Արթուր Բաղդասարյանը ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր: 2006-2008թթ. այս կուսակցությունն ընդդիմադիր դիրքերից էր ներկայանում, բայց մարտի 1-ի սպանդից առաջ դարձավ իշխանության մաս: Հետո այս կուսակցությունն ընդդիմադիր ճամբարում հայտնվեց 2014թ., վիրավորվել էին, որ ՀՀԿ-ն իրենց անձնուրաց ծառայությունները չի գնահատում եւ մի քանի պաշտոն ավել չի տալիս: Բայց ՕԵԿ-ն իր գոյության մոտ 20 տարիների այս ընթացքում այնքան շատ էր փոխել իր քաղաքական կողմնորոշումը, որ վաստակեց անսկզբունքային, քցող, դավաճանական կեցվածք ընդունող կուսակցության իմիջ: Հավանաբար, դրա համար ՕԵԿ-ը որոշեց անվանափոխվել` վերածվելով «Հայկական վերածնունդ» կուսակցության, բայց նրանց վերածնունդը չօգնեց, դեռ ավելին՝ ՕԵԿ-ը վերջին ԱԺ ընտրություններին դուրս մնաց խորհրդարանից:
Հավանաբար ՕԵԿ-ի այս վայրիվերումներն ու վարկաբեկված լինելն է պատճառը, որ Արմեն Սարգսյանը որոշեց չհանդիպել վարկաբեկված կուսակցության հետ` վերջինիս թողնելով լուսանցքում` հավասարեցնելով մարդ-կուսակցություններին:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՎԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանին, որն ասաց, թե Ա. Սարգսյանի կողմից հանդիպման առաջարկ «Հայկական վերածնունդ»-ին դեռեւս չի արվել: Իսկ թե առաջարկի դեպքում ինչպիսի՞ն կլինի մոտեցումը, նա նշեց, որ եթե առաջարկ լինի, այդ ժամանակ «կուսակցությունն իր մոտեցումը կներկայացնի»:
Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանն էլ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` ասաց, թե այս պահին դեռ չկա ՀՎԿ-ի հետ հանդիպելու պայմանավորվածություն: Ըստ նրա` Արմեն Սարգսյանը խորհրդարանական ուժերի հետ հանդիպել է սեփական նախաձեռնությամբ, իսկ արտախորհրդարանականների դեպքում` նախաձեռնությունը հիմնականում եղել է հենց տվյալ ուժերի կողմից: Պետրոսյանը նաեւ նշեց, որ առաջիկայում այլ հանդիպումներ դեռեւս տեղի են ունենալու:
Միայն թե, նկատենք, եթե անգամ առաջիկայում Ա. Սարգսյանը հանդիպի ՀՎԿ-ի հետ, միեւնույն է` դրանով չի արժեւորի այս կուսակցությանը մեկ պարզ պատճառով. Արմեն Սարգսյանը, որ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշում կայացնելու համար ժամանակ էր խնդրել, արդեն ասել է, որ արդեն պատրաստ է հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ, հայտնելու դիրքորոշումը: Այսինքն՝ նա իր մեջ կայացրել է որոշումը, եւ առաջիկա օրերի հանդիպումներն արդեն ձեւական բնույթ են կրելու, ուղղակի սիրաշահելու համար դիմացինին:՝
Դարձ ի շրջանս յուր
Մինչ այդ, մեկ ուշագրավ փաստ. պարզվում է` «Հայկական վերածնունդ»-ն օրերս համագումար է անցկացրել եւ որոշում է կայացրել կրկին «Օրինաց երկիր» կոչվելու մասին: Հետաքրքիրն այն է, որ այդ համագումարն արվել է փակ դռների ետեւում` առանց լրատվամիջոցների: Իսկ տեղեկությունը հայտնի դարձավ միայն այն բանից հետո, երբ ՀՎԿ-ն մամլո հաղորդագրություն տարածեց համագումարի մասին: Թե որտեղ է անցկացվել համագումարը, պարզ չէ. կարելի է ենթադրել՝ նույն Արթուր Բաղդասարյանի աշխատասենյակում, մի քանի հոգով: Ինչպես երեւում է` այս ուժը որոշել է կրկին վերադառնալ «ակունքներին»: Պարզապես այստեղ հետաքրքիրն այն է, որ 2015 թվականի հունիսից ի վեր, երբ պաշտոնապես հայտարարվեց ՀՎԿ-ի ձեւավորման մասին, կուսակցության անդամներն ամեն կերպ ջանում էին ազատվել ՕԵԿ-ական անցյալից, սրբագրել նախկինի սխալները: Նրանք խիստ վիրավորվում էին անգամ ՕԵԿ հապավումը լսելիս: Իսկ հիմա ի՞նչ է ստացվում. իրենք վերադառնում են «աղջկական ազգանվանը»` ընդունելով, որ այս տարիներին եղել են նույն ՕԵԿ-ը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԴԵՌ ԾԱՆՈԹ ՉԷ
Ինչպես հայտնի է` փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ միջադեպ էր արձանագրվել ավագանու ՀՀԿ-ական տղամարդկանց եւ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի միջեւ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ:
-Պարո՛ն Լոքյան, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ազնվորեն, դեռ պետք է ծանոթանամ: Կմեկնաբանեմ, երբ խնդիրներին կծանոթանամ:
-Ամեն դեպքում, ինչպե՞ս եք վերաբերվում, երբ ՀՀԿ-ական տղամարդիկ այդպես են վարվում կնոջ հետ…
-Ի՞նչը նկատի ունեք…
-ՀՀԿ-ական տղամարդիկ քաշքշել են, մազերից են քաշել, հարվածել են, հրել… տեսանյութերից լավ երեւում է…
-Ես կնայեմ տեսանյութերը, ապա կպատասխանեմ:
-Արդեն մի քանի օր է` համացանցը ողողված է այդ տեսանյութերով, դեռ չե՞ք նայել:
-Հավատացեք` չեմ նայել:
Հ.Գ. Այսքանից հետո մնում է միայն արձագանքել հայտնի բացականչությամբ. «Իյա, իրո՞ք»:

 

 

 

ԱՏԿԱՏՈՎ
Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով ուշադրությունից դուրս մնացին կարեւոր հարցեր: Մասնավորապես պարզվում է` քաղաքապետարանն ավագանու նիստին ներկայացրել է Մոսկովյան փողոցը 222 մլն դրամով հիմնանորոգելու առաջարկ: Ըստ փաստաթղթերի` մոտ կես միլիոն դոլար արժողությամբ այդ ծրագրով նշված փողոցի 800 մետրանոց մի հատված նախ 5 սմ խորությամբ կտաշվի, ապա նոր ասֆալտբետոնե ծածկ կտեղադրվի, 28 դիտահոր կուղղվի, կվերակառուցվեն թեքահարթակները, մայթերին բազալտե նոր եզրաքարեր կտեղադրվեն։ Ծրագիրն իրականացվելու է կառավարության հետ համաձայնեցնելուց հետո: Սակայն էական թերություններ այդ փողոցում թերեւս չկան, եւ անհասկանալի է՝ ինչո՞ւ է քաղաքապետարանը որոշել այն հիմնանորոգել: Չնայած իրականում պարզ է քաղաքապետարանի նախաձեռնության իրական շարժառիթը. ասֆալտապատման ծրագրերից ատկատի ճանապարհով միլիոնավոր դրամներ են հոսում քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների գրպանները: Այնպես որ, պարոն Տարոն Մարգարյանը որոշել է իրեն չզրկել այդ հաճույքից:

 

 

 

ԹԱԼԱՆՈՒՄ ԵՆ ՈՒ ՔՑՈՒՄ
Հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին պատկանող ընկերությունների շուրջ դատական քաշքշուկները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ն դատի է տվել «Լիվը» ՍՊԸ-ին` պահանջելով կես միլիոն դրամ: Ըստ էության Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող ընկերությունը համապատասխան վառելիք է մատակարարել ընկերությանը, իսկ ընկերությունը քցել է գործարարին` չտալով գումարը:

 

 

 

ԴԻՄԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Գործադուլը հետաձգած փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը երեկ նամակ է հղել Սերժ Սարգսյանին: Նա խնդրել է չստորագրել փաստաբաններին դատարանի կողմից տուգանքի ենթարկելու դրույթ պարունակող երեք օրինագծերը: Հիշեցնենք, որ խորհրդարանն անցած շաբաթավերջին երկրորդ ընթեցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց վարչական եւ քրեական դատավարության օրենսգրքերում արված փոփոխությունները, եւ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը։ Այս երեք փաստաթղթերում էլ տեղ են գտել դատավարության մասնակցի, այդ թվում եւ փաստաբանի նկատմամբ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար մինչեւ 100 հազար դրամ սանկցիա կիրառելու դրույթները։ Արդարադատության նախարարությունն էլ նշել է, թե պատրաստ է լսել փաստաբանների մոտեցումներն ու փաստարկները, եւ այժմ աշխատում են «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ, ու այդ գործընթացի շրջանակում կարող են քննարկել փաստաբաններին հուզող այս եւ մնացած խնդիրները։

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Տեղի է ունեցել ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի եւ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձին հանդիպումը: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ. «Գագիկ Ծառուկյանը եւս մեկ անգամ պետք է հանդիպի խմբակցության պատգամավորների հետ, այնուհետեւ կկայացվի որոշում»:

 

 

ՄԵՐԺԵՑԻՆ
Իսրայելի խորհրդարանի Քնեսեթի լիագումար նիստում առաջին անգամ քննարկվեց Հայոց ցեղասպանության օրը նշելուն վերաբերող նախագիծը: Սակայն ձայների 41 դեմ, 28 կողմ եւ ոչ մի ձեռնպահ հարաբերակցությամբ այն մերժվեց: Նախագծի հեղինակը «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն էր, որը ելույթում հիշեցրել էր հրեաների ցեղասպանությունը ծրագրած Ադոլֆ Հիտլերի` 1939 թվականին արտասանած հետեւյալ խոսքերը՝ «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին»: «Ու քանի որ չենք խոսում ցեղասպանությունների մասին, դրանք կրկնվում են»,- ասել է «Յեշ Աթիդ»-ի խմբակցության ղեկավարը:

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հանգստյան օրերին Ախուրյան գետի ափին ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացու: Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը եւ փորձել ձուկ որսալ Հայաստանի տարածքում: Պարզվել է, որ ձերբակալվածը Թուրքիայի Դիգոր գավառի Ղարաբաղ բնակավայրի բնակիչ է, ծնված 1995թ., որը խոստովանել է իր մեղքը: Համաձայն փոխգործակցության կարգի` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը տեղյակ են պահվել կատարվածի առնչությամբ:




Լրահոս