Պատրաստ եմ օգնել ցանկացած սկսնակ դուդուկահարի. Կամո Սեյրանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուդուկահար Կամո Սեյրանյանը աշխատում է 2017-ի նոյեմբերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մենահամերգի CD-ի վրա, ապրիլ-մայիս ամիսներին էլ համերգը կհեռարձակվի հեռուստատեսությամբ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը՝ դուդուկահարը։

Կամո Սեյրանյանին, որը հաճախ է ճամփորդում եւ համերգային շրջագայություններով լինում է տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունաստանում, Սիրիայում եւ այլուր, հարցրինք՝ Հայաստանից հետո ո՞ր երկրում են դուդուկահարին ամենաջերմը դիմավորում. «Շատ երկրներում են ջերմ ընդունելություն ցուցաբերել, բայց Հայաստանից հետո պետք է տամ ԱՄՆ-ի, մասնավորապես՝ Լոս Անջելեսի անունը»,-պատասխանեց մեր զրուցակիցը։

Իսկ հարցին, թե կենսակերպի մի մասը դարձած ճամփորդություններին ինչպես է վերաբերվում ընտանիքը, մասնավորապես՝ կինը, Կամոն պատասխանեց. «Նրանք ըմբռնումով են մոտենում իմ բացակայությանը, ուրիշ տարբերակ չկա, ուրախ եմ, որ ընտանիքիս անդամները հասկանում են ինձ»։

Տասը տարուց ավելի է` Կամո Սեյրանյանը դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ինչ խորհուրդ է տալիս Կամոն իր սաներին եւ, առհասարակ, այն դուդուկահարներին, որոնք նոր են սկսում իրենց կարիերան. «Թե՛ իմ սաներին, թե՛ սկսնակներին մշտապես խորհուրդներ եմ տալիս, շփվում եմ նրանց հետ եւ հիմնականում մեկ կարեւոր համեմատություն եմ անում։

Ինչպես շախմատիստը, որն իրավունք չունի իր խաղի կեսից վեր կենալ ու գնալ, այնպես էլ երաժիշտը պետք է ամբողջովին տրվի իր գործին եւ պայքարի մինչեւ վերջ։ Ես պատրաստ եմ օգնել ցանկացած սկսնակ դուդուկահարի։ Նրանցից շատերը գրում են ինձ նամակներ, շատերին անձամբ եմ հանդիպում, կարծում եմ՝ այդ շփումները շատ կարեւոր են»,-եզրափակեց Կամոն։

Անի Անտոնյան




Լրահոս