ՍԵԼՖԻ ԱՆՈՂ ՈՒ ՔԾՆՈՂ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարների թեման հավերժական է: Չնայած նրանց անմիջական պարտականությունն է ղեկավարի խոսքը հասցնել լրատվամիջոցներին, արդյունավետ դարձնել լրագրողի եւ իր ղեկավարի կամ այդ գերատեսչության միջեւ կապը, բայց մեզանում շատերը հակառակ կերպ են վարվում. փորձում են շեֆերին որքան հնարավոր է` հեռու պահել լրագրողներից: Ասել է, թե իրականում նրանք յուրօրինակ թիկնապահ են դարձել:

Մինչդեռ իրականում մամուլի քարտուղարի գործառույթը նաեւ այն է, որ շատ դեպքերում հանդես գա ղեկավարի կամ գերատեսչության անունից: Ու որքան էլ քննադատենք ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին՝ լրատվամիջոցների միջեւ կողմնակալ վերաբերմունքի, լրատվամիջոցների հայտնի «սեւ ցուցակ»-ի հիմնադիր լինելու համար, սակայն նա բավական լավ է կատարում զուտ մամուլի խոսնակի գործառույթը: Շատ հարցերի շուրջ հենց ինքն է հայտնում ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը` տալով համապատասխան մեկնաբանություններ: Նույն իրավիճակն է նաեւ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանի դեպքում. չկենտրոնանալով շատ հարցեր թաքցնելու նրա գործելաոճի, էմոցիոնալ մեկնաբանությունների ու ֆեյսբուքը պաշտոնական հարթակի հետ հաճախ շփոթելու սովորության վրա` փաստենք` մեկնաբանությունները լրատվականներն ընկալում են որպես պաշտպանության նախարարության պաշտոնական տեսակետ:
Այս կանոնը, սակայն, ընդհանրապես չի գործում Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի դեպքում: Բավարար չէ այն, որ նա բոլոր հարցերը հորդորում է ուղարկել գրավոր՝ էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ բանավոր, արագ պատասխանում է միայն «էլիտար» լրատվամիջոցներին, նաեւ երբեք նրանից չենք կարող լսել այս կամ այն հարցի վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը: Բացառությունը թերեւս 2017 թվականին Դավիթաշենի հայտնի ծառահատումներ էին, երբ Վլադիմիր Հակոբյանը փոխանցեց, թե այդ դեպքերը Սերժ Սարգսյանը բարբարոսություն է որակել: Այլ նման դեպք, որ նա փոխանցի Սերժ Սարգսյանի պաշտոնական տեսակետը, դժվար է հիշել: Մինչդեռ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակները նույնիսկ առանձին ասուլիսներ էին հրավիրում ու տեսակետներ հնչեցնում տարբեր հարցերի շուրջ:
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի աշխատանքի մասին խոսելն առհասարակ անիմաստ է: Եւ նա, եւ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը այս կամ այն հարցի պատասխանը միմյանց վրա են «գցում»` այդպես խուսափելով հստակ պատասխաններից: Բացի այդ` նրանք սովորություն ունեն ամբողջ օրն անհետանալու, չպատասխանելու զանգերին, ապա աշխատանքային օրվա վերջում հայտնվել ու պատճառաբանել, թե այլեւս չեն կարող հարցերի պատասխանել, քանի որ աշխատանքի վայրում չեն կամ զբաղված են: Բայց առաջին հերթին նրանց աշխատանքը պետք է լինի հենց լրատվամիջոցների հետ կապը, այլ ոչ թե այն ամեն կերպ խոչընդոտելը:
Երեւանի քաղաքապետարանն ու Ազգային ժողովն այն կառույցներից են, որտեղ մամուլի խոսնակներ չկան. Արթուր Գեւորգյանը հանդիսանում է քաղաքապետարանի լրատվության վարչության պետը, Արսեն Բաբայանն էլ` ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչության պետը: Նրանց երկուսից էլ լինում է ստանալ գերատեսչությանը կամ ղեկավարին վերաբերող հարցերի պատասխանները: Արթուր Գեւորգյանը, ինչպես պարզվեց, ավագանու նիստում տեղի ունեցած վերջին միջադեպից հետո նաեւ «կես դրույքով պարոն Տարոն Մարգարյանի թիկնապահ» է աշխատում. հիշում եք` լսելով շեֆի «դեմն առեք, շուտ-շուտ» հրամանը` ժամանակին նետվեց եւ կանգնեցրեց ավագանու ընդդիմադիր անդամին: Բացի այդ` Արթուր Գեւորգյանն ավագանու այդ նիստի ժամանակ խոչընդոտել էր լրագրողների աշխատանքը` փորձելով թույլ չտալ տեսանկարահանել ՀՀԿ-ական ավագանիների բարբարոսությունը: Այլ վայրերում եւս նա չի մոռանում կանգնել Տարոն Մարգարյանի թիկունքում եւ իր ղեկավարի համար ոչ հաճելի հարցերի դեպքում փորձում ազատել նրան լրագրողներից: Այդպես է վարվում նաեւ Արսեն Բաբայանը, որ Բաբլոյանին «փախցնում է» լրագրողների ձեռքից, ավելին` նա հաճախ աչքի է ընկնում նաեւ սոցցանցի իր էջում ոչ սիրելի լրատվամիջոցների հոդվածների անձնական մեկնաբանություններով: Վերջերս էլ նրան կարող ենք տեսնել միայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի քաղաքական հայտարարությունները սրբագրողի դերում, ոչինչ ավելին:
Իսկ ինչպես են աշխատում այլ գերատեսչությունների մամուլի խոսնակները: Այստեղ եւս մեծապես տիրում է անլրջությունը: ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյան, կրթության եւ գիտության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյան, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյան. թվարկվածներն այն խոսնակներն են, ումից ցանկացած պարագայում իրենց ղեկավարին մոտենալու դեպքում կարող ես լսել միեւնույն արտահայտությունը՝ «նա արդեն այդ հարցին պատասխանել է», «ժամանակ չունի», «շտապում է» եւ այլն: Սակայն զավեշտալին այն է, որ այդ նույն պատասխանից հետո նախարարները կանգնում եւ րոպեներ շարունակ զրուցում են լրագրողների հետ՝ թերեւս մոռանալով, որ «շտապում են», իսկ խոսնակներն այդ ընթացքում լարված հետեւում են, որ անցանկալի հարցեր չհնչեն, իսկ հետո թուլանալու համար սելֆիներ անում:
Թերեւս ավելորդ է խոսել այն խոսնակների մասին, ովքեր փորձելով պաշտպանել իրենց ղեկավարին` անհասանելի են լինում լրագրողի համար: Խոսքն առաջին հերթին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսնակ Անուշ Դանիելյանի մասին է: Ինչպես նախարարն է սիրում թաքնվել, այնպես էլ խոսնակը: Մյուս նախարարությունների խոսնակների մասին, թերեւս, անիմաստ է խոսել. օրինակ` սպորտի եւ երիտասարդության հարցերի, մշակույթի նախարարության խոսնակներն ուղղակի լուռ ու մունջ են:
Ի դեպ, ՀՀ կառավարության` հունվարի 18-ի նիստի օրակարգում ընդգրկված էր «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Օրինագծում առաջարկված փոփոխություններում նշված է, որ նախարարություններում մամուլի քարտուղարը միաժամանակ նշանակվում է հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար: Մամուլի քարտուղարի պաշտոն կարող է զբաղեցնել հասարակայնության հետ կապերի կամ լրագրության բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող եւ 30 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Մինչդեռ հիմա, ինչպես հայտնի է, գրեթե բոլոր գերատեսչություններում առկա են ե՛ւ մամուլի քարտուղարներ, ե՛ւ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարներ:
Պետք է հուսալ, որ արված փոփոխությունները կարող են նպաստել դաշտում տիրող իրավիճակի կանոնակարգմանը, եւ մամուլի խոսնակները կդառնան իսկապես լրագրող-ղեկավար կապի ապահովողը, այլ ոչ թե զբաղված կլինեն «ջրիկ» սելֆիներ անելով` լրագրողների շրջապատ ձեւավորելով եւ նախարարին լրագրողներից պահելով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՈՒՂԵՂԸ ՎԱՃԱՌԵԼՈՎ Է ԸՆՏԱՆԻՔ ՊԱՀՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը Ծովագյուղ համայնքի ճանապարհին խեցգետնի եւ ձկան արտադրական տնտեսություն ունի: Եւ ըստ որոշ տեղեկությունների` նրա հետ բաժնետեր է բարձրաստիճան պաշտոնյա: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանի հետ:

-Պարո՛ն Գուլանյան, ըստ որոշ տեղեկությունների` Դուք խեցգետնի եւ ձկան արտադրությամբ եք զբաղվում: Ավելին` Ձեզ հետ բաժնետեր է բարձրաստիճան պաշտոնյա: Ո՞վ է նա:
-Իհարկե, ես նման բաներով չեմ զբաղվում: Սուտ են ասում: Առաջին մարդը չեք, որ նման հարցով եք դիմում: Սա ինչ-որ տարբերակ է, որով ուզում են իմ անունը կեղտոտել: Ինձանից բարձրաստիճան պաշտոնյա չեմ ճանաչում (ծիծաղում է-Ս.Հ.): Ես չեմ զբաղվում խեցգետնի եւ ձկան արտադրությամբ: Նման բան չկա:
-Այսինքն` դրսո՞ւմ են: Կմանրամասնե՞ք, թե ի՞նչ բիզնեսների մասին է խոսքը:
-Տեխնոլոգիաներ, նորարություններ, նմանատիպ բաների հետ է կապված: Իմ բիզնեսները գիտական են: Խոսքը սննդի արտադրման տեխնոլոգիաների մասին է, առողջապահության ոլորտի հետ կապված: Դրանք դրսում ես վաճառում եմ: Աշխատում եմ դրսի գիտնականների հետ: Մեկնում եմ` իրենց հետ հանդիպման…
-Պարբերաբա՞ր եք երկրից մեկնում:
-Չէի ասի պարբերաբար, բայց իմ հանգստի հաշվին, այո՛, մեկնում եմ երկրից: Համացանցն էլ բավարար է, որպեսզի կապ հաստատեմ դրսի իմ գործընկերների հետ:
-Այդ ընթացքում ո՞վ է զբաղվում ՊՈԱԿ-ի աշխատանքներով:
-Ես աշխատանքի հաշվին չեմ գնում, տարեկան ընդամենը մեկ անգամ եմ արձակուրդի մեկնել եւ այն վաստակել եմ: Ես ամբողջ կյանքում գումար եմ աշխատել իմ ուղեղիս հաշվին: Ես ուղեղս եմ վաճառել, գիտական պրոդուկտ եմ վաճառում: Միայն ՊՈԱԿ-ում աշխատելով չեմ ընտանիք պահում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ` ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար 2017թ. դեկտեմբերի 8-ին կայացած մրցույթի մասնակիցները երկուսն էին` 2017թ. հոկտեմբերի 3-ից այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ բանասեր Նարինե Բուդուրյանը եւ նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Եսայանը: Ա. Եսայանը 2017թ. մի քանի ամիս եղել է այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Դեկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքում 2 թեկնածուները ստացել են հավասար` 4-ական ձայն:
Ըստ օրենքի` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հարցը ներկայացրել է կառավարություն եւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի առաջարկով մարզպետը 10-օրյա ժամկետում պետք է տնօրեն նշանակեր: 2018թ. հունվարի 8-ին Վ. Գաբրիելյանը մարզպետին առաջարկել է Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրեն նշանակել Ա. Եսայանին, սակայն մարզպետն այդ նշանակումը չի արել: Հովիկ Աբովյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ դրա պատճառը եղել է այն, որ այդ դպրոցի կոլեկտիվի 24 հոգուց 18 հոգին ընդդեմ Ա. Եսայանի ստորագրահավաք են արել եւ դպրոցի փոխտնօրենի գլխավորությամբ եկել են իր մոտ, ասել, որ դպրոցում լարված վիճակ է տիրում, եւ խնդրել, որ մարզպետի կողմից նման որոշում չկայացվի, աշխատանքային պայմանագիր չկնքվի Ա. Եսայանի հետ:
Մարզպետը փետրվարի 7-ին որոշել է Ն. Բուդուրյանին ազատել նշված դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, փետրվարի 8-ին որոշել է մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Անահիտ Իշխանի Ջուլհակյանին 2018թ. փետրվարի 9-ից նշանակել «ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ կնքել աշխատանքային պայմանագիր: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանն ասաց, որ Ա. Ջուլհակյանն ունի դպրոցի տնօրեն ընտրվելու համար պահանջվող հավաստագիր, որպես քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչ աշխատել է Բերդի քաղաքի վարժարանում, դրա լուծարվելուց հետո` Բերդի թիվ 3 հիմնական դպրոցում:
Տեղեկացնենք, որ Բերդ քաղաքի բնակիչ, անկուսակցական Անահիտ Ջուլհակյանը 2017թ. ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվել է որպես Տավուշի մարզն ընդգրկող 13 ընտրատարածքի վարկանիշային թեկնածու եւ ստացել 73 ձայն: Նա ընդգրկված էր նաեւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համապետական ընտրական ցուցակի մեջ` 139 հոգուց բաղկացած այդ ցուցակում զբաղեցնելով 76-րդ տեղը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս