ՔՐԵԱԿԱՆ ԶՈՆ ԴԱՐՁԱԾ ԻՄ ԷՐԵԲՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը գնալով վերածվում է կալանավայրի՝ «զոնի»: Համենայն դեպս, Տարոն Մարգարյանի գլխավորած կառույցում գործում են ոչ թե ՀՀ օրենքներն ու իրավական մյուս ակտերը, այլ «զոնի» կարգերը, այն էլ՝ «քուչի մակարդակի»: Նախորդ շաբաթ «դեմն առեք, շուտ» հրահանգով ՀՀԿ-ականների կողմից ծեծի ենթարկվեցին ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները: Երեկ պարզվեց՝ քաղաքապետարանում գնալով առանձնակի տարածում է գտնում թղթախաղը. համենայն դեպս, ԵԾ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողական տեսախցիկների ներկայությամբ բացահայտել է, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատասենյակներից մեկում բլոտ խաղում: Ու քանի որ ե՛ւ ծեծկռտուքի, ե՛ւ այդ թղթախաղի մասին վկայող տեսագրությունները հանրության սեփականությունը դարձան լրագրողների «մեղքով», հիմա քաղաքապետարանում ամեն կերպ փորձելու են սահմանափակել լրատվամիջոցների մուտքը եւ գործունեությունն իրենց մոտ` նպատակ ունենալով խոչընդոտել ԶԼՄ-ներին: Այլ կերպ ասած` Տարոն Մարգարյանն իր ՀՀԿ-ական ոհմակին զսպելու փոխարեն, ընդհակառակը, պայքարում է լրագրողների դեմ, որոնք ի ցույց դրեցին ոհմակի հանցագործությունները:
Այս գործին լծվել է նաեւ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, որն ավագանու չարաբաստիկ նիստում առաջինը նետվեց՝ ԵԾ անդամների «դեմն առնելուն», խոչընդոտեց մի քանի լրագրողների աշխատանքը, իսկ երեկ էլ խոչընդոտել է «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի հարցազրույցը Զարուհի Փոստանջյանի հետ` հորինելով զանազան պատրվակներ, վերածվելով քաղաքապետի արտահաստիքային պաշտպանի:

 

 

 

Երեկ արտառոց դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը պատմել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, հրահանգել է թիմակիցներին հարձակվել իր վրա եւ առեւանգել: Ըստ մեր զրուցակցի` պատճառը 3 միլիոն 200 հազար դրամն է եղել: Մխիթարյանը պատմել է, որ հարձակումը եղել է ժամը 10:35-ի սահմաններում, բայց իրեն հաջողվել է մի կերպ ազատվելով հարձակված տղաներից` օգնություն կանչել մտերիմներին: Հետո նա ահազանգել է ոստիկանության Էջմիածնի բաժին եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Իսկ ողջ պատմությունը, ըստ նրա, ծագել է այն բանից հետո, երբ Ոսկեհատ գյուղում գտնվող «Լի գազ» ՍՊԸ-ում մոտ 10 հազար դոլարի ներդրումներ է իրականացրել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչության պետ նորանշանակ Ռաֆայել Հովհաննիսյանի մուտքը աշխատակիցների կողմից միանշանակ չի ընդունվել: Եւ այդ պատճառով ՔԿԾ-ում աշխատակիցները բաժանվել են երկու մասի: Մասնավորապես ՔԿԾ նոր պետի հետ չեն ցանկանում աշխատել նախկին պետ Արթուր Օսիկյանի կադրերը: Հիմա նրանք սպասում են, թե Արթուր Օսիկյանն ի՞նչ նոր պաշտոն է ստանձնելու, որպեսզի իրենք էլ դիմում գրեն եւ հեռանան՝ աշխատանքի տեղավորվելով նախկին ղեկավարի մոտ: Հատկանշական է փաստը, որ Օսիկյանի օրոք Ռ. Հովհաննիսյանը ՔԿԾ պետի տեղակալ էր, եւ այն ժամանակ էլ իր ու Օսիկյանի հարաբերությունները լարված էին. ծառայությունը, ըստ էության, երկու թիմի էր բաժանվել՝ մի մասը ենթարկվում էր այս համակարգում հնաբնակ Հովհաննիսյանին` մերժելով Օսիկյանին, մի մասն էլ, այնուամենայնիվ, նախընտրում էր պետի ենթակայության տակ աշխատելը:

 

 

 

Երեւանի պետական համալսարանում բողոքի նոր ալիք է հասունացել: ԵՊՀ գիտական խորհուրդը որոշել է նվազեցնել ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում արտասահմանյան գրականություն առարկայի դասաժամերը: Ընդ որում, բուհի ղեկավարությունն այս քայլին գնացել է ֆակուլտետում բարեփոխումների անվան տակ, ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանի նախաձեռնությամբ: Բայց նկատենք` ժամաքանակների կրճատումն իր հետեւից կբերի նաեւ աշխատավարձերի նվազեցման: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համալսարանի դասախոսներից շատերը պնդում էին, որ դրա հետեւանքով միգուցե ոմանք գործազուրկ դառնան: Սակայն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Այդ հարցը ընդհանրապես չի քննարկվում, այն լուծվելու է ապրիլի վերջին: Չեմ կարող հիմա ասել, թե ինչպես: Ինչպես գիտխորհուրդը կորոշի, այդպես էլ կլինի»:

 

 

 

ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Ներքաղաքական եւ տնտեսական թեմաներով Սերժ Սարգսյանի ելույթները քննադատության չեն դիմանում. աղաղակող վրիպակները շատ են, նույնիսկ չափազանց շատ: Միաժամանակ լինենք անկեղծ եւ նկատենք, որ նույնը չես ասի Ս. Սարգսյանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ելույթների մասին. հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ակնհայտորեն նրա շեշադրումները փոխվել են. Ս. Սարգսյանը կարծես սկսել է ավելի հավասարակշռված, ավելի ճշգրիտ ներկայացնել խնդրի էությունն ու լուծման ուղիները` զերծ մնալով պաթոսի, ռոմանտիզմի, կեղծ հայրենասիրության տիրույթից:
Այս շարքից էր, թերեւս, Մյունխենի անվտանգության համաժողովում նրա վերջին ելույթը, երբ ադրբեջանցի պատվիրակի հարցին ի պատասխան` ասել է. «ԼՂ խնդիրը կարող է լուծվել, եւ Դուք, թեեւ ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ ԼՂ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե Ձեր երկրի ղեկավարությունը սթափվի եւ հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից: …Նորից այս հեղինակավոր ամբիոնից ասում եմ՝ մենք պատրաստ ենք ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը, եթե դուք ցուցաբերեք ողջախոհություն` խոսքս Ադբեջանի ժողովրդի մասին չէ, խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, եւ իրականում նստեք բանակցային սեղանի շուրջ ու հասկանաք, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա»: Ս. Սարգսյանը նաեւ հիշեցրել է ԼՂ խնդրի պատճառների մասին, որ ղարաբաղցիների՝ ԽՍՀՄ օրենքներով կազմակերպած ինքնորոշման հանրաքվեին, քաղաքակիրթ գործողություններին ադրբեջանական իշխանությունները պատասխանեցին զենքով: «Պատերազմում փլավ չեն բաժանում: Ես ատում եմ պատերազմը: Սակայն այնպես ստացվեց, որ մենք մեզ պաշտպանելու համար ստիպված էինք ստեղծել անվտանգության գոտի»:
Հետաքրքիրն այն է, որ ԼՂ խնդրին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ բանագնացի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ Իլհամ Ալիեւը՝ պաշտոնական Երեւանին մեղադրելով հակամարտությունը չկարգավորելու մեջ` ասելով, որ Հայաստանն ապակառուցողական դիրքորոշում է ցուցաբերում, շարունակում օկուպացիոն քաղաքականությունը գրավյալ տարածքներում: Իսկ այդ երկրի պաշտպանության նախարար Հասանովն իր հերթին նշել է. «Երբ երկու զինված բանակներ կանգնած են դեմ-դիմաց ճակատային գծում, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի», եւ կոչ արել ջանքեր գործադրել «այդ հակամարտության բուն պատճառների վերացման համար»:
Իսկապես, ԼՂ խնդրում անջատում հանուն փրկության սկզբունքն այլընտրանք չունի:




Լրահոս