ԿԱԿԱՈՅԻ ԳՆԱՆԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՇՈԿՈԼԱԴԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ տեւական ժամանակ է` համաշխարհային շուկայում էապես նվազել են կակաոյի գները: Բայց չնայած սրան` Հայաստան շոկոլադ ներկրող ընկերությունները դեռ չեն պատրաստվում նվազեցնել դրանց գները:

Այսօր միջազգային շուկայում 1 տոննա կակաոն արժի 2076 դոլար: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս ապրանքի արժեքը հասել է առավելագույնին` 3000 դոլար մեկ տոննայի համար 2013-2014 թվականներին: Իսկ 2015 թվականին կակաոյի մեկ տոննան անգամ արժեցել է 3500 դոլար. այն ժամանակ պատճառը կակաոյի շուկայում դեֆիցիտն էր:
Նույնիսկ այդ ժամանակաշրջանում հայտարարություններ հնչեցին այն մասին, որ առաջիկա տարիներին կակաոյի համաշխարհային պաշարները կարող են նվազել, ինչի հետեւանքով կառաջանա շոկոլադի պակասուրդ: Պատճառը հիվանդություններն էին, երաշտը, Աֆրիկայում հումքի ծայրահեղ ցածր գները: Բայց ինչպես տեսնում եք` շոկոլադի դեֆիցիտ մեզ դեռ չի սպառնում: Բայց նկատենք, որ 2014-2016 թվականներին միջազգային շուկայում, երբ կակաոյի գինը բարձրացավ, բնականաբար ներքին շուկան անմիջապես արձագանքեց` կտրուկ թանկացնելով ե՛ւ ներկրվող շոկոլադը, ե՛ւ տեղական արտադրանքը: Իսկ այսօր կակաոյի միջազգային գներն ակնհայտ նվազել են: Չնայած դրան` շոկոլադի շուկայում գնանկում այդպես էլ չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը «Արկոլադ» ՓԲԸ տնօրեն Էմիլ Հարությունյանից հետաքրքվեց` արդյո՞ք իրենք պատրաստվում են իրենց արտադրանքը էժանացնել` հաշվի առնելով կակաոյի համաշխարհային գների նվազումը: Պարզվում է` ոչ: Ընկերությունը նման մտադրություն չունի եւ հիմնավորում է, որ արտադրանքի ինքնարժեքի ձեւավորվման մեջ կակաոյի միջազգային գինը փոքր մաս է կազմում: «Մեր հումքը ստանում ենք Եվրոպայից, եթե եվրոյի այսօրվա փոխարժեքը համեմատենք անցած տարվա փետրվարի հետ, ապա կտեսնենք, որ այն ավելի բարձր է: Հիմա մեկ եվրոյի փոխարժեքը կազմում է 597-600 դրամ: Ինքը բավականին բարձր է: Այնպես չէ, որ ամեն բան միայն կակաոյի ցածր կամ բարձր գնով է պայմանավորված: Բայց Ձեզ տեղեկացնեմ, որ վերջին քսան օրերի ընթացքում հակառակը` կակաոյի միջազգային գները փոքր-ինչ բարձրացել են»,- նկատեց շոկոլադի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողը:
Ապա ավելացրեց, որ բազմաթիվ այլ գործոններ կան, որոնք եւս իրենց ազդեցությունն ունեն շոկոլադի գնի վրա: «Շաքարի, կաթի փոշու, կաթի գները եւս մեծ ազդեցություն ունեն: Իսկ հիմա դրանց գները բավականին բարձր են: Նաեւ կակաոյի յուղի գինն է բարձր: Միայն կաթի արտադրանքի գինը այսօր աշխարհում բարձր է, եւ այն սկսել է բարձրանալ անցած տարուց, որն էլ, բնականաբար, ազդում է կաթնային շոկոլադի ինքնարժեքի վրա»,- ներկայացրեց «Արկոլադ»-ի տնօրեն Է. Հարությունյանը:
Բայց չնայած սրան` «Արկոլադ»-ի ղեկավարությունը մտադիր չէ բարձրացնել շոկոլադի գները: Փոխարենը դեռ հետեւում են միջազգային շուկայի զարգացումներին: «Մենք նայում ենք, հետեւում ենք. մեր արտադրանքի ինքնարժեքը աշնան ամիսներին ավելի ցածր էր, քան հիմա: Բայց մենք հիմա աշխատում ենք այնպես անել, որ գնի տատանումը վերջնական սպառողը չզգա: Եւ ընդհանրապես մենք վաղուց շոկոլադի գին չենք բարձրացրել: Փորձում ենք շահույթի ծավալների աճի հաշվին տեղավորվել եւ այնպես ենք անում, որ չանդրադառնա գնի վրա: Իհարկե, եթե վնաս կրենք, ապա կբարձրացնենք շոկոլադի գինը: Բայց մեզ մոտ` Հայաստանում, գնողունակությունը ցածր է, երբ ապրանքի գինը բարձրացնում ենք, այն միանգամից ազդում է իրացման ծավալների վրա: Այնպես չէ, որ արտադրողը շահագրգռված է, որ գին բարձրացնի»,- նկատեց մեր զրուցակիցը` տեղեկացնելով, որ սովորաբար տարվա առաջին կիսամյակը ծանր է, եւ նման քայլեր անելը դժվար է: Զրույցի ավարտին «Արկոլադ»-ի տնօրենը նշեց, որ թեեւ ներկայումս փորձում են պահպանել առկա գնային մակարդակը, բայց թանկացումներ նկատվում են նաեւ տեղական արտադրության չրերի դեպքում: Ինչը եւս կարող է իր ազդեցությունն ունենալ շոկոլադի ինքնարժեքի վրա:
Իսկ ահա Հայաստանում շոկոլադի խոշոր արտադրող «Գրանդ Քենդի»-ն օրեր առաջ շտապեց սպառողներին տեղեկացնել, որ բոլոր տեսակի կոնֆետների գները նվազեցրել է: Իհարկե, մոռանալով նշել, որ դրա պատճառը կակաոյի միջազգային գների նվազումն է: Ասել է, թե միջազգային շուկայում կակաոյի առկա գնանկման ֆոնին ներքին շուկայում փիառ է անում: Նշենք, որ Հայաստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում, որեւէ այլ ընկերություն չունի հատիկավոր կակաո վերամշակելու տեխնոլոգիա: Իսկ «Գրանդ Քենդի»-ն ունի:
Դե, ներկրողների մասին արդեն չենք խոսում, քանի որ նրանք այս ընթացքում գերշահույթներ են ստանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՊԱՅԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեկ Երեւանի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը եւ պատշգամբը: Ամբողջությամբ վնասվել են 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հարկերի պատուհանները: Զոհեր եւ տուժածներ չկան: Վնասվել են բակում կայանած մի քանի մեքենաներ: 14 քաղաքացի տարհանվել է: Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտնել է, որ մասնագիտական խումբ է ստեղծվել, որը պետք է պարզի տեղի ունեցածի պատճառները. «Պատճառները պարզելուց հետո ի հայտ կգա, թե ում պատճառով է եղել, ով է պատասխանատու: Երբ կպարզվեն պայթյունի պատճառները, ըստ այդմ էլ օրենսդրորեն կառաջանա թե՛ պատասխանատվության, թե՛ փոխհատուցման հարցը: Մինչ այդ այս պահին ձեռնամուխ ենք լինելու աջակցել այն մարդկանց, ում տան ապակիները փշրված են հարակից շենքում, հետնամասի շենքում»: Փաստորեն, քաղաքապետարանը դեռ որոշում չի կայացրել անօթեւան մնացած անձանց խնդիրը լուծելու ուղղությամբ:

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի փոխանցմամբ` անշարժ գույքի շուկայում Հայաստանում 2017թ. գրանցվել է գների նվազում. «Նախորդ տարի 2016թ. համեմատ բնակարանների միջին գինը Երեւանում նվազել է 3.5 տոկոսով, իսկ մարզերում` 5 տոկոսով: Սակայն 2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, անշարժ գույքի գների որոշակի աճ է նկատվել»: Մ. Սարգսյանի խոսքով` բնակարանների գների նվազումն այդ ժամանակում կապված է եղել ՀՀ ԱԺ ընտրությունների հետ. «Մենք զուգահեռներ ենք անցկացրել ԱԺ նախորդ ընտրությունների հետ, եւ այդ ժամանակահատվածում բնակարանների գները նույն ձեւով նվազել էին: Ընտրությունների ժամանակ ժողովուրդն ինչ-որ չափով սպասման մեջ է լինում»:




Լրահոս