Կառավարությունը «խաբե՞ց». «Քարերի սիմֆոնիայի» տարածքում կառուցված սրճարանն ապամոնտաժվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի գյուղապետարանում պետք է տեղի ունենան «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում մեկնարկած շինաշխատանքների վերաբերյալ վարչական լսումներ: Իսկ քննարկման թեման «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում փայտե սրճարանը ապամոնտաժելն է: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հնարավոր է` այդ վարչական լսումները չկայանան: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ սրճարանի սեփականատերը` Ծովինար Համբարձումյանը, համաձայնել է ապամոնտաժել փայտե կառույցը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հուշարձանին հարող մոտ 180 քմ տարածքի սեփականատերը Գառնիի բնակիչ Շմավոն Համբարձումյանն է, ով վերջերս այն տվել է դստերը` Ծովինար Համբարձումյանին: Իսկ Համբարձումյանների ընտանիքը տվյալ հողամասի վրա սեփականության իրավունք ստացել է դեռեւս 2008 թվականին: Ծ. Համբարձումյանը եւս բնակվում է Գառնի գյուղում եւ զբաղվում է ատամնաբուժությամբ: Գառնեցիների պատմելով` տարիներ առաջ Շմավոն Համբարձումյանը յուրաքանչյուր զբոսաշրջիկից գումար է վերցրել` դեպի «Քարերի սիմֆոնիա» գնալու համար: Հիմա էլ կրտսեր Համբարձումյանն էր որոշել փող աշխատել` իրեն պատկանող տարածքում սրճարան հիմնելով: Բայց նրան չհաջողվեց:

Ի դեպ, նա այս նպատակով 5 մլն դրամի չափով վարկ էր վերցրել ՓՄՁ զարգացման գրասենյակից` բնականաբար տվյալ կառույցին ներկայացնելով բիզնես ծրագիր: Եւ կառավարությունը նախապես տեղյակ է եղել, որ գառնեցի Ծովինար Համբարձումյանը մտադիր է հուշարձանին մոտ տարածքում սրճարան կառուցել, հետեւաբար կառավարությունը եւս պատասխանատու է կատարվածում: Բայց, չգիտես թե ինչու, կառավարությունը լռում է:

«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի հետ կապված փորձեց զրուցել Ծովինար Համբարձումյանի հետ, սակայն վերջինս անջատել էր հեռախոսը: Գառնեցիների պատմելով` նա արդեն մի քանի օր է` ծանր դրության մեջ է, քանի որ ֆինանսական վնասներ է կրել: Իսկ Գառնիի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Ծովինար Համբարձումյանը համաձայնել է ապամոնտաժել փայտե սրճարանը: «Գործընթացը սկսել ենք եւ պետք է այն ավարտին հասցնենք: Այս պահին Ծովինար Համբարձումյանը վատ դրության մեջ է եւ վերցրած վարկն էլ ուզած-չուզած պետք է մարի: Իմ կարծիքով` այդ տարածքը պետք է այդպես էլ ազատ մնա»,- նկատեց աշխատակազմի ղեկավարը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս