ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲԱՑ ԱՇԽԱՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը փետրվարի 20-ի նիստում Աժ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրեց: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նույն օրը նրա թեկնածությունն առաջադրեց Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում:
Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Աժ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հետ:
-Պարո՛ն Կոստանյան, Դուք գործադիր մարմնի մարդ եք եղել եւ հիմա գնում եք օրենսդիր մարմին, Ձեր ստրո՞վ է:
-Նախ` առիթ ունեցել եմ ասելու, որ պառլամենտական կարգավիճակի հետ կապված ես գիտական ատենախոսությում եմ գրել: Այսինքն` պառլամենտական գործառույթը գիտական ուսումնասիրության ենթարկել եմ բավականին երկար տարիներ, հետեւաբար դա արդեն նշանակում է, որ ես ինձ անսովոր կամ օտար չեմ համարել պառլամենտական գործունեությանը, դա մեկ: Երկրորդ` երբեք չեմ համարել գործադիր դատական կամ օրենսդիր տարբերակման մեջ ինչ-որ առավելություններ տալու տեսակետից, քանի որ իմ խորին համոզմամբ` պետության ծառայությունը, պետությանը ծառայելը, անկախ որ իշխանության թեւում ես, դա ինքնին պատվաբեր է, եւ դա ինձ համար բացարձակ արժեք է: Այսօր օրենսդիր մարմնում կներկայացնեմ կամ կփորձեմ իմ ծառայությունները մատուցել երկրին, երեկ դատախազական գործառույթ էի իրականացնում, վաղը Աստված գիտի` ինչ գործառույթ կիրականացնեմ, բայց ցանկացած պարագայում պետությանը ծառայելը ինձ համար առավելագույն պատվաբեր գործունեություն է:
-Դուք պետաիրավական հանձնաժողովի նիստերը փա՞կ եք անելու, թե՞ բաց: Հրայր Թովմասյանը ամեն ինչ անում էր, որ փակ լիներ:
-Ես իմ դատախազական գործառույթն էլ եմ բաց անցկացրել, հետեւաբար հիմք չեմ տեսնում փակ անցկացնելու մեջ կա՛մ սահմանափակելու, կա՛մ հրապարակայնությունը նվազեցնելուն ուղղված:
-Օրինակ` Հրայր Թովմասյանը լրագրողների նկատմամբ հակակրանք ունի, զզվում էր ու ցույց էր տալիս այդ վերաբերմունքը, ավանդույթը կպահե՞ք, թե՞ չէ:
-Չեմ կարծում, որ Հրայրը Թովմասյանը երբեւէ այդպես հակակրանք ունեցել է կամ, առավելեւս, ունի, որովհետեւ չի կարող լրագրողական գործունեությունը հակակրանք առաջացնել: Կարող են կոնկրետ սուբյեկտներ, կոնկրետ անձինք հակակրանք առաջացնել, բայց լրագրողական գործունեությունը ինքնին չի կարող, դա աբսուրդ է: Լրագրողական գործունեությունը շատ անհրաժեշտ է ցանկացած պետականությանը, իշխանությանը, հանրությանը, եւ հետեւաբար լրագրողական գործունեության նկատմամբ լրագրողների նկատմամբ վերբերվում ես միշտ բացարձակ հարգանքով: Այլ հարց է, միշտ առիթ ունեցել եմ ասելու` ինչպես ցանկացած քաղաքացի` ինքը կցանկանա գնալ լավ բժշկի մոտ, կամ ցանկացած անձ, ով իրավաբանական օգնության կարիք ունի, փորձում է լավ իրավաբանի գտնել եւ դիմել իրեն, նույնկերպ ցանկանում եմ` վստահ լինեք, որ ցանկացած պաշտոնատար անձ կցանկանա գործ ունենալ պրոֆեսիոնալ լրագրողի հետ, սա այլ հարց է: Բայց լրագրողական գործունեության հանդեպ հակակրանք, այլ կերպ դժգոհություն չի եղել ո՛չ Հրայրի մոտ, ո՛չ ինձ մոտ եւ ո՛չ էլ կլինի:
-Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպին հետեւելով` որպես ՀՀ նախկին գլխավոր դատախազ` կոնկրետ իրավական գնահատական կտա՞ք:
-Գիտեք, այսպես ասեմ` ձեռնպահ կմնամ գնահատական տալուց, չնայած նրան, որ ունեմ իմ գնահատականը:
-Ինչո՞ւ:
-Մեկ պարզ պատճառով, ի դեպ, սա այն հազվագյուտ դեպքերից է, որ ես իրավական գնահատական չեմ տալիս, ինչո՞ւ, քանի որ ես դրանով կկաշկանդեմ նաեւ նախաքննությանը:
-Այսինքն` կարծում եք, որ նախկին գլխավոր դատախազի կարծիքը նախաքննությունը իրականացնող մարմնին կարող է կաշկանդե՞լ:
-Այդ թվում:
-Հիմա փաստ ունենք, ծեծի եւ խուլիգանության հատկանիշներով կա հարուցված քրեական գործ, կատարված դեպքերին այս հատկանիշներով քրեական գործ հարուցելը որքանո՞վ է իրավաչափ:
-Առնվազն իրավաչափ է այն առումով, որ իրավական գնահատական տրվի կողմերից յուրաքանչյուրի վարքագծին, եւ ես ողջունում եմ, որ քրեական գործ է հարուցվել, քանի որ դա միակ ճանապարհն է, որ տրվի սպառիչ եւ ամբողջական գնահատական թե՛ տեղի ունեցած փաստերին, թե՛ փաստերի վերաբերյալ գնահատականներին:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԳՈՐԾԸ ՀԱՐՈՒՑՎԵՑ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդու մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել` ինքնիրավչության հատկանիշներով:
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանի հետ կապված միջադեպին. ըստ այդմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, հրահանգել է իր թեմակիցներին հարձակվել Ռաֆայել Մխիթարյանի վրա եւ առեւանգել: Ըստ մեր զրուցակցի` պատճառը 3 միլիոն 200 հազար դրամն է, որը որպես պարտք իրենից պահանջում է Համլետ Ներսիսյանը: Իսկ ահա Ռաֆայել Մխիթարյանը պնդում է, որ ինքը որեւէ մեկին որեւէ գումար պարտք չէ: Նշենք, որ Համլետ Ներսիսյանի հարազատ եղբայրն էլ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանն է:
Այս միջադեպից հետո Ռաֆայել Մխիթարյանը ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին: Եվ, ահա, երեկ տեղեկացանք, որ նյութերի նախապատրաստման արդյունքում որոշում է կայացվել հարուցել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. «Ինքնիրավչությունը` օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով»:
Նշենք, երբ քրեական գործը հարուցվել է, իրավապահները հարձակման ենթարկված Ռաֆայել Մխիթարյանին հրավիրել են քննչական բաժին` ցուցմունք տալու, սակայն նա հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ, ըստ Ռաֆայել Մխիթարյանի, իրավապահները կատարված դեպքին օբյեկտիվ իրավական գնահատական չեն տվել:
Ասել է, թե Ռաֆայել Մխիթարյանը դեմ է, որ ինքնիրավչության հատկանիշներով հարուցվեր քրեական գործը: Ինչեւէ, սպասենք զարգացումներին: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները նաեւ բացատրություն են վերցրել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդուց` Համլետ Ներսիսյանից, իսկ թե իրավապահները, լսելով երկու կողմերին, ինչ եզրահանգման կգան, ցույց կտա ժամանակը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Երեւանի Կիեւյան կամրջի տակ` Հրազդան գետում, դի է հայտնաբերվել: Ոստիկանության կողմից գետից դուրս է բերվել հունվարի 30-ից որպես անհետ կորած որոնվող, 1992 թ. ծնված Վարդան Մնացականյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ
Երեւանի քաղաքապետարանում շարունակվում են հալածանքներն ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների նկատմամբ: Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով. «Քաղաքապետարանի համապատասխան բաժինը, որը պարտավոր է իրականացնել նամակների փոստային առաքումը, հրաժարվել է ընդունել եւ առաքել «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից ներկայացված նամակները: Մինչդեռ Երեւանի ավագանու անդամների կողմից նամակներ եւ դիմումներ ուղարկելը Երեւանի քաղաքապետարանից հանդիսանում է յուրաքանչյուր խմբակցության աշխատանքի բնականոն մասը»:

 

 

ՉԻ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ
«Զինված խմբի»-ի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը հունից դուրս է եկել մեղադրողի կողմից իր նոթատետրի գրառումները հրապարակելու ժամանակ: Դատարանում նա հայտարարել է, որ մեղադրողն ընտրողաբար է հրապարակում իր գրառումները: «Քառօրյա պատերազմի մասին իմ վերլուծությունը, «Նաիրիտ» գործարանի մասին տեղեկությունները, որ կան իմ տետրի մեջ, գործին չի վերաբերում, ցույցեր կազմակերպելու մասին գրառումը նույնպես գործին չի վերաբերում, Արցախի 5 շրջանների վերաբերող գրառումները նույնպես գործին չեն վերաբերում: Ձեզ վերաբերում է միայն զենք-զինամթերք… հանցագործ… բոլորը հանցագործ են, դուք սուրբ եք»,-ասել է նա: Նշենք, որ երեկ դատարանը շարունակում էր հրապարակել գործում առկա ապացույցները: Դատական նիստը հետաձգվել է եւ նշանակվել մարտի 2-ին: Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի:

 

 

ՆՈՐԱԾԻՆ Է ՄԱՀԱՑԵԼ
Բժշկական կենտրոններից մեկում նորածնի մահվան դեպք է գրանցվել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` երեխան ծնվել է Էջմիածնի ԲԿ-ում` հունվարի 28-ին: Օրեր անց պարզվել է, որ երեխան սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի: Նրան տեղափոխել են Երեւան, Նորք-Մարաշ սրտաբանական հիվանդանոցում սրտի վիրահատություն են կատարել: Դժբախտաբար փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել, եւ երեխան մահացել է: Նորածնի ծնողները գտնում են, որ երեխային կորցրել են Էջմիածնի ծննդատան բժիշկների պատճառով: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` օրեր առաջ բուժման հետեւանքով այրվածք ստացած մանկահասակ երեխայի մոր գրառման վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք, որ նախօրեին 2 տարեկան երեխայի նկար եւ գրառում էր հրապարակվել, որում ասվում է, որ երեխան ձեռքի շրջանում երկրորդ կարգի այրվածք է ստացել` կատետրի հետեւանքով: Հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ոստիկանություն, որտեղ եւ նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս