ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ԿՐՔԵՐ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը։ Բոլորին հուզող հարցի պատասխանն արդեն հայտնի է. այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Սեւակ Խանաղյանը՝ «Քամի» երգով։ Նա ընտրվեց միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում: Ուշագրավ էր, որ երգիչը երկու դեպքում էլ առաջատարն էր։ Շատերը Սեւակին համարեցին արժանի հաղթող, եղան նաեւ այնպիսիք, որոնք կարծիք հայտնեցին, որ նա լավագույն ընտրությունը չէր։ Հետեւելով եվրատեսիլյան թոհուբոհին` կարող ենք կատարել մի քանի նկատառում:

Լավ կատարող, անհաջող երգ
Արդեն մի քանի տարի է՝ մենք «Եվրատեսիլ» ենք ուղարկում ձայնային լավ տվյալներով, բարձր որակի կատարողականությամբ արտիստների, որոնց ներկայացրած երգը, սակայն, առանձնապես չի տպավորում։ Այդպես եղավ նաեւ Արծվիկի, «Genealogy» խմբի, Եվա Ռիվասի պարագայում։ Այնինչ` «Եվրատեսիլ»-ը կոչվում է երգի միջազգային մրցույթ։ Այսինքն՝ առաջին պլանում երգն է։ Իսկ արդյո՞ք Սեւակ Խանաղյանի «Քամի» հայալեզու երգը կարող է տպավորել եվրոպացի հանդիսատեսին։ Շատերը նկատեցին, որ Սեւակն իր կատարումով պարզապես փրկում էր անհաջող, ոչնչով աչքի չընկնող եւ չտպավորող երգը։

Մեզ համար դեռ խորթ են շոուները
Մի կողմ թողնելով «Դեպի Եվրատեսիլ»-ի ամենավառ մասնակիցներից մեկի՝ Կամիլի մասնագիտական որակները, անդրադառնանք զուտ շոուի տարրին։ Կամիլ շոուն, իրականում, ոչ մի նոր բան չարեց։ Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն արդարացիորեն նկատել է, որ Կամիլն իր կերպարով ծաղրում է այն ամենը, ինչի մասին շատերը վախենում են խոսել առանց «դիմակի»։ Սա Commedia dell՚arte-ի վառ օրինակ է։ 16-րդ դարում նորմալ ընդունել են այս ուղղությունը, իսկ մենք 21-րդ դարում չենք «մարսում»։ Եվ, իսկապես, շատերը չընկալեցին Կամիլին՝ նշելով, թե հայերին հարիր չէ նման կերպարով Եվրոպային ներկայանալը, թե Կամիլը խայտառակում է մեզ եւ հարցնելով՝ ինչպե՞ս կարող է տղամարդը (Կամիլի դերում հանդես է գալիս երգիչ Արսեն Գրիգորյանը) իրեն այդպես պահել։ Այսինքն` այն, որ դա հորինված կերպար է, ոմանք այդպես էլ չցանկացան ընդունել։ Բայց այդ նույն մարդիկ կարող են գնալ, օրինակ, Նարեկ Դուրյանի ներկայացումներին, տեսնել նրան կնոջ կերպարում եւ ծափահարել, կարող են լսել Վերկա Սերդյուչկայի երգերը, կարող են դիտել ծՏՉօպ ՀցրրՍՌպ ըՈոՍՌ հումորային դուետի (Իգոր Կասիլով եւ Սերգեյ Չվանով) ելույթներն ու զվարճանալ։ Իսկ երբ հերթը հասնում է Կամիլին կամ Կամիլի միջոցով Եվրոպային ներկայանալուն, չգիտես ինչու, նրանք հղում են անում ավանդական կերպարին, նամուսին եւ թասիբին։ Ամեն դեպքում, հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Կամիլը հայտնվեց երկրորդ հորիզոնականում։ Այնպես որ, ամեն ինչ չէ, որ կորած է։

Երիտասարդ եւ խոստումնալից կատարողներն արդեն իսկ հաղթել են
Չենք կարող չխոստովանել, որ Հանրային հեռուստաընկերության կազմակերպած «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը ճանաչվելու եւ դրսեւորվելու համար յուրահատուկ հարթակ հանդիսացավ «Նեմրա» խմբի, Ամալյա Մարգարյանի, Հասմիկ Շիրոյանի, Մարիամի, Լուսինե Մարդանյանի, Ռոբերտ Քոլոյանի, Գեւորգ Հարությունյանի համար, որոնցից ոմանք, ի դեպ, բավական բարձր միավորներ ստացան միջազգային ժյուրիի կողմից։ Իսկ դա բավական պարտավորեցնող նվաճում է։ Դեպի եվրոպական բեմ տանող այս հարթակն օգնեց հատկապես «Նեմրա» խմբին ձեռք բերել նոր երկրպագուներ։ Պետք է նկատել, որ ե՛ւ հեռուստադիտողների, ե՛ւ միջազգային ժյուրիի կողմից խումբը ստացավ բավական բարձր միավորներ եւ կարողացավ շահել հանդիսատեսի համակրանքը։ Այնպես որ, ամեն բան առջեւում է։
Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլի» եզրափակիչ անցած 10 մասնակիցներն էին՝ Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը, «Նեմրա»-ն, Կամիլը, Սեւակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը։
«Եվրատեսիլ-2018»-ի եզրափակիչները կկայանան մայիսի 8-ին եւ 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

«ԻՆՉՔԱՆ «ԱՆՆՈՐՄԱԼ» ԲԱՆ ԿԱ, ԿԱՐՈՂ ԵՔ ՍՊԱՍԵԼ»

Երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը պատրաստվում է երկրպագուների դատին հանձնել նոր երգ՝ նվիրված Ապրիլյան պատերազմի հայ զոհերի հիշատակին։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը՝ Գեւորգը՝ հավելելով, որ իր համար բավական պարտավորեցնող է այդ թեմային մոտենալը։ Ստեղծագործության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է։ Բացի այդ՝ Գեւորգն ինքը, ով մի շարք հիթերի հեղինակ է, գրել է նոր երգ, որը եւս կներկայացնի հանդիսատեսին։

Մենք հետաքրքրվեցինք՝ առաջիկայում երկրպագուները Գեւորգից սպասե՞ն ոճային եւ ժանրային կտրուկ փոփոխություններ. «Այո՛, միանշանակ։ Ես կողմ եմ նման փոփոխություններին եւ կարծում եմ` ինձ մոտ վատ չի ստացվում։ Բազմիցս ներկայացրել եմ ե՛ւ աշխույժ, պարային երգեր, ե՛ւ մեղեդային ստեղծագործություններ։ Առհասարակ, ինչքան «աննորմալ» բան կա, երկրպագուներս կարող են ինձնից սպասել»,-ծիծաղելով պատասխանեց երգիչը։
Երգի պետական թատրոնի նախկին մեներգիչը գործի բերումով ստիպված է լինում հաճախակի բացակայել հանրապետությունից, պարբերաբար մասնակցել համերգների, զբաղվել երգերի ձայնագրությամբ եւ տեսահոլովակներում նկարահանվելով։ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ընտանիքի անդամները համակերպվել են արդյո՞ք Գեւորգի խիտ գրաֆիկին, եւ արդյո՞ք այս առումով չեն առաջանում որոշակի դժվարություններ. «Իհարկե, դժվար է, բայց կինս խելացի անձնավորություն է եւ քաջ գիտակցում է, որ իմ գործի բնույթն է այդպիսին, եւ կարող է այնպես ստացվել, որ ուշ գնամ տուն, քիչ ազատ ժամանակ ունենամ եւ այլն։ Բացի այդ՝ ուրախ եմ, որ կինս նաեւ իմ լավագույն քննադատն է եւ խորհրդատուն։ Նա առաջինն է լսում իմ երգերը եւ իր կարծիքը հայտնում։ Ի դեպ, ասեմ, որ նրա կարծիքները համապատասխանում են ժամանակակից միտումներին»,-պատասխանեց Գեւորգը։
Ի դեպ, երգիչը երկու երեխա ունի։ Մենք հարցրինք՝ ինչպես են զավակները վերաբերվում իր գոծունեությանը. «Նրանց համար այնքան միեւնույն է, թե ես ինչ եմ անում, ամեն մեկն ապրում է իր աշխարհում»,- ծիծաղելով եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ Է ՆՎԱՃԵԼ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարում Հայաստանի թիմը նվաճել է արծաթե մեդալ: Գուրգեն Հովհաննիսյանը գերծանր քաշային կարգում (+91 կգ) հասել է մինչեւ եզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել է բուլղարացի Պյոտր Բելբերովին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Սոֆիա էին մեկնել 7 բռնցքամարտիկներ` 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Նշենք, որ նրանցից 5-ը հասել էին քառորդ եզրափակիչ:

 

 

ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Կիրակի օրը ավարտվեցին Փհենչհանում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերը: Մրցաշարի ընթացքում խաղարկվել է մեդալների 102 հավաքածու: Խաղերին մասնակցել է 92 երկրներից 2925 մարզիկ: Մեդալային հաշվարկով առաջին տեղն է զբաղեցրել Նորվեգիան` 39 մեդալ (14-ական ոսկե ու արծաթե, 11 բրոնզե): Երկրորդ տեղում Գերմանիան է` ընդհանուր 31 մեդալով (14 ոսկե, 10 արծաթե, 7 բրոնզե): Երրորդը Կանադան է` 29 մեդալով (11 ոսկե, 8 արծաթե, 10 բրոնզե):
Նշենք, որ հաջորդ ձմեռային օլիմպիական խաղերը կկայանան Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 2022 թվականին:




Լրահոս