ՄԱՐՏԻ 1-Ի ՄԱՍԻՆ ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրանում է Մարտի 1-ի աննախադեպ ոճրագործության 10-րդ տարելիցը: Այս 10 տարիների ընթացքում իշխանությունը որեւէ գործողություն այդպես էլ չձեռնարկեց գործի բացահայտման ուղղությամբ: Եվ դա էլ բնության օրենքով, քանի որ Մարտի 1-ի միջոցով իշխանության եկած Սերժ Սարգսյանը ու նրա սպասարկուները պարզապես անկարող են կտրել այն ճյուղը, որի վրա նստած են: Ի վերջո, Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի համար բացահայտելու բան էլ չկա, քանի որ նրանցից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ միջոցներով է պահվել իշխանությունը 2008թ. մարտի 1-ին, ընդ որում, այդ ամենն արվեց հանուն իր պաշտոնավարման:

Բազմաթիվ իրավապաշտպանների, հայաստանյան ընդդիմադիր գործիչների, միջազգային կազմակերպությունների կարծիքն առ այն, որ իշխանությունն է պատասխանատու Մարտի 1-ի համար, ոմանք կարող են կանխակալ համարել: Սակայն դժվար է նույն գնահատականը հնչեցնել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների կարծիքի կապակցությամբ` հաշվի առնելով, որ նրանք տեղեկատվություն են փոխանցել իրենց կառավարություններին, որոնք էլ դրանց հիման վրա պետք է քաղաքականություն մշակեին ու իրականացնեին: Այլ կերպ ասած` Հայաստանում հավատարմագրված դիվանագետների գաղտնի մեկնաբանությունները Մարտի 1-ի ու դրա պատասխանատուների մասով կարելի է լիովին իրականություն համարել` ինչպես նրանց` կողմնակի դիտորդ լինելու, այնպես էլ առաջին ձեռքից ստացված տեղեկատվություն ունենալու ու այն հավասարակշիռ կերպով վերլուծելու հանգամանքներով պայմանավորված:
2008թ. իշխանության գործողությունները թերեւս ամենից անաչառ գնահատել են ամերիկյան դիվանագետները, որոնց հեղինակած գաղտնի զեկուցագրերը բարեբախտաբար հանրայնացված են: Հայտնի «Վիկիլիքսի» շնորհիվ պարզ է դառնում, թե իրականում ինչ տեղեկատվություն են ունեցել ԱՄՆ դիվանագետները 2008թ. մարտի 1-ին Երեւանի փողոցներում կատարված իրադարձությունների մասին: Այսպես` այդպիսի մի զեկուցագրի հեղինակը 2008թ. մարտին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնն է, որը փոխանցելով 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում իշխանության գործողություններից ու իշխանության առանձին ներկայացուցիչների հետ քննարկումներից ստացված իր տպավորությունը` համոզված էր` իշխանությունը որեւիցե բանի առաջ կանգ չի առնի` իր հաղթանակն ապահովելու համար: Ըստ Փենինգտոնի` իշխանությունը ավելի շուտ հակված էր բռնություն կիրառել հրապարակում հավաքված քաղաքացիների նկատմամբ, քան վտանգի տակ դնել ապահով իշխանավարության հեռանկարը: Մեկ այլ զեկուցագրում դիվանագետը արձանագրում է` «ի հեճուկս իշխանության ու կառավարության պնդումների եւ հիմնվելով բազմաթիվ առաջին ձեռքից ստացված տեղեկությունների վրա` մենք ապացույցներ չունենք, որ ցուցարարների մեջ եղել են հրազենով զինված մարդիկ: Մենք հավատացած ենք, որ հրազենով զինված են եղել միայն կառավարական ուժերը»: Ներկայացնելով մարտի 1-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները` ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը փաստում է, որ ինչ-ինչ սադրիչների գործողություններից հետո որոշ ոստիկաններ կամ էլ զինվորներ գործի են դրել իրենց զենքերը` ուղիղ կրակ արձակելով ցուցարարների վրա: Փաստորեն, դիվանագիտական բարձր մակարդակով հաստատվում է անզեն ցուցարարների վրա դիմահար կրակելու փաստը:
2008-2011թթ. Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը նույնպես իրադարձությունների գլխավոր մեղավոր էր ճանաչում իշխանություններին: Ըստ դեսպանի` 2008թ. փետրվարի խաղաղ քաղաքական հանրահավաքներն ու ցույցերը հաջորդել էին «նախագահական վիճահարույց ընտրություններին»: Դիվանագետը հավելում է, որ այդ խաղաղ իրավիճակը խաթարվել է միայն կառավարության կողմից կիրառված բռնության արդյունքում: Յովանովիչը նաեւ նկարագրում է դեպքերի հետագա ընթացքը` փաստելով, որ ընդդիմության բազմաթիվ համակիրներ ձերբակալվեցին ու դատապարտվեցին ազատազրկումների դատական վիճահարույց որոշումներով: Անդրադառնալով նաեւ Մարտի 1-ը հետաքննող փաստահավաք խմբի գործունությանը` դեսպանը նախ արձանագրում է, որ Սերժ Սարգսյանն այս խումբը ստեղծել էր` առաջին հերթին միջազգային հանրության քննադատությանն ու ճնշումներին տեղի տալով: Դեսպանը հայտնում է իր կառավարությանը. «Մեզ շշուկներ են հասնում, որ առաջին զեկույցի շուրջ տեղեկատվական հոսքը եւ այն հեռանկարը, որ ընթացքում կարող են իշխանությունների համար վտանգավոր բացահայտումներ լինել, եղան այն հիմնական պատճառը, որ խումբը ցրվի»: Դեսպան Յովանովիչը նաեւ մեկնաբանում է. «Մարտի 1-2-ի դեպքերի անկախ հետաքննությունը հավանաբար երբեք էլ շահեկան չի լինի իշխանությունների համար: Պարզ է, որ իշխանությունները, որ երբեւէ պատրաստակամ չեն էլ եղել փաստահավաք խմբի ստեղծման գործում ու դրան գնացին` ելնելով ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնակատարի ճնշումներից, ի սկզբանե առիթ էին փնտրում կասեցնելու դրա գործողությունը: Այս խմբի գործունեությունը եղավ այն հազվադեպ փայլուն քայլերից մեկը, որ արեց կառավարությունը մարտի 1-2-ի իրադարձությունների բացահայտման գործում: Այս խումբն իրականում մեծ պոտենցիալ ուներ: Դժբախտություն է, որ խմբի կազմավորումը իշխանության համար ակնհայտորեն դիտվում էր լոկ քաղաքական պարտականություն եւ ոչինչ ավելին»:
Մարտի 1-ի իրական պատասխանատուին ու մեղավորին, սակայն, հստակորեն մատնանշում է Ջոզեֆ Փեննինգտոնը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպումներից մեկը գնահատելիս. «Բավականին զարմացնող էին նաեւ նրա մեկնաբանությունները մարտի 1-2-ի հետընտրական բռնությունների վերաբերյալ, կարծես այդ ամենն անակնկալ եղանակային պայմանների արդյունք էր` դուրս մարդկային վերահսկողության սահմաններից: Իրականում մարտի 1-2-ի բռնությունների մեղքն ամբողջովին ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա եւ նրանց մանրամասն ծրագրված որոշման վրա` զորք մտցնելու եւ Ազատության հրապարակը ցուցարարներից մաքրելու նպատակով»:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՎՐԱՍՏԱՆ ՄՏՆԵԼԸ ԹԱՆԿ ԿՆՍՏԻ
Մարտի 1-ից այլ երկրում գրանցված տրանսպորտային միջոցի տերը Վրաստան մտնելիս պարտավոր է ապահովագրել այն: Ավտոտրանսպորտի ապահովագրություն կատարվելու է Վրաստանի Սարպի, Ցիտելի Խիդի, Սադախլո եւ Կազբեգի սահմանային անցակետերում: Առանց ապահովագրելու Վրաստանի տարածքում տրանսպորտային միջոցների շարժի դեպքում վարորդը տուգանվելու է 100-200 լարիի չափով, որը մոտավորապես կազմում է 20-40 հազար դրամ: Վրաստան մտած մարդատար ավտոմեքենաների համար պահանջվում է մինչեւ 15 օր ժամկետով ապահովագրում կատարել, որի դեպքում պետք է վճարել 30 լարի, որը մոտ 6000 դրամ է: Ավտոտրանսպորտի ապահովագրում կատարվելու է նաեւ 30 եւ 90 օրով եւ մեկ տարով: Մարդատար ավտոմեքենայի` մեկ տարով ապահավագրության վճարը սահմանված է 295 լարի, կամ մոտ 59 հազար դրամ: Ավտոբուսների եւ բեռնատար ավտոմեքենաների ապահովագրության վճարները ավելի մեծ են: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանը սահմանակից է Վրաստանին: Նոյեմբերյանցի վարորդները կողմ են, որ Վրաստան մտնող իրենց ավտոմեքենաներն ապահովագրվեն, ինչը իրենց հնարավորություն կտա այդ երկրում ավտովթարների դեպքում նյութական քիչ վնասներ կրել: Սակայն վարորդները դժգոհ են, որ մեքենաների ապահովագրության վճարները Վրաստանում բարձր են: Եթե նախկինում տավուշցի վարորդներն առանց երկմտելու չնչին առիթով մտնում էին Սադախլո կամ Մառնեուլի, այսուհետ Վրաստանի տարածք ավտոմեքենայով մտնելու են միայն հույժ անհրաժեշտության դեպքում: Այն անձինք, ովքեր դեպի Վրաստան ուղեւորափոխադրումներ են կատարում կամ բիզնեսի հետ կապված գործեր ունեն այդ երկրում, հավանաբար իրենց տրանսպորտային միջոցներն ավելի երկար ժամանակով կապահովագրեն: Վրաստանում ավտոապահովագրություն մտցնելու վերաբերյալ վրացերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով տեղեկատվական թերթիկներից մի քանիսը տարածվել են նոյեմբերյանցի տաքսիստների շրջանում:

 

 

ԿՈՒՍԱԿՑԱՊԵՏԻ ԲԻԶՆԵՍԸ
Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի եզրին` Աչաջուր գյուղի տարածքում, հողի շերտը հարթեցվել է, ջերմոցների մեծ շինարարություն է ընթանում: Դրանք պատկանում են ծագումով Աչաջուրից, Աժ նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին, ով հարազատ գյուղից 45 հեկտար հողատարածք է գնել: Նա Աղստեւ գետի ափին պտղատու այգիներ է հիմնել: Խ. Քոքոբելյանի որդուն` Սեւադա Քոքոքելյանին է պատկանում Իջեւանի բենտոնիտ կոմբինատի առջեւ գտնվող, 2016թ. կառուցված փոքր ՀԷԿ-ը: Խ. Քոքոբելյանին են պատկանում Աղստեւի վրա, Խաշթառակի տարածքում նորակառույց փոքր ՀԷԿ-ը եւ Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղի տարածքում գտնվող «Խաչաղբյուր-1» ՀԷԿ-ը: Համաձայնեք` իբր ընդդիմադիր կուսակցապետն իսկական օլիգարխ է եւ ունեցվածքով չի զիջում շատերին: Միայն թե, չգիտես ինչու, ՀՀԿ-ական օլիգարխների անունն է դուրս եկել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՍՐՃԱՐԱՆԸ ԿԱՊԱՄՈՆՏԱԺԻ, 5 ՄԼՆ ԴՐԱՄ ՎԱՐԿՆ ԷԼ ԿՄԱՐԻ

Այսօր ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի գյուղապետարանում պետք է տեղի ունենան «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում մեկնարկած շինաշխատանքների վերաբերյալ վարչական լսումներ: Իսկ քննարկման թեման «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում փայտե սրճարանը ապամոնտաժելն է: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, հնարավոր է` այդ վարչական լսումները չկայանան: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ սրճարանի սեփականատերը` Ծովինար Համբարձումյանը, համաձայնել է ապամոնտաժել փայտե կառույցը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հուշարձանին հարող մոտ 180 քմ տարածքի սեփականատերը Գառնիի բնակիչ Շմավոն Համբարձումյանն է, ով վերջերս այն տվել է դստերը` Ծովինար Համբարձումյանին: Իսկ Համբարձումյանների ընտանիքը տվյալ հողամասի վրա սեփականության իրավունք ստացել է դեռեւս 2008 թվականին: Ծ. Համբարձումյանը եւս բնակվում է Գառնի գյուղում եւ զբաղվում է ատամնաբուժությամբ: Գառնեցիների պատմելով` տարիներ առաջ Շմավոն Համբարձումյանը յուրաքանչյուր զբոսաշրջիկից գումար է վերցրել` դեպի «Քարերի սիմֆոնիա» գնալու համար: Հիմա էլ կրտսեր Համբարձումյանն էր որոշել փող աշխատել` իրեն պատկանող տարածքում սրճարան հիմնելով: Բայց նրան չհաջողվեց:
Ի դեպ, նա այս նպատակով 5 մլն դրամի չափով վարկ էր վերցրել ՓՄՁ զարգացման գրասենյակից` բնականաբար տվյալ կառույցին ներկայացնելով բիզնես ծրագիր: Եւ կառավարությունը նախապես տեղյակ է եղել, որ գառնեցի Ծովինար Համբարձումյանը մտադիր է հուշարձանին մոտ տարածքում սրճարան կառուցել, հետեւաբար կառավարությունը եւս պատասխանատու է կատարվածում: Բայց, չգիտես թե ինչու, կառավարությունը լռում է:
«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի հետ կապված փորձեց զրուցել Ծովինար Համբարձումյանի հետ, սակայն վերջինս անջատել էր հեռախոսը: Գառնեցիների պատմելով` նա արդեն մի քանի օր է` ծանր դրության մեջ է, քանի որ ֆինանսական վնասներ է կրել: Իսկ Գառնիի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ Ծովինար Համբարձումյանը համաձայնել է ապամոնտաժել փայտե սրճարանը: «Գործընթացը սկսել ենք եւ պետք է այն ավարտին հասցնենք: Այս պահին Ծովինար Համբարձումյանը վատ դրության մեջ է եւ վերցրած վարկն էլ ուզած-չուզած պետք է մարի: Իմ կարծիքով` այդ տարածքը պետք է այդպես էլ ազատ մնա»,- նկատեց աշխատակազմի ղեկավարը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս