«ԽԱՆԴԸ ԿԵՂՏՈՏ ԵՎ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԶԳԱՑՄՈՒՆՔ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է շոու-բիզնեսում հայտնի կանանց հետ զրուցել կանացի գաղտնիքների շուրջ։ Նրանք անդրադառնում են կին-տղամարդ հարաբերություններին, կիսվում են իրենց կյանքի փորձով։ Այս անգամ մեր զրուցակիցը Երեւանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիդիա Գրիգորյանն է։ Հանդիսատեսը նրան տեսել է Վիոլայի («Տասներկուերրորդ գիշեր կամ… սիրուց են մեռնում»), Դոննա Աննայի (Դոն Ժուան»), Հասմիկի («Փարիզյան դատավճիռ»), Սոֆիի («Չաո») եւ այլոց դերերում։

-Լիդիա՛, նախ՝ մեր ավանդական հարցը՝ կին դառնո՞ւմ են, թե՞ ծնվում։
-Բնությունն ի ծնե կնոջն օժտում է որոշակի հատկություններով, սակայն նրա հոգեկերտվածքի ձեւավորմանը նպաստում են նաեւ կյանքի փորձը, ստացած գիտելիքները, նրա զարգացվածության աստիճանը, եւ որ շատ կարեւոր է՝ իր կողքին համապատասխան տղամարդ ունենալը։
-Տղամարդու մեջ ի՞նչը կարող է հիասթափեցնել կնոջը։
-Ես նման փորձ իմ կյանքում չեմ ունեցել, դժվարանում եմ պատասխանել։ Փորձեմ հարցին այլ կողմից մոտենալ։ Ինձ չեն հետաքրքրում տղամարդիկ, որոնք ինտելեկտուալ չեն, փոխարենը հետաքրքրում են տղամարդիկ, որոնցից կարելի է սովորել։
-Բացի սիրելը, կարեւորո՞ւմ եք միշտ սիրահարված լինելու գործոնը։
-Կարծում եմ՝ մեկը մյուսից է բխում։ Ամեն դեպքում, սիրահարվածությունը ոչ կայուն զգացմունք է, կարող ես սիրահարվել, բայց հետո դա անցնի, իսկ սերը մնում է հավերժ։
-Շարունակեք միտքը՝ կինը սեքսուալ է, եթե…
-Ոչ միայն կնոջ, այլեւ տղամարդու մեջ ինձ միշտ գրավել է խելքը։ Ինտելեկտուալ, ինչու ոչ նաեւ խորամանկ կինը հաճախ նաեւ ցանկալի է։ Իսկ եթե կինը պարզապես փորձում է իր արտաքինով ինչ-որ միջավայր ստեղծել շուրջը, կողքինները հասկանում են, որ դա փուչիկ է, որը հիմք եւ արմատ չունի։ Թե՛ կնոջ, թե՛ տղամարդու դեպքում կարեւորում եմ նաեւ հոգին։ Հոգուց բխած ցանկացած բան չի կարող կեղծ լինել։ Իսկ անկեղծությունը հաճախ ապահովում է նաեւ ցանկալիություն։
-Խանդը ո՞ր դեպքում կարող է արդարացված լինել, իսկ ո՞ր դեպքում՝ կործանարար։
-Կարեւոր է, որ մարդ՝ անկախ սեռից, կարողանա հաղթահարել դա։ Այդ դեպքում զույգերի մոտ կարող է իդեալականին մոտ հարաբերություններ ստեղծվել։ Իրականում խանդը կեղտոտ, վատ եւ կործանարար զգացմունք է, որը խանգարում է զույգերին։ Եթե որոշ հարցերի այլ կերպ նայես, կկարողանաս ամուր կապ ստեղծել։
-Ձեզ եւ Ձեր ամուսնուն՝ դերասան Գագիկ Մկրտչյանին, հաջողվե՞լ է հաղթահարել խանդը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ երկուսդ էլ բեմի մարդիկ եք։
-Կարծում եմ՝ այո։ Մենք վաղ տարիքից՝ 18 տարեկանից ենք ճանաչում իրար։ Բնականաբար, խանդի զգացում ապրել ենք, էմոցիոնալ պոռթկումներ եղել են, բայց հետագայում, երբ թելադրող է դառնում բանականությունը, հասկանում ես, որ դա խանգարում է ձեզ, որ դա անիմաստ կռիվների տեղիք է տալիս, իսկ կռիվները հեռացնում են մարդկանց իրարից։ Չէ՞ որ անիմաստ, մանր կռվից կարող է ծնվել մի մեծ վիճաբանություն, որի հետեւանքները կարող են անդառնալի լինել։ Հիմնականում այդպես էլ լինում է։ Իսկ երբ դու վախենում ես սիրելիիդ կորցնել եւ չես էլ մտածում նրան փոխարինելու մասին, փորձում ես խուսափել այդ ամենից։
-Լիդիա՛, ի՞նչը կարող է հետաքրքրություն մտցնել հարաբերություններում, որոնք տեւական բնույթ են կրում։
-Կինն իր բնույթով փոփոխական է, եւ դա կարող է հետաքրքիր լինել։ Տղամարդկանց գրավում է նաեւ կնոջ ինքնավստահությունը, թեեւ կինը պետք է իրեն թույլ տա նաեւ թուլանալ, եթե, իհարկե, կողքին ունի ուժեղ տղամարդ։ Սակայն այս ամենից զատ՝ հարաբերություններում շատ կարեւոր է պահպանել կայունությունը եւ փոխադարձ վստահությունը։

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

«ՀԱՐԿԱՎՈՐ ԷՐ ՌԻՍԿԻ ԴԻՄԵԼ»

«Այս տարի «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Սեւակ Խանաղյանի «Քամի» երգը մրցակցային չէ, բացի այդ՝ այն շատ եմ նմանեցնում Արամ MP3-ի «Not alone» երգին: Առհասարակ, երբ հետադարձ հայացք եմ նետում, տեսնում եմ, որ մեր տղա մասնակիցներից շատերը մրցույթին ներկայացել են պալատական երգերով, այնինչ` ավելի հետաքրքիր կլիներ ռիսկի դիմել՝ թեկուզ գործիքավորման առումով: Երգի ընտրության հարցում մենք գրեթե միշտ սխալվում ենք»-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգահան, գործիքավորող ԴերՀովան, ով «Քելե, քելե» երգի երաժշտության հեղինակն է:

Հիշեցնենք` «Քելե, քելե» երգով Սիրուշոն Հայաստանը 2008-ին ներկայացրեց «Եվրատեսիլ»-ում եւ զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը:
ԴերՀովան պարզաբանեց, որ ռիսկային քայլ ասելով՝ նկատի չունի, որ հարկավոր էր, օրինակ, Կամիլ շոուին ուղարկել «Եվրատեսիլ». «Հայերիս կարող է թվալ, որ Կամիլ շոուն Եվրոպայում կաշխատեր, բայց ինձ այդպես չի թվում: Նա կարծես ծաղրում էր մրցույթը, չեմ ասում՝ մեզ խայտառակում էր, պարզապես ծաղրում էր, բայց մենք բավական լուրջ ենք մոտենում «Եվրատեսիլ»-ին»-մեկնաբանեց ԴերՀովան:
Նրա խոսքով՝ «Դեպի Եվրատեսիլ»-ի եզրափակչում հայտնված երգերից ոչ մեկն իրեն չի հետաքրքրել. «Կուզեի, օրինակ, «Գաթա բենդ»-ը գնար «Եվրատեսիլ», բայց ոչ այն երգով, որ ներկայացրել էր: Եզրափակիչ անցած երգիչներից ինձ համար ամենաուժեղը Մհերն էր, բայց նա էլ ներկայացրեց ոչինչ չասող, հնացած մի երգ, Սեւակը եւս հոյակապ երգիչ է, բայց երգն անհաջող է»:
Ամեն դեպքում, «Դեպի Եվրատեսիլ»-ի ֆորմատը շատ է դուր եկել ԴերՀովային, նա գովելի է համարում այն փաստը, որ մրցույթին երգիչները կարող են ներկայանալ հեղինակային գործերով. «Մրցույթի մասնակիցներից շատ հավանեցի «Նեմրա» եւ «Ալտերնատիվ» խմբերին, ի դեպ՝ վերջինիս՝ ավելի շատ: Ուրախ եմ, որ ռոքն այսքան ակտիվորեն ներկայացվում է մրցույթում»,-ասաց գործիքավորողը:
Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլի» եզրափակիչ անցած 10 մասնակիցներն էին՝ Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը, «Նեմրա»-ն, Կամիլը, Սեւակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը։
«Եվրատեսիլ-2018»-ի եզրափակիչները կկայանան մայիսի 8-ին եւ 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՖԻԼՄ` ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
Ռուսաստանի Յարոսլավ քաղաքում մեկնարկել են «Սուսերով պար» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: «Սա հանրահայտ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է»,-նշել է ֆիլմի պրոդյուսեր Տիգրան Մանասյանը:
Մանասյանի խոսքով` Յարոսլավում նկարահանումներն ավարտելուց հետո նկարահանող խումբը կուղեւորվի Հայաստան, որտեղ աշխատանքը կշարունակվի Երեւանում, Դիլիջանում եւ Խոր Վիրապում: Նշվում է, որ ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում 1942թ., երբ Կիրովսկի (Մարիինյան) թատրոնը տարհանվել է Ուրալ, որտեղ Արամ Խաչատրյանն ավարտել է գրել «Գայանե» բալետը:
Գեղարվեստական ֆիլմի իրադարձությունները զարգանում են նաեւ Հայաստանում, որտեղ 1939թ. կոմպոզիտորը գրել է «Երջանկություն» բալետը:

 

 

22.2 ՄԼՆ ԵՎՐՈ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է գլխավորել ամենաբարձր վարձատրվող ֆրանսիացի մարզիկների ցուցակը: 24-ամյա ֆուտբոլիստը 2017թ. տվյալներով զբաղեցրել է առաջին տեղը: Կիսապաշտպանը նախորդ տարի վաստակել է 22.2 միլիոն եվրո:
1. Պոլ Պոգբա (ֆուտբոլ, «Մանչեսթեր Յունայթեդ»)` 22.2 միլիոն եվրո
2. Տոնի Պարկեր (NBA, «Սան Անտոնիո»)` 19.7
3. Անտուան Գրիզման (ֆուտբոլ, «Աթլետիկո»)` 19.1
4. Նիկոլյա Բատյում (NBA, «Շարլոթ»)` 18.9
5. Քարիմ Բենզեմա (ֆուտբոլ, «Ռեալ»)` 16.3:
Նկատենք, որ ֆուտբոլի աշխարհահռչակ երկու աստղերը` «Բարսելոնա» ակումբի հարձակվող արգենտինացի Լեոնել Մեսսին եւ «Ռեալ Մադրիդի» հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն չկան ամենաբարձր վարձատրվող հինգ մարզիկների ցանկում:




Լրահոս