ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ղալաթ ես անում, չաթլա՛խ». Ռուստամյան-Թովմասյան միջադեպի հետքերով. վիրավորանքը մնաց անպատասխան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, թե իր եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի միջեւ տարիներ առաջ եղած հակասությունը հարթվել է: Սակայն դեռեւս պատգամավոր հանդիսացող Թովմասյանը խուսափեց նշել՝ ինքն արժանի պատասխան տվել է, ինչպես խոստացել էր, թե ոչ:

Խոսքը տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ այդ ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, արձագանքելով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջին, ասել էր, որ «ղալաթ են անում»: Ռուստամյանն էլ ասել էր. «Եթե բառարաններով է, ուրեմն մենք էլ ենք տիրապետում բառարանների, եւ եթե մենք նրան ասենք` ղալաթ ես անում, չաթլա՛խ, թող չնեղանա»: Ի պատասխան` այդ ժամանակ Հրայր Թովմասյանը նշել էր. «Մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում եւ ներողությունով չի հարթվում, պարզապես իմ դիրքը բացառում է այս պահին պատասխանելը: Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ՝ բոլորը կիմանան»:

Բանն այն է, որ Հրայր Թովմասյանը նախարարից հետո դարձավ ԱԺ աշխատակազմի ղեկավար, հետո պատգամավոր, հիմա էլ ՍԴ անդամ է դառնալու: Բայց այդպես էլ չպատասխանեց Ռուստամյանին: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը փորձել է հենց Հրայր Թովմասյանից հասկանալ՝ երբ է, ի վերջո, պատասխանելու Արմեն Ռուստամյանին: Սակայն Հրայր Թովմասյանը հերթական անգամ ապացուցեց, որ լրագրողների հանդեպ ակնհայտ թշնամանք ունի:

-Պարո՛ն Թովմասյան, մշտապես նշվում է, թե ՍԴ հանդեպ վստահություն չկա, նույնիսկ զեկույցներն են վկայում, որ անգամ այդ կառույցի որոշումները չեն կայացվում: Համաձա՞յն եք դիտարկման հետ:

-Ո՛չ, կամ մասամբ:

Այդ զեկույցն է փաստում:

-Ես առիթ կունենամ խոսելու:

-Ինչպե՞ս եք բարձրացնելու ՍԴ հեղինակությունը, Ձեր առաքելությունը ո՞րն է լինելու:

-Սահմանադրականության գերակայությունն ապահովել: Ես կարծում եմ, որ ես կարող եմ այդ աշխատանքը լավ կատարել:

-Ասում են` ընտրակեղծիքները լեգիտիմացնելու նպատակով եք գործուղվում ՍԴ:

-Դուք հասարակության անունից, խնդրում եմ, մի՛ խոսեք:

-Պարո՛ն Թովմասյան, տարիներ առաջ, երբ միջադեպ գրանցվեց Ձեր եւ Արմեն Ռուստամյանի միջեւ, Դուք նշել էիք, թե նրան արժանի պատասխան կտաք նախարարական կոստյումը հանելուց հետո: Պատասխանը տվե՞լ եք:

-Այդ հարցը հարթված է վաղուց:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

Հարցազրույցը տպագրվել է «Ժողովուրդ» օրաթերթի՝ մարտի 1-ի համարում:




Լրահոս