Տղամարդու «քձիբությունը» կարող է հիասթափեցնել ինձ. Էվա Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է «Poker.am», «Հյուսիս-հարավ», «Carte Blanche» ֆիլմերից, մի շարք սերիալներից հատնի դերասանուհի, Երեւանի պետական կամերային թատրոնի արտիստուհի Էվա Խաչատրյանը: Նա պատմել է ներկայիս զբաղվածության, իր գրավիչ կողմերի մասին, անկեղծացել է՝ նշելով, թե ինչպես է վերաբերվում համացանցում իր հասցեին հնչած վիրավորանքներին:

-Էվա՛, այս պահին Ձեր ժամանակը ինչի՞ վրա եք ամենաշատը ծախսում:

-Ներկայացումների: Մեկ ամսից ավել է՝ Կամերային թատրոնի բեմում է «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացումը, բացի այդ խաղում եմ «Կաբարե Restart»-ում, որի պրեմիերան տեղի ունեցավ վերջերս, իսկ մարտի 13-ին եւ 14-ին էլ մեր թատրոնում պրեմիերա է. բեմ կբարձրանա «Սեւ արկղ»-ը, որտեղ եւս զբաղված եմ: Երեքն էլ հրաշալի գործեր են եւ միմյանցից շատ տարբեր:

-Մեր ավանդական դարձած հարցերից մեկը՝ փող, փառք, թե պատմության մեջ հետք թողնելու հնարավորություն:

-Միանշանակ՝ երրորդը: Դերասանի գործունեության կարեւոր նպատակը հենց մնայուն արժեքներ ստեղծելն է:

-Շտապում եք, որ հասցնեք…

-Ոչնչից չուշանալ, ոչնչից ետ չմնալ, շտապում եմ իմ գործը լավ անել, ես միշտ եմ շտապում եւ զզվում եմ դանդաղկոտներից (ծիծաղում է):

-Ինչպե՞ս եք վերաբերվում համացանցում Ձեր հասցեին հնչող վիրավորանքներին: Թերեւս ոչ մի արտիստ չի կարող խուսափել դրանցից:

-Դա ես համարում եմ ոչ գրագետ մոտեցման արդյունք, որի հանդեպ ունեմ ադեկվատ դիրքորոշում: Այդ խոսակցություններն ինձ վաղուց չեն խոցում, չեն անհանգստացնում, առավել եւս՝ վիրավորում: Երբեմն լինում է, որ ինչ-որ բան շատ մեծ արձագանք է ունենում, ստիպված անդրադառնում եմ, որ տեսնեմ՝ ինչ է կատարվել, այսինքն՝ զուտ ինֆորմացվելու համար: Պարզապես ցավում եմ, որ մեր մեջ չարացածները շատ են, մարդիկ, որոնք կարող են անգործությունից յուրաքանչյուրի վրա ցեխ շպրտել: Ամեն օր եմ առնչվում նման երեւույթների հետ: Ցավում եմ նաեւ, որ առողջ բանավեճեր մեզանում հազվադեպ են ծավալվում, հիմնականում հնչում են անձին, անգամ նրա ընտանիքի անդամներին վիրավորող մեկնաբանություններ: Դրանք կարծես մաղձը թափելու միջոց լինեն: Ամեն դեպքում, այն համոզման եմ, որ գրագետ եւ կայացած մարդը ժամանակ չի վատնի նման բաների վրա:

-Էվա՛, տղամարդու մեջ Ձեզ կարող է հիասթափեցնել…

-Քձիբությունը , անտարբերությունը:

-Ձեր մեջ տղամարդիկ առաջինը նկատում են…

-Ես պարզապես աստղով եմ, ուրիշ ոչինչ: Հետո արդեն, երբ հետս շփվում են, սկսում են ճանաչել մարդ տեսակս:

-Ձեր արտաքինի մեջ ի՞նչը կփոխեիք:

-Այն, ինչ փոխելու ենթակա էր, արդեն փոխել եմ, նկատի ունեմ՝ քթի վիրահատությունը: Եթե էկրանի մարդ չլինեի, գուցե այդ միջամտությանն էլ չդիմեի:

-Պատանեկության տարիներին Դուք եղել եք արքայադո՞ւստր, որին բոլորը սիրահարվել են, թե՞ տղաների լավ ընկերը:

-Ես միշտ եղել եմ լավ ընկեր: Մինչեւ օրս էլ այդպես է: Ե՛վ ուսանողական տարիներին, ե՛ւ թատրոնում ավելի շատ տղաների հետ եմ ընկերություն արել: Այդ միտումը շարունակվում է բոլոր բնագավառներում: Տղամարդիկ անկեղծ են շփման մեջ, իսկ կանանց դեպքում խոչընդոտներ կարող են ստեղծվել հարաբերություններում, հատկապես, եթե նրանցից մեկը ձեռքբերումներ ունի, լավ կարգավիճակում է, մյուսը նախանձում է նրան: Բազմիցս առնչվել եմ այդ երեւույթի հետ, երեւի դա է պատճառը, որ դեռ դպրոցական տարիներից չեմ ձգտել աղջիկների հետ մտերմություն անել: Ավելի ճիշտ՝ ունեցել եմ որոշ փորձեր, որոնք, սակայն, ձախողվել են:

-Հիմա ամենաշատը ինչի՞ կարիք ունեք:

-Հանգստի: Կարելի է ասել՝ գերհոգնած եմ: Ներկայացումները հանձնելուց հետո մի քիչ շունչ կառնեմ:

Անի Անտոնյան




Լրահոս