ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքն իր խղճի դեմ պետք է պատասխան տա. Վարդևան Գրիգորյանը՝ Արմեն Սարգսյանի դեմ ձայների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում Հայաստանի չորրորդ նախագահի ընտրություններն ընթացան ինտրիգներով: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 101 պատգամավորներից 90-ի կողմ ձայներով ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանն ընտրվեց նախագահի պաշտոնում: 1 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց, իսկ ահա 10 պատգամավոր դեմ էին քվեարկել: Հենց այստեղ էր թնջուկը. նախապես միայն 7 հոգանոց «Ելք» խմբակցությունն էր խոսել դեմ քվեարկելու մասին, բայց արդյունքում ստացվեց, որ կողմ քվեարկելու մասին հայտարարած երեք խմբակցություններից եղել են պատգամավորներ, որոնք եւս դեմ են քվեարկել Սարգսյանին: Միայն թե, պարզ չէ, թե որտեղի՞ց էին այդ 3 դեմ ձայները: Այս առթիվ ԱԺ ե՛ւ ՀՀԿ, ե՛ւ ՀՅԴ, ե՛ւ «Ծառուկյան» խմբակցություններում խլրտումներ են սկսվել: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց  ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, 10 դեմ ձայն կար, սակայն «Ելք» դաշինքում այդքան պատգամավոր չկա: Գուցե՞ դեմ քվեարկողները եղել են «Ծառուկյան» դաշինքից:

-Դա փակ, գաղտնի քվեարկություն է, եւ այսօր կասկածել մեկին, իմ կարծիքով` անբարոյականություն է: Մենք բարձրաձայնել ենք, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո եղել է նաեւ հանդիպում մեր կուսակցության ղեկավարի հետ: Եվ խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել: Չեմ կասկածում, որ այդ հանդիպումներից հետո որեւէ մեկը դեմ քվեարկեր: Ամեն մեկն իր խղճի մտոք է քվեարկում, եւ կասկածել այս պատգամավորին, այն պատգամավորին, անբարոյականություն է:

-Այս դեպքում գուցե՞ խնդիր առաջանա կուսակցության ղեկավարի հետ, ով ցանկանա ճշտել` իսկապես բոլորը քվեարկել են կո՞ղմ, թե՞ դեմ ձայները եղել են «Ծառուկյան» դաշինքից:

-Ես չգիտեմ: Այդ վարկածները տրամաբանության վրա պիտի լինեն: Ճշտել, թե ով ինչ է արել, կարծում եմ, որոշակի դժվարություններ կլինեն:

-Չի բացառվում, որ գուցե՞ Հանրապետականից են ոմանք որոշել այդ կերպ քվեարկել: Կա՞ ՀՀԿ-ում պատգամավոր, ով կհամարձակվեր այդպես քվեարկել:

-Ով խղճի դեմ է գնացել, եւ խմբակցությունը, որում գործում է, հակառակ բանն է արել, ուրեմն եթե հնարավոր էլ չէ դա ապացուցել, ինքն իր խղճի դեմ պետք է պատասխան տա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս