Մահվան ելքով վթարի պատճառ դարձած վարորդը դատապարտվեց․ ինչ պատիժ նա ստացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջանի բնակիչ, 1990թ. ծնված Ազատ Բաղդասարյանը 2017 թվականի սեպտեմբերի 18-ին` ժամը 9-ն անց 30-ի սահմաններում, իր հարազատ եղբոր` 2000 թվականին ծնված Արտակ Բաղդասարյանի հետ «ԳԱԶ-69» մակնիշի փայտանյութով բեռնված ավտոմեքենայով դուրս է եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին» տեղամասի 1-ին պահաբաժնի «Փիշիկ» հանդամասից: «ԳԱԶ-69»-ի տիրոջ ինքնությունը իրավապահները մինչեւ այժմ չեն կարողացել պարզել: Այդ մեքենայի վրա եղել են Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, հանգուցյալ Աշոտ Խաչատրյանի անվամբ հաշվառված համարանիշներ:

Անտառից կտրուկ իջնելու ընթացքում Ազատը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, արգելակելու նպատակով ղեկը թեքել է աջ, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորակը: Նա թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 67-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ: Դրա հետեւանքով մեքենայի ուղեւոր Արտակ Բաղդասարյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Ա. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով («Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ա. Բաղդասարյանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն` հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Դատարանը միջնորդությունը բավարարել է:
Դատարանը Ա. Բաղդասարյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա բնութագրվում է դրական, ընդունում է մեղքը, անկեղծորեն զղջում կատարած արարքի համար, տուժողն ամբաստանյալի հարազատ եղբայրն է: 2018 թվականի փետրվարի 15-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ա. Բաղդասարյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ նրան դատապարտել մեկ տարի ժամկետով ազատազրկման` ավտոտրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: Դատավորը վճռել է կիրառել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված հիմնական պատիժը ժամանակավորապես չկիրառել` փորձաշրջան նշանակելով մեկ տարի ժամկետով:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս