«ՉԱԹԼԱԽԸ» ՄՆԱՑ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու հանդիսացող Հրայր Թովմասյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ վստահեցրեց, թե իր եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի միջեւ տարիներ առաջ եղած հակասությունը հարթվել է: Սակայն դեռեւս պատգամավոր հանդիսացող Թովմասյանը խուսափեց նշել՝ ինքն արժանի պատասխան տվել է, ինչպես խոստացել էր, թե ոչ:

Խոսքը տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ այդ ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, արձագանքելով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջին, ասել էր, որ «ղալաթ են անում»: Ռուստամյանն էլ ասել էր. «Եթե բառարաններով է, ուրեմն մենք էլ ենք տիրապետում բառարանների, եւ եթե մենք նրան ասենք` ղալաթ ես անում, չաթլա՛խ, թող չնեղանա»: Ի պատասխան` այդ ժամանակ Հրայր Թովմասյանը նշել էր. «Մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում եւ ներողությունով չի հարթվում, պարզապես իմ դիրքը բացառում է այս պահին պատասխանելը: Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ՝ բոլորը կիմանան»:
Բանն այն է, որ Հրայր Թովմասյանը նախարարից հետո դարձավ ԱԺ աշխատակազմի ղեկավար, հետո պատգամավոր, հիմա էլ ՍԴ անդամ է դառնալու: Բայց այդպես էլ չպատասխանեց Ռուստամյանին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը փորձել է հենց Հրայր Թովմասյանից հասկանալ՝ երբ է, ի վերջո, պատասխանելու Արմեն Ռուստամյանին: Սակայն Հրայր Թովմասյանը երեկ հերթական անգամ ապացուցեց, որ լրագրողների հանդեպ ակնհայտ թշնամանք ունի:
-Պարո՛ն Թովմասյան, մշտապես նշվում է, թե ՍԴ հանդեպ վստահություն չկա, նույնիսկ զեկույցներն են վկայում, որ անգամ այդ կառույցի որոշումները չեն կայացվում: Համաձա՞յն եք դիտարկման հետ:
-Ո՛չ, կամ մասամբ:
-Այդ զեկույցն է փաստում:
-Ես առիթ կունենամ խոսելու վաղը (այսօր-խմբ):
-Ինչպե՞ս եք բարձրացնելու ՍԴ հեղինակությունը, Ձեր առաքելությունը ո՞րն է լինելու:
-Սահմանադրականության գերակայությունն ապահովել: Ես կարծում եմ, որ ես կարող եմ այդ աշխատանքը լավ կատարել:
-Ասում են` ընտրակեղծիքները լեգիտիմացնելու նպատակով եք գործուղվում ՍԴ:
-Դուք հասարակության անունից, խնդրում եմ, մի՛ խոսեք:
-Պարո՛ն Թովմասյան, տարիներ առաջ, երբ միջադեպ գրանցվեց Ձեր եւ Արմեն Ռուստամյանի միջեւ, Դուք նշել էիք, թե նրան արժանի պատասխան կտաք նախարարական կոստյումը հանելուց հետո: Պատասխանը տվե՞լ եք:
-Այդ հարցը հարթված է վաղուց:
-Այսինքն` պատասխանե՞լ եք:
-Այդ հարցը հարթված է:
-Բայց Դուք ասել էիք, որ կպատասխանեք նախարարական կոստյումը հանելուց հետո: Հետո այլ պաշտոններ զբաղեցրեցիք, պատասխանե՞լ եք:
-Պարոն Ռուստամյանն այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել, եւ հարցը հարթված է:
-Դուք չասացիք` Դուք պատասխանե՞լ եք նրան:
-Եթե 8 անգամ եք նույն հարցը տալիս, ուրիշ բան է փոխվում: Ասում եմ` այդ հարցը հարթված է, կրկնում եմ` հարցը հարթված է:
Հ.Գ. Իր նախարարական գործունեության ընթացքում Հրայր Թովմասյանը հասցրել է հակառակորդներ վաստակել ե՛ւ իշխանության ներսում, ե՛ւ իշխանությունից դուրս: Նրա նկատմամբ բացասական վերաբերմունքը խորացավ արդեն ԱԺ աշխատակազմի ղեկավար աշխատելու տարիներին: Իսկ երբ Թովմասյանին այդ պաշտոնում փոխարինեց Արա Սաղաթելյանը, բացահայտվեցին բազմաթիվ մութ պատմություններ, կոռուպցիոն դեպքեր, որը չէր կարող լինել առանց աշխատակազմի ղեկավարի, այսինքն՝ Հրայր Թովմասյանի գիտության:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

«Գ. ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԲԱՆ ԿԱՐՈՂ ԷՐ ԱՆԵԼ»

Մարտի 1-ի դեպքերի եւ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ:

-Պարո՛ն Զուրաբյան, եթե խորհրդարանը որոշի մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի ընտանիքներին փոխհատուցում տալ, ու դրանով հարցը փակվի, ուրեմն սրանով ամեն ինչ ավարտվելո՞ւ է:
-Ես գիտեմ, որ նման բան չի կարող լինել` առանց հեղինակների համաձայնության: Եթե հանկարծ նրանք իշխանության հետ գնան գործարքի, դա մեզ համար անհանդուրժելի մի բան կլինի:
-Այդ դեպքում պայքարի որեւէ լծակ չի՞ կարող լինել:
-Պայքարի ամենակարեւոր լծակը ժողովրդի ներկայությունն է Ազատության հրապարակում եւ Մաշտոցի պողոտայում: Մենք դա ապահովում ենք եւ համարում, որ հիմա սա է ամենակարեւորը` ժողովրդի ճնշումը:
-Ժամանակին Արմեն Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածուն էր վարչապետի պաշտոնում, իսկ հիմա Սերժ Սարգսյանի թեկնածուն է` արդեն նախագահի պաշտոնում: Հանդիպման ժամանակ Կոնգրեսը չկարողացա՞վ համոզել Ա. Սարգսյանին, որ նա ետ կանգնի նախագահի պաշտոնից:
-Մենք նման նպատակ չենք դրել մեր առջեւ: Բոլորը մեծ մարդիկ են, մեծացած. ի՞նչ է նշանակում համոզել, որ ետ կանգնի: Մենք Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ընդամենն իր խնդրանքով մեր տեսակետներն ենք հայտնել: Ինչ վերաբերում է այդ համեմատությանը` Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածուն էր, հիմա Սերժ Սարգսյանի թեկնածուն է: Չի կարելի նման համեմատություն անել: Սրանք տեղի են ունենում արմատապես տարբեր քաղաքական կոնտեքստներում: 1996 թվին Հայաստանում չկար դիկտատուրա, չկար արատավոր քաղաքական համակարգ, իսկ 2018 թվին կա, հաստատված է դաժան, արատավոր քաղաքական համակարգ, որում ասելիք ու անելիք ունի միայն բռնապետը: Մնացածն ընդամենն աջակցելու են իրեն իր գործում:
-Այս պարագայում կարո՞ղ էր լինել նախագահի մի թեկնածու, որը գոնե որոշ չափով կկարողանար ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացներում:
-Եթե Հիսուս Քրիստոսն իջներ, համաձայներ… բայց, կներեք… Ով ուզում է` լինի: Սա Սերժ Սարգսյանի համակարգն է: Մի պարադոքսալ բան ասեմ. որեւէ հանրապետական դնեին այդ պաշտոնին` Գալուստ Սահակյանին, Շարմազանովին, Աշոտյանին, ավելի մեծ հավանականություն կար, որ ինքը ինչ-որ բան կկարողանար անել, որովհետեւ գոնե ինչ-որ քաղաքական հենարան կունենար, թիմ կունենար, Հովիկ Աբրահամյանն էլ թեկուզ լիներ, նա էլ ունի իր թիմը: Այդ շարքում նա, ի դեպ, կարող էր ամենաուժեղը լինել: Բայց այս մարդը բացարձակ կապ չունի քաղաքական վերնախավում: Ու հենց այդ նպատակով էլ բերվել է, այդ նպատակով էլ ընտրվել է Արմեն Սարգսյանը: Սերժ Սարգսյանն ուզում է վայելել բացարձակ իշխանություն: Ինքը բերել է մարդ, ով չունի ո՛չ թիմ, ո՛չ հենարան:
-Այս պայմաններում, երբ գրեթե ամեն ինչ կենտրոնանալու է վարչապետի շուրջ, նա լինելու է, ըստ էության, մի պաշտոնյա, ինչպիսին Անգլիայի թագուհին է, ինչպես հաճախ ասում են…
-Շատ ավելի պակաս լիազորություններով, քան թագուհին է… Ճգնաժամային իրավիճակներում նախագահը որեւէ լծակ չունի:
-Հիմա որեւէ ճանապարհ կա՞, որով կարելի է ազդել միահեծան իշխանության վրա:
-Որեւէ երկիր արմատապես փոխելու, զարգացնելու երկու ճանապարհ կա. մեկը լուսավոր բռնապետի ճանապարհն է, որն ունի տեսլական եւ երկիրը տանում է ճիշտ ուղղությամբ: Բայց, ցավոք, բռնապետերի 99 տոկոսը լուսավոր բռնապետեր չեն: Մյուսը հեղափոխությունն է, բայց ես նախընտրում եմ թավշյա հեղափոխության մասին խոսել, այսինքն` անարյուն: Այդպես եղավ 1988-91 թթ. շարժման ժամանակ, կամ, ասենք, Արեւելյան Եվրոպայում, որտեղ բոլոր հեղափոխությունները` բացի ռումինականից, եղան անարյուն: Հիմա, ցավոք, ի դեմս Սերժ Սարգսյանի` մենք լուսավոր բռնապետ չունենք: Հակառակը` իր նախագահության օրոք մենք տեսել ենք այն ամբողջ հետընթացը, որ կա Հայաստանում: Հիմա մնում է երկրորդ ճանապարհը` համաժողովրդական շարժմամբ սրբել այս արատավոր համակարգը: Դա էլ մենք փորձեցինք 2008 թվականին, ու շատ երկար` 10 տարի տեւեց: Հիմա այս մի ցիկլում պարտվել ենք: Ոչինչ: Բայց միեւնույն է` ճանապարհը դա է մնում, ու մի օր նորից սկսվելու է:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ԱՌԱՆՑ ՆԻՍՏԻ
ԱԺ «Ելք» խմբակցության կողմից մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ներկայացրած հայտարարության տեքստին ՀՀԿ-ականների կողմ քննարկելը զարմացրել էր ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչներին, այլ նաեւ հենց ՀՀԿ-ական պատգամավորներին: Բանն այն է, որ իշխող կուսակցության խմբակցության պատգամավորներից շատերը նիստերի դահլիճում դեռեւս չեն իմացել, որ այդ նախագծին պետք է կողմ քվեարկեն: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ հարցով ՀՀԿ խմբակցությունում անգամ նիստ չի եղել, կողմ քվեարկելու որոշումն էլ կայացվել է մի քանի հոգու քննարկմամբ միայն՝ անակնկալ կերպով: Եվ պատգամավորներին զգուշացնելու իրավունքն էլ վերապահված էր խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ով վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով` բոլորի համար անակնկալ կերպով հայտարարեց իրենց կողմ լինելու մասին:

 

 

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԵՆ
Չնայած Բարձրագույն դատական խորհրդի` արդեն ընտրված թեկնածուները, այդ թվում դեռ ՍԴ նախագահ հանդիսացող Գագիկ Հարությունյանը, խորհրդարանում քննարկումների ժամանակ խուսափեցին հստակ ասել` Հայաստանում քաղբանտարկյալներ եղել են, թե ոչ, սակայն իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն, որը միշտ հայտարարում է իրենց անդամների քաղբանտարկյալ լինելու մասին, երեկ կողմ քվեարկեց ԲԴԽ անդամների թեկնածությանը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնական համարեց ԲԴԽ անդամների խուսափողական պատասխանը՝ ընդգծելով, թե իբր նրանք գործի նյութերին ծանոթ չեն եղել: «Կոնկրետ իմ պարագան շատ ակնհայտ է, եթե ասեն, որ չկա քաղաքական հետապնդում այն պարագայում, երբ կուսակցություն են փակում, երբ կուսակցության անդամին ձերբակալում են հայրենիքի դավաճանության մեղադրանքով, այդտեղ էլ կասկածանքի տեղ չի մնում», – նշեց նա: Իսկ թե ինչու այդ դեպքում նա կողմ քվեարկեց ԲԴԽ թեկնածուներին, դժվար է ասել:

 

 

ՊՆ-Ի ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԸ
ՀՀ պաշտպանության նախարարությունը 430 հազար դրամի համար դատի է տվել կրծքանշանների մատակարարմամբ զբաղվող ընկերությանը: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՊՆ-ն փետրվարի 26-ին դիմել է Երեւան քաղաքի դատարան` պահանջելով «Մակսիմ» ՍՊԸ-ից գանձել վերոնշյալ գումարը: Պարզվում է` ՊՆ-ն կրծքանշաններ է պատվիրել ընկերությունից, գումարը փոխանցվել է, բայց կրծքանշաները տեղ չեն հասել: Նշենք, որ 2016 թվականի նոյեմբերի 3-ին ՊՆ-ն 17 միլիոն 40 հազար դրամի կրծքանշաններ գնելու պայմանագիր էր կնքել «Մակսիմ» ՍՊԸ-ի հետ:
Խոսքը 500 հատ Մարշալ Բաղրամյան, 500 հատ Անդրանիկ Օզանյան, 500 հատ Գարեգին Նժդեհ, 700 հատ Վազգեն Սարգսյան, 1000 հատ Ծովակալ Իսակով, 200 հատ Ռազմական համագործակցության համար, 150 հատ էլ Մարտական հերթապահության համար 2-րդ աստիճանի մեդալների մասին է:




Լրահոս