ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂՆԵՐԸ ՊՂՆՁԻ ԽՏԱՆՅՈՒԹ ՔԻՉ ԵՆ ԱՐՏԱԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը շարունակում է տնտեսական աճ նկարել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանի ամբողջ արդյունաբերության այս տարվա հունվարի արտադրանքի ծավալը, անցած տարվա նույն ամսի համեմատ, աճել է 13,9 տոկոսով:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե իրավիճակը կարգավորվել է, որովհետեւ արդյունաբերությունն աճ է արձանագրել: Ավելին` շատերին կարող է այս ցուցանիշը հույս ներշնչել, որ տնտեսությունը սկսում է վերակենդանանալ: Սակայն խնդիրն այն է, որ այդ աճը շարունակում է արձանագրվել հանքարդյունաբերության շնորհիվ, որը կառավարությունը ներկայացնում է թվային մանիպուլյացիաներով` տպավորություն թողնելով, թե «դմփոց-ռեֆորմներ» է գրանցել: Չնայած տոկոսային հարաբերությամբ մշակող արդյունաբերությունը բավական աճել է, բայց արի ու տես, որ բացարձակ թվերով այստեղ մեծ տոկոս է կազմում հենց հիմնային մետաղների արտադրությունը: Այսինքն՝ կրկին գործ ունենք հանքարդյունաբերության հետ, պարզապես տվյալները ներկայացված են այլ տողով:
Եւ այսպես` մշակող արդյունաբերության արտադրության ծավալներն այս տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, աճել են 27.8 տոկոսով: Հանքարդյունաբերության արտադրության ծավալները եւս աճել են՝ 9.8 տոկոսով: Տեղեկացնենք, որ հանքարդյունաբերությունը կազմում է Հայաստանի ողջ արդյունաբերության 27 տոկոսը, այսինքն` մեկ քառորդից էլ ավելին: Իսկ նախորդ տարվա՝ 2017թ. ընթացքում արդյունաբերության ոլորտում 12.6 տոկոս աճ էր գրանցվել, որից 13.9 տոկոսը հանքարդյունաբերության, 15.7 տոկոսը՝ մշակող արդյունաբերության ոլորտում: Բայց երբ այս ցուցանիշները դիտարկում ես բացարձակ թվային արտահայտությամբ, մի փոքր մանրամասն վերլուծում, իրականում միանգամայն այլ պատկեր է պարզվում:
Նկատենք, որ մշակող արդյունաբերության հիմնային մետաղների արտադրության ծավալներն այս հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 29.5 տոկոսով` կազմելով 18 մլրդ 72 մլն 700 հազար դրամ: Մինչդեռ անցած տարում, 2016 թվականի համեմատ, հիմնային մետաղների արտադրության ծավալների աճը ընդամենը 7.2 տոկոս է կազմել` 174 մլրդ 928 հազար 300 դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ արդյունաբերական արտադրանքի ծավալներն այս հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են այլումինե փայլաթիթեղի` 18.8, մոլիբդենի խտանյութի` 0.9, կոնվերտորային պղնձի` 13.9, պողպատյա խողովակների` 48.3 տոկոսի հաշվին: Իսկ ցինկի խտանյութի արդյունահանման ծավալները 2.1 անգամ են աճել: Ստացվում է, որ արդյունաբերության աճը անցած տարվա համեմատ հնարավոր է եղել ապահովել միայն նշվածների արդյունահանման, կամ նույնն է, թե ընդերքը դատարկելու հաշվին: Փոխարենը այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի արդյունահանման ծավալներն են կտրուկ նվազել` 11 տոկոսով: Սա նշանակում է, որ իրականում արդյունաբերությունում լուրջ անկումներ ունենք, որոնք մշակող արդյունաբերության շնորհիվ թվային տեսքով դեռեւս տեսանելի չեն:
Մինչդեռ անցած տարվա ընթացքում, 2016 թվականի համեմատ, պղնձի խտանյութի արտադրության ծավալները ոչ թե անկում են գրանցել, այլ 10.3 տոկոսով աճել են: Ըստ ԱՎԾ-ի` անցած տարում արտադրվել է 428 հազար 500 տոննա պղնձի խտանյութ` 2016 թվականի 388 հազար 500 տոննայի դիմաց:
Հայտնի է, որ 2016 թվականի վերջից սկսած պղնձի միջազգային գները աճել են, եւ այդ միտումը շարունակվել է անցած տարում, ինչն էլ անցած տարում զգալի դրական ազդեցություն է թողել արտահանման վրա: Ըստ Լոնդոնի մետաղների բորսայի ներկայացրած տվյալների` անցած տարվա վերջին ամիսներին պղնձի մեկ տոննայի միջին գինը 7000 դոլարի սահմաններում է տատանվել: Պղնձի խտանյութն անցած տարի մեր արտահանման կազմում առաջատարն է եղել: Իսկ դրա թանկացումը միջազգային շուկայում բարձրացնում է արտահանման արժեքն ու լրացուցիչ եկամուտներ ապահովում: Ինչից տնտեսական առումով Հայաստանը կարող է միայն օգտվել: Իսկ պղնձի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները ջանք ու եռանդ չեն խնայել եւ բավականին օգտվել են այդ իրավիճակից:
Մասնագետների կանխատեսմամբ` այս տարի եւս հնարավոր է պղնձի խտանյութի ծավալները անկում գրանցեն: Քանի որ պղնձի եւ մոլիբդենի արդյունահանմամբ զբաղվող Հայաստանի խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Նշենք, որ պղնձի եւ մոլիբդենի պաշարների ծավալով Թեղուտի հանքավայրը երկրորդն է հանրապետությունում` Քաջարանի պղնձամոլիբդենայինից հետո:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» ընկերությունների խմբի հիմնադիր Վալերի Մեջլումյանը մտադիր է ընդլայնել արտադրողականության ծավալները, ինչի նպատակով զբաղված է Չինաստանից ներդրումային միջոցներ բերելով: Ասել է, թե զբաղված է գումար հայթայթելով` ընդերքը թալանելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

«ԽԱՅՏԱՌԱԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ»
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով բոյկոտել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի կողմից նախաձեռնած հերթական նախաձեռնությունը` կապված «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման հետ:
«ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի կողմից նախաձեռնված մի շարք ձախողված ծրագրերին եկել է միանալու եւս մեկ խայտառակ նախաձեռնություն: «Գարդասիլ» պատվաստանյութով 13 տարեկան 16 հազար հայ աղջիկներին պատվաստելու խայտառակ որոշումից հետո այժմ էլ նա ցանկանում է առավել բարդացնել մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, հատկապես մեծահասակների առողջական վիճակը` նրանց զանգվածաբար ուղղորդելով բժշկական հաստատություններից դեղատոմսեր ձեռք բերելու, ինչով նաեւ զուգահեռաբար անիմաստ ծանրաբեռնելու է պոլիկլինիկաների բժիշկների աշխատանքը»- նշված է հայտարարության մեջ:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ` 200.000 ԴՐԱՄ
2018թ. հունվարի 16-ից փետրվարի 4-ը ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում եւ արդյունքում պարզել է, որ ընկերությունը խախտել է ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ, 37-րդ հոդվածների մի շարք պահանջներ: Ըստ այդմ, իրականացվել է ջրօգտագործման թույլտվությունից ավել ջրառ; սահմանված կարգով չի իրականացվել ջրառի հաշվառում; չի մշակվել արդիական տեխնոլոգիաների կիրառման ջրային ռեսուրսների մոնիտորինգ, բարելավող եւ աղտոտման նվազեցման, կանխման միջոցառումներ; չի մշակվել եւ իրականցվել ջրակորուստների կրճատման եւ նորմավորման ջրաքանակների արդյունավետ օգտագործման միջոցառումների ծրագիր; 2017թ. վթարի հետեւանքով արտադրական հոսքաջրերն աղտոտել են 200 մ2 հողային տարածք, ինչը ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պահանջով մաքրվել է:
Նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն` հաշվարկվել է ջրային ռեսուրսների աղտոտման եւ ավել ջրառի համար ջրային ռեսուրսներին հասցված վնաս` 3.070.914 ՀՀ դրամի չափով:




Լրահոս