«ՏՂԱՄԱՐԴՈՒ «ՔՁԻԲՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՐՈՂ Է ՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է «Poker.am», «Հյուսիս-հարավ», «Carte Blanche» ֆիլմերից, մի շարք սերիալներից հատնի դերասանուհի, Երեւանի պետական կամերային թատրոնի արտիստուհի Էվա Խաչատրյանը: Նա պատմել է ներկայիս զբաղվածության, իր գրավիչ կողմերի մասին, անկեղծացել է՝ նշելով, թե ինչպես է վերաբերվում համացանցում իր հասցեին հնչած վիրավորանքներին:

-Էվա՛, այս պահին Ձեր ժամանակը ինչի՞ վրա եք ամենաշատը ծախսում:
-Ներկայացումների: Մեկ ամսից ավել է՝ Կամերային թատրոնի բեմում է «Չկա տղամարդ՝ չկա պրոբլեմ» ներկայացումը, բացի այդ խաղում եմ «Կաբարե Restart»-ում, որի պրեմիերան տեղի ունեցավ վերջերս, իսկ մարտի 13-ին եւ 14-ին էլ մեր թատրոնում պրեմիերա է. բեմ կբարձրանա «Սեւ արկղ»-ը, որտեղ եւս զբաղված եմ: Երեքն էլ հրաշալի գործեր են եւ միմյանցից շատ տարբեր:
-Մեր ավանդական դարձած հարցերից մեկը՝ փող, փառք, թե պատմության մեջ հետք թողնելու հնարավորություն:
-Միանշանակ՝ երրորդը: Դերասանի գործունեության կարեւոր նպատակը հենց մնայուն արժեքներ ստեղծելն է:
-Շտապում եք, որ հասցնեք…
-Ոչնչից չուշանալ, ոչնչից ետ չմնալ, շտապում եմ իմ գործը լավ անել, ես միշտ եմ շտապում եւ զզվում եմ դանդաղկոտներից (ծիծաղում է):
-Ինչպե՞ս եք վերաբերվում համացանցում Ձեր հասցեին հնչող վիրավորանքներին: Թերեւս ոչ մի արտիստ չի կարող խուսափել դրանցից:
-Դա ես համարում եմ ոչ գրագետ մոտեցման արդյունք, որի հանդեպ ունեմ ադեկվատ դիրքորոշում: Այդ խոսակցություններն ինձ վաղուց չեն խոցում, չեն անհանգստացնում, առավել եւս՝ վիրավորում: Երբեմն լինում է, որ ինչ-որ բան շատ մեծ արձագանք է ունենում, ստիպված անդրադառնում եմ, որ տեսնեմ՝ ինչ է կատարվել, այսինքն՝ զուտ ինֆորմացվելու համար: Պարզապես ցավում եմ, որ մեր մեջ չարացածները շատ են, մարդիկ, որոնք կարող են անգործությունից յուրաքանչյուրի վրա ցեխ շպրտել: Ամեն օր եմ առնչվում նման երեւույթների հետ: Ցավում եմ նաեւ, որ առողջ բանավեճեր մեզանում հազվադեպ են ծավալվում, հիմնականում հնչում են անձին, անգամ նրա ընտանիքի անդամներին վիրավորող մեկնաբանություններ: Դրանք կարծես մաղձը թափելու միջոց լինեն: Ամեն դեպքում, այն համոզման եմ, որ գրագետ եւ կայացած մարդը ժամանակ չի վատնի նման բաների վրա:
-Էվա՛, տղամարդու մեջ Ձեզ կարող է հիասթափեցնել…
-Քձիբությունը , անտարբերությունը:
-Ձեր մեջ տղամարդիկ առաջինը նկատում են…
-Ես պարզապես աստղով եմ, ուրիշ ոչինչ: Հետո արդեն, երբ հետս շփվում են, սկսում են ճանաչել մարդ տեսակս:
-Ձեր արտաքինի մեջ ի՞նչը կփոխեիք:
-Այն, ինչ փոխելու ենթակա էր, արդեն փոխել եմ, նկատի ունեմ՝ քթի վիրահատությունը: Եթե էկրանի մարդ չլինեի, գուցե այդ միջամտությանն էլ չդիմեի:
-Պատանեկության տարիներին Դուք եղել եք արքայադո՞ւստր, որին բոլորը սիրահարվել են, թե՞ տղաների լավ ընկերը:
-Ես միշտ եղել եմ լավ ընկեր: Մինչեւ օրս էլ այդպես է: Ե՛վ ուսանողական տարիներին, ե՛ւ թատրոնում ավելի շատ տղաների հետ եմ ընկերություն արել: Այդ միտումը շարունակվում է բոլոր բնագավառներում: Տղամարդիկ անկեղծ են շփման մեջ, իսկ կանանց դեպքում խոչընդոտներ կարող են ստեղծվել հարաբերություններում, հատկապես, եթե նրանցից մեկը ձեռքբերումներ ունի, լավ կարգավիճակում է, մյուսը նախանձում է նրան: Բազմիցս առնչվել եմ այդ երեւույթի հետ, երեւի դա է պատճառը, որ դեռ դպրոցական տարիներից չեմ ձգտել աղջիկների հետ մտերմություն անել: Ավելի ճիշտ՝ ունեցել եմ որոշ փորձեր, որոնք, սակայն, ձախողվել են:
-Հիմա ամենաշատը ինչի՞ կարիք ունեք:
-Հանգստի: Կարելի է ասել՝ գերհոգնած եմ: Ներկայացումները հանձնելուց հետո մի քիչ շունչ կառնեմ:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՎՐԵԺ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Կարինե», «Մորգանի խնամին», «Խաթաբալա», «Ժայռ», «Երկունք», «Բրավո, վիրտուոզ» ֆիլմերից հայտնի դերասան Վրեժ Հակոբյանն արդեն շուրջ երկու տարի է՝ էկրաններին չի երեւում: Վերջին անգամ նա հանդես է եկել «Երանի» հեռուստասերիալում, ավելի վաղ՝ «Դժվար ապրուստ»-ում եւ «Դիմակահանդես»-ում:

«Ժողովուրդ» օրաթերթը դերասանից հարցրեց՝ որն է դադարի պատճառը. «Երեւի ռեժիսորները համապատասխան դեր չեն գտնում, չեն հրավիրում: Որ էկրանին չեմ երեւում, շատերը մտածում են, որ մեկնել եմ երկրից, բայց այդպես չէ: Ուղղակի բանն այն է, որ այսօրվա երիտասարդ ռեժիսորները շատ փորձառու դերասանների չեն էլ ճանաչում, չեն հետաքրքրվում նրանցով, ուր մնաց՝ հրավիրեն նկարահանվելու: Տեսեք, թե ժամանակին ինչ ռեժիսորների հետ եմ աշխատել… Ես էլ այն դերասաններից չեմ, որ գնամ, խնդրեմ, որ նկարահանվեմ: Կկանչեն՝ կգնամ, չէ՝ չէ»,-պատասխանեց նա:
Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Վրեժ Հակոբյանը կերտել է Ռոդրիգոյի («Օթելլո»), Ռոբերտի («Հիշիր վաղվա օրը»), Սերոբի («Ժայռը»), Արտակ Մոկացի («Վարդանանք) դերերը: Իսկ արդեն 1982 թվականին նշանակվել է թատրոնի տնօրեն. «Երբ 65 տարեկանս լրացավ, ըստ օրենքի` չէի կարող թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնել: Ուստի այն ժամանակ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանն առաջարկեց ինձ որեւէ թատրոնում աշխատել: Ես ասացի, որ չեմ ուզենա Սունդուկյան թատրոնում աշխատել, քանի որ հասել էի պիկի, նախընտրեցի ակադեմիական թատրոնից տեղափոխվել մեկ այլ ակադեմիական թատրոն՝ Օպերային թատրոն: Մինչեւ 2013 թվականն այնտեղ աշխատեցի բեմադրական գծով փոխտնօրեն: Հիմա արդեն թատրոնում չեմ աշխատում, տարիքս առել եմ, ուզում եմ հանգստանալ»,-մեկնաբանեց պարոն Հակոբյանը:
Իսկ հարցին, թե հետեւում է արդյո՞ք Օպերային թատրոնի ներկայիս գործունեությանը, դերասանը պատասխանեց. «Լսել եմ, որ նոր բեմադրություններ են անում, թարմացվել է կոլեկտիվի ադմինիստրատիվ մասը, բայց որ ասեմ` հետեւում եմ թատրոնի աշխատանքին, սուտ կլինի»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԱՐՈՆՅԱՆԸ` 5-ՐԴ ՏԵՂՈՒՄ
Լեւոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում պահպանել է 5-րդ տեղը: Հայկական շախմատի առաջատարի վարկանիշը մարտի 1-ի դրությամբ եղել է 2794:
ՖԻԴԵ-ի դասակարգման անփոփոխ առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որի վարկանիշը 2843 է: Երկրորդ տեղում է Շախրիյար Մամեդյարովը, իսկ ռուս Վլադիմիր Կրամնիկը եզրափակում է լավագույն եռյակը: Նշենք, որ 100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի եւս 3 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 66-րդն է, Վլադիմիր Հակոբյանը` 77-րդը, Հրանտ Մելքումյանը` 81-րդը:

 

 

ԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Գյումրիում կայացել է ՀՀ ձյուդոյի 2018թ. պատանիների եւ երիտասարդների առաջնությունը, որին մասնակցել են 130 պատանի եւ 35 երիտասարդ մարզիկներ:
Աղջիկների մրցապայքարում երիտասարդների առաջնության չեմպիոններ են դարձել Ռուզաննա Բալասանյանը (48 կգ) եւ Վարսիկ Գրիգորյանը (57 կգ):
Տղաներից լավագույնն են ճանաչվել Գասպար Հայրապետյանը (55 կգ), Էրիկ Հարությունյանը (60 կգ), Մերուժա Սարգսյանը (66 կգ), Արման Դրմեյանը (73 կգ), Կարեն Հովհաննիսյանը (81 կգ) եւ Արման Ավանեսյանը (90 կգ):
Պատանիների առաջնության չեմպիոններ են դարձել Գեւորգ Վարդանյանը (50 կգ), Յուրի Իսրայելյանը (55 կգ), Վահե Աղանյանը (60 կգ), Արսեն Ավեդիսյանը (66 կգ), Մեսրոպ Բադալյանը (73 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ), Ժորա Բաղդասարյանը (90 կգ) եւ Դավիթ Հարությունյանը (90+):




Լրահոս