Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ դեղերը դեղատոմսով բաց թողնման հարցի առնչությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են Պաշտպանին հասցեագրված բողոքները, մասնագետների կարծիքները, լրատվամիջոցների հրապարակումները, ինչպես նաև Առողջապահության նախարարության հրապարակային պարզաբանումները: Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է դեղերի բացթողնման, դրանց շրջանառության ոլորտն իրավական կարգավորման ենթարկելու, արդյունավետ վերահսկողության մեխանիզմների կարևորությունը բնակչության առողջության պաշտպանության համար:

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ բնակչության շրջանում բավարար իրազեկման աշխատանքներ չեն իրականացվել: Չփարատված են մնում ոլորտի մասնագետների մտահոգություններն այն մասին, որ երկրի առողջապահական համակարգը պատրաստ չէ այս լուծմանը, քանի որ չեն ստեղծվել անհրաժեշտ նախադրյալներ: Հարցն առավելապես տարվում է դրվագային լուծումների ճանապարհով: Նախարարությունը պետք է հատկապես պարզաբանի մասնագետների մտահոգություններն այն մասին, որ տարվող քաղաքականության հետևանքով անարդարացի ծանրաբեռնվելու են բժիշկները, ինչն էլ ուղղակիորեն ազդելու է բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի վրա:

Մարդու իրավունքների պաշտպանին արդեն իսկ հասցեագրվում են բողոքներ այն մասին, որ հիվանդանոցներն ապահովված չեն բավարար քանակի դեղատոմսերով: Ըստ բողոքների՝ պոլիկլինիկաները հիվանդանոցի հետազոտման արդյունքները հիմք չեն ընդունում դեղատոմս տրամադրելու համար՝ պահանջելով նույն հետազոտությունն անցնել նաև պոլիկլինիկայում: Առողջապահության նախարարության նման գործելաոճը հանգեցրել է հանրության շրջանում շփոթության և մտահոգությունների՝ մասնագետների շրջանում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ դեղերը դեղատոմսով բաց թողնման հարցի առնչությամբ: Նախարարությանն առաջադրվել են հարցեր՝ կապված մասնագետների մտահոգությունների հետ, ինչպես նաև պահանջներ՝ կապված հանրային իրազեկման աշխատանքների հետ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան




Լրահոս