Ինչու են Գորիսի նախկին բանտապետին կանչել ԱԱԾ. թմրանյութերի բացահայտման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի ՔԿՀ արդեն նախկին պետ Արտուշ Մաքունցը թմրանյութի ապօրինի շրջանառության փաստի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել է ԱԱԾ-ում, այնուհետեւ` ՀՔԾ-ում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրոյցում ասաց ՔԿՀ նախկին պետը` նշելով, որ ինքը որեւէ կերպ չի նպաստել թմրանյութ ՔԿՀ ներս մտցնելու գործընթացին:

Ինչպես հայտնի է` ԱԱԾ-ն բացահայտել էր Գորիսի քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք: «Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը ասել էր, որ նախնական տվյալներով` հստակ երեւում է, որ տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատակիցներ, անազատության մեջ պահվող, այսպես կոչված, քրեական հեղինակություններ եւ դրսում գտնվող անձինք, ովքեր հայթայթել են թմրամիջոցները եւ ուղարկել ՔԿՀ: Ներկա դրությամբ նշված քրեական գործի նյութերով հարուցվել են թվով 5 նոր գործեր, որոնցով մեղադրվում են 11 անձինք, նրանցից 2-ը «Գորիս» ՔԿՀ աշխատակիցներ են, 1-ը` «Գորիս» ԲԿ բժիշկ:

Այս իրավիճակում զարմանալի է մեկ բան, թե ուր էր նայում Գորիսի քրեակատարողական հիմնարկի պետ Արտուշ Մաքունցը, երբ իր ղեկավարությամբ գործող հիմնարկում նման իրավիճակ է տիրել: Ի դեպ, ՔԿ վարչությունում տարածված խոսակցությունների համաձայն` բանտապետին պատասխանատվության չեն կանչի, քանի որ Մաքունցը վաղուց պետք է թոշակի գնար, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր: Ու հիմա այս բացահայտումը առիթ կլինի` նրան թոշակի ուղարկելու գործընթացը արագ կազմակերպելու համար:

Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Գորիսի քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արտուշ Մաքունցի հետ:

-Պարո՛ն Մաքունց, 11 մեղադրյալ, ապօրինի թմրամիջոցների շրջանառություն, մարդիկ կոնկրետ աշխատանք են արել, Դուք ՔԿՀ-ում իրականացված բացահայտումների մեջ Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում:

-Երբ է կատարվում, հիմա:

-Կոնկրետ 2 ամիս առաջ ԱԱԾ-ն մտավ Գորիսի ՔԿՀ եւ լուրջ բացահայտումներ արեց, եւ դեռ քննությունը գնում է:

-Դե, հիմա մտավ Գորիսի ՔԿՀ, հո մենակ Գորիսի ՔԿՀ-ն չէր, այլ ամբողջ Գորիսի տարածքով, շրջանով միջոցառումներ են կատարել:

-Հիմա փաստ է, որ Գորիսում կոնկրետ բացահայտում են արել, թե ինչպես են թմրանյութ մտցրել-հանել, Դուք տեղյակ չե՞ք եղել, թե ինչ է կատարվել:

-Ես չեմ էլ իմանում` այնտեղ թմրանյութ հայտնաբերվել է, թե ոչ, քանի որ նախ` տվյալ պահին ես այնտեղ չեմ եղել, Մոսկվայում եմ եղել եւ հետո` Ձեզ ասեմ, որ արդեն երկու ամիս է, ինչ ես թոշակավորված եմ ու արդեն մեր տանն եմ եւ տեղյակ չեմ, թե այնտեղ ինչ է կատարվում:

-Այսինքն` Ձեզ թոշակավորեցին, որ այս քրեական գործից ազատեն, բայց, ի վերջո, քննությունը գնում է, ու չե՞ք վախենում` Վանաձորի ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանի ճակատագրին արժանանաք:

-Ինձ հետ տեղի չի կարող ունենալ, քանի որ ես ոչ մի բանով չեմ նպաստել ո՛չ թմրանյութեր, ո՛չ էլ արտոնյալ ինչ-որ իրավիճակների, ոնց կարող է նման բան տեղի ունենալ, բնականաբար, զարմանում եմ. տենց բան ոնց կարող է ունենալ: Եթե նման բան տեղի ունենա,ուրեմն մենք գետնի տակն ենք ապրում, այլ գետի երեսը չենք ապրում:

-Միգուցե չեք նպաստել, բայց որպես ՔԿՀ պետ` աչք եք փակել այն բանի վրա, ինչ կատարվում է Ձեր ղեկավարությամբ գործող ՔԿՀ-ում, այսինքն` պաշտոնական անփութություն եք թույլ տվել, ու ով ինչ ուզել, արել է: Այդ դեպքում ուր մնաց Ձեր պատասխանատվությունը:

-Եթե նման ձեւով մտածենք…ախր, օրվա մեջ հարյուր հոգի ներս է մտնում եւ դուրս են գալիս, եթե ես բոլորի ամեն ինչին տեղյակ լինեմ, բա մնացած ստորաբաժանումները ինչի համար են: Եթե ես բոլորին կարողանամ տեղյակ լինել, խնդիր չի լինի, ինչի մասին է խոսքը:

-Իսկ Ձեզ ԱԱԾ կանչե՞լ են:

-Բոլորին էլ քննել են:

-Կոնկրետ Ձեզ:

-Անցած տարի կանչել են ե՛ւ ազգային անվտանգության ծառայություն, ե՛ւ հատուկ քննչական ծառայություն:

-Եւ ասել եք, որ ոչ մի բանի չեք նպաստել եւ չգիտեք` ով է մտել, ոնց են թմրանյութը բերել:

-Նորից եմ կրկնում` ոչ մեկը չի մտել քրեակատարողական հիմնարկ, դա դրսից պերեբրոսկա է եղել, բայց իրականում նման բան չկա: Ամեն դեպքում, ես չեմ քննիչը, դատախազը, դատավորը:

-Այս բացահայտումից հետո Ձեր թոշակի ուղարկելու գործընթացը վարչությունում արգացրել են, որ Ձեզ փրկեն: Ավելին` տեղեկություններ կային, որ Դուք ամեն ինչ արել եք, որ Ձեր որդին նշանակվի ՔԿՀ պետ, կարո՞ղ է` այս բացահայտումը խանգարեց, որ Ձեր որդուն կարողանաք նշանակել տալ:

-Հիմա ՔԿՀ նոր պետ ունի` Արմեն Դաշյանը, ես ոչ մեկին էլ չեմ ուզում, ՔԿՀ պետ չէ, բայց բոլորս էլ աշխատում ենք, եթե արդար, մաքուր աշխատում ենք, բոլոր տեղերն էլ կարող ենք աշխատել, խնդիր չկա:

Քնար Մանուկյան




Լրահոս