Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը. նոր զարգացումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն անակնկալ կերպով համաձայնեց խորհրդարանի օրակարգում ընդգրկել Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարության նախագիծը: Ճիշտ է` տեսակետ կա, որ այդ հայտարարությունն ԱԺ նիստում քննարկվելուց հետո կմերժվի, բայց փետրվարի 23-ի խորհրդարանական լսումներից հետո այս թեման կրկին ԱԺ օրակարգ բերելու, խորհրդարանի ամբիոնից լայնորեն հնչեցնելու, քննարկելու հարցում իշխանությունների պատրաստակամության փաստն ինքնին ուշագրավ է:

Նախ՝ ակնհայտ է, որ առանց Սերժ Սարգսյանի համաձայնության ո՛չ ԱԺ լսումները կանցկացվեին, ո՛չ էլ «Ելք» խմբակցության հեղինակած հայտարարության քննարկումներին ՀՀԿ-ն համաձայնություն կտար: Եւ ուրեմն, եթե Սերժ Սարգսյանը համաձայնել է կրկին անդրադառնալ այս թեմային, նշանակում է՝ առաջիկայում որոշակի տեղաշարժի կարելի է ականատես լինել: Չի բացառվում, որ խորհրդարանում Մարտի 1-ի թեմայով քննարկումներն իրենց իրավական հետեւանքներն ունենան. Մարտի 1-ի գործով հետաքրքիր զարգացումների ականատես լինենք: Առավել եւս, երբ հայտարարության նախագծում արձանագրումներ կան, որ իրավապահ մարմիններից ԱԺ-ն պահանջում է սեղմ ժամկետներում բացահայտել եւ պատասխանատվության կանչել սպանությունների կազմակերպիչներին եւ կատարողներին:

Իշխանական մեր աղբյուրները, ամեն դեպքում, առաջիկա ամիսներին Մարտի 1-ի գործի հետ կապած հետաքրքիր զարգացումներ են կանխատեսում: Հատկանշական է, որ 2008 թվականի հոկտեմբերի 23-ին ընդդիմության եւ միջազգային հանրության ճնշման ներքո Սերժ Սարգսյանը ստիպված կարգադրություն ստորագրեց փորձագետների փաստահավաք խումբ ստեղծելու մասին: Սակայն մեկ տարի անց` 2009-ի հունիսին, Սարգսյանն ապօրինի կերպով լուծարեց խումբը, ինչի արդյունքում, ըստ էության, կանխվեց ողբերգական դեպքերի ամբողջական բացահայտումը: Մինչ այդ, իհարկե, փաստահավաք խումբը, հետո արդեն՝ խմբի անդամներից ՀԱԿ-ը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանն ու «Ժառանգության» կողմից առաջադրված Սեդա Սաֆարյանը զեկույցներ պատրաստեցին` այդ ոճրագործության վերաբերյալ ուշագրավ փաստեր բացահայտելով:

Հիմա չի բացառվում, որ կրկին ականատես լինենք նոր փաստահավաք խմբի կազմավորման, միգուցե բոլորովին այլ կազմով, բայց եւ լուրջ լիազորություններով: Կամ էլ գործը բացահայտելու ուղղությամբ կոնկրետ այլ քայլերի:

Լուծարված փաստահավաք խմբի անդամներից մեկը` Անդրանիկ Քոչարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ այժմ, քանի որ քաղաքական դաշտում փոփոխություններ են տեղի ունենում. նոր պաշտոնյաներ են նշանակվում, հույս ունի, որ դա ինչ-որ կերպ կնպաստի գործի տեղաշարժին: «Արմեն Սարգսյանը դարձել է նախագահ: Կարծում եմ` նա պետք է իր դիրքորոշումը հայտնի այս հարցի շուրջ»,-շեշտեց Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանն ինքն էլ մտավախություն ունի, որ գուցե հարցով ընդհանրապես չզբաղվեն, եւ իրենք մեկ տարի հետո` մարտի 1-ին միայն նորից անդրադառնան այս խնդրին` խորհրդարանում դարձյալ լսումներ իրականացնելով: Սակայն կարծում է, որ գործին անհապաղ պետք է ընթացք տրվի, ավելին` լսումների ժամանակ առաջ քաշված որոշ հարցեր նույնպես պետք է ուսումնասիրվեն:

Հայտարարության 3-րդ կետով անընդունելի է համարվում փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ, ինչպես այնտեղ նշված է` խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքները վերահսկելու եւ կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին: Եվ այս համատեքստում արդյո՞ք հնարավոր է նոր փաստահավաք խմբի ձեւավորում, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց.

«Օրակարգում նման հարց չկա: Օրակարգում հայտարարության նախագիծն է, որը դրական եզրակացություն է ստացել: Դա ընդհանուր օրենքի նախագծի ռեժիմով պետք է քննարկվի: Եվ փաստահավաք խումբ ստեղծելու պահանջ հայտարարությունը չի պարունակում»: Մախմուդյանն ավելացրեց, որ ԱԺ լիագումար նիստում կերեւա, թե հարցն ինչ ընթացք կստանա: Ինչի՞ սպասեն սպանված տղաների ծնողները, Մախմուդյանը նշեց. «Ես դժվարանում եմ ասել` ինչի սպասեն սպանված կամ զոհված տղաների ծնողները: Գլխավոր դատախազի զեկույցը եղավ, որ գործը կասեցված չէ, եւ աշխատանքները շարունակվում են»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը կարծում է` քանի որ հայտարարությունը քաղաքական փաստաթուղթ է, պահանջում է քաղաքական ուժերի կամք` այն կատարելու համար: Պահանջների չընդունման դեպքում դաշինքը պատրաստ է նոր նախաձեռնություններով հանդես գալ: Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ում քննվող գործերին, Զեյնալյանը մանրամասնեց, որ մի շարք գործերով Եվրադատարանում արդեն ավարտված է հաղորդակցությունը, ավարտված են բոլոր տեսակի փոխանակումները` բողոքների, առարկությունների:

Մնացել է վճիռների հրապարակումը: «Իհարկե, Ազգային ժողովը ՄԻԵԴ դիմել չի կարող, բայց ԱԺ որոշումն այս հարցով Եվրադատարանի համար կարող է լինել ուղերձ»,-շեշտեց Զեյնալյանը: Պատգամավորը նաեւ նշեց, որ վաղուց սպասում են այդ գործերով ՄԻԵԴ վճիռներին: Իսկ եթե այդ հարցով օրենք ընդունվի, անկախ Եվրոպական դատարանի գործերի ընթացքից, հնարավոր է նաեւ դրանք ստանան արդարացի հատուցում:

Այնպես որ, չի բացառվում` ՄԻԵԴ որոշումներից հետո իշխանությունները որոշակի քայլերի դիմեն:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս