Լուրջ խոստովանություն ղարաբաղյան խնդրով. Գալուստ Սահակյանի հայտարարության հետքերով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի երեկվա խոստովանությունն ուշագրավ էր: «Ամերիկացի ներդրողները, բնականաբար, չեն գա այստեղ, նաեւ այլ պետությունների մարդիկ, որովհետեւ Հայաստանն անընդհատ կռվող պետություն է: Կռիվ ունեցող պետության ներսում շատ դժվար է… Մեր պետության դրվածքն այդպիսին է, մենք, չասեմ մեծ պատերազմների, բայց անընդհատ պատերազմի վտանգի տակ կանգնած ազգություն ենք»,- ասել է նա: Գալուստ Սահակյանն այս թեմայով խոսել է՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի այն հայտարարությանը, որ ամերիկյան ներդրողները Հայաստան չեն գալիս, քանի որ իշխանությունը սերտաճած է օլիգարխների հետ:
Թվում է` իշխող կուսակցության փոխնախագահն իր հայտարարություններով փորձել է թիմակիցներին պաշտպանել ամերիկացի դիվանագետի մեղադրանքներից` այդ նպատակով հորինելով տարբեր պատճառաբանություններ:

Բայց արի ու տես, որ Սահակյանն իր հայտարարությամբ իրականում ավելի լուրջ խոստովանություն է արել. Ղարաբաղյան հակամարտության առկայությունը խոչընդոտում է ներդրումների ներգրավմանը, ըստ այդմ, Հայաստանի զարգացմանը: Եւ այսպես` Գալուստ Սահակյանը յուրօրինակ կերպով հիմնավորել է ԼՂ խնդիրն օր առաջ կարգավորելու անհրաժեշտությունը, որպեսզի Հայաստանը կարողանա բնականոն հունով զարգանալ:
Իրականում ԱԺ նախկին նախագահի հայտարարություններում որեւէ նորություն չկար. նա կրկնել է վաղուց հայտնի ճշմարտությունը, որ տարածաշրջանում չլուծված հակամարտությունների առկայությունը, ամեն րոպե պատերազմի վերսկսման վտանգը, հարեւան երկրներից երկուսի հետ փակ սահմանները խոչընդոտ են ներդրողներ ներգրավելու ճանապարհին:

Իրականում 1998թ. սկսած իշխանություններն ամեն կերպ փորձել են ապացուցել հակառակը, թե իբր Ղարաբաղյան հակամարտության առկայությունը չի խանգարում ներդրումների ներգրավմանը: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էլ նախորդ տարվա մարտին, խոսելով այս մասին, ասել էր. «Հակառակը՝ Հայաստանը օտարերկրյա ներդրողների համար գրավիչ է այն հանգամանքով, որ ոչ թե սահմանները փակ են, այլ Հայաստանն այն հարթակն է, որով օտարերկրյա ներդրողներին հնարավորություն է ստեղծվում մուտք գործել շատ մեծ շուկաներ»: Մինչդեռ հիմա Սահակյանը հակառակն է ապացուցում:
Բայց նկատենք, որ դեսպան Միլսը եւս ճիշտ է իր տեսակետում. ներդրումներին խանգարում է ոչ միայն ԼՂ խնդրի առկայությունը, այլեւ փաստը, որ իշխանությունը սերտաճած է օլիգարխների հետ: Այնպես որ, ներդրումների ներգրավմանը խանգարող գործոնները շատ են, չափազանց շատ:




Լրահոս