Շրջանցիկ ավտոճանապարհը` ադրբեջանական հենակետերի գնդակոծության տակ. Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն անելանելի վիճակում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածում շրջանցիկ ճանապարհի շինարարությունը սկսվեց 2013 թվականին: Շինարարության մրցույթը շահեց «Իջեւանի ճՇՇ» ՓԲԸ-ն: 2014թ. սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ, 6-7 մետր լայնությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը նախատեսված էր ավարտվել 2014թ. հունիսին, սակայն այն գործարկվեց նախատեսվածից մեկ տարի ուշ` 2015թ. հուլիսին: Այդ նպատակով պետական բյուջեից ի սկզբանե նախատեսված էր 535 միլիոն դրամ, 2014թ. սեպտեմբերին այդ նպատակով պետբյուջեից լրացուցիչ հատկացվեց 55 միլիոն դրամ:

Շրջանցիկ ճանապարհը կոչված էր ապահովելու սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերից արձակվող կրակոցներից: Ճանապարհամերձ մի հատվածում, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից, կառուցվել է երթեւեկն ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող 150 մ երկարությամբ եւ 5.5 մ լայնությամբ պատ: Այդ ճանապարհը 6 ոլորան ունի, ոլորաններում վարորդների տեսադաշտը նեղ է:

Շրջանցիկ ճանապարհի կառուցումից հետո սողանքից ասֆալտի ծածկում ճեղքեր առաջացան, որի պատճառով քանդվեց շրջանցիկ ավտոճանապարհի մի հատված: Սողանքից քանդված ճանապարհի տակ, հողի շերտի մեջ երեւում էին ծառի բներ, մինչդեռ անթույլատրելի է կառուցված ճանապարհի մեջ ծառերի առկայությունը: 2017թ. «Տավուշի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ՓԲԸ-ն կատարեց 2 տարի առաջ գործարկված շրջանցիկ ավտոճանապարհի սողանքից քանդված հատվածի նորոգումը:

Բանվորները քանդված հատվածի ներքեւի մասում խճաքարերից գաբիոններ սարքեցին, պետական բյուջեից ճանապարհի նորոգման համար հատկացվեց 24 միլիոն դրամ: Ներկայումս վարորդները խուսափում են Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ, ոլորապտույտ այդ ճանապարհից, գերադասում են երթեւեկել սահմանամերձ տարածքով ձգվող հիմնական, ավելի վտանգավոր ճանապարհով: Բյուջեից ավելի քան 600 միլիոն դրամով կառուցված շրջանցիկ ճանապարհով սակավաթիվ երթեւեկողներ կան:

Հիմնական ճանապարհը թեեւ սահմանի եզրով է ձգվում, սակայն այնտեղ վարորդների համար բավարար տեսադաշտ կա: Շրջանցիկ ավտոճանապարհը լիովին չի ապահովում այդ ճանապարհով երթեւեկողների անվտանգությունը դեմ-դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերի գնդակոծություններից: Հարկ էր հիմնական ավտոճանապարհի առավել վտանգավոր հատվածում անվտանգության պատ կառուցել, եւ սահմանագոտու այդ հատվածում երթեւեկության անվտանգության խնդիրը լուծված կլիներ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս