Նոր Նորքի թաղապետը կմեկնի՞ ԱՄՆ. ինչու է վաճառքի հանել ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը «Green Cart» է շահել եւ պատրաստվում է առաջիկայում մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նաեւ այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Նոր Նորքի թաղապետ Ուլիխանյանը մտադրություն ունի Հայստանից ընդմիշտ հեռանալ: Ինչի նպատակով էլ նա վաճառքի է հանել իրեն պատկանող ողջ ունեցվածքը:

Այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Արմեն Ուլիխանյանի հետ: Մեր հարցերին ի պատասխան` Ուլիխանյանը զարմացած արձագանքեց. «Չկա նման բան… ինֆորմացիան սխալ է: Ամեն ամիս մի բան հնարում են»:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` արդյո՞ք դիմել է «Green Cart» ստանալու համար, վարչական շրջանի ղեկավարը պատասխանեց. «Ո՛չ, չեմ դիմել: Լավ էլի, ինչի մասին եք խոսում: Ես հիմա լծված եմ աշխատանքի: Աշխատել եմ, աշխատում եմ, աշխատելու եմ… եւ Հայսատանից չեմ էլ գնալու: Ի դեպ, այսօր էլ մեր վարչական շրջանում մանկապարտեզ բացվեց»: Իսկ ինչ վերաբերում է ունեցվածքը վաճառքի հանելու տեղեկությանը, Արմեն Ուլիխանյանը փոխանցեց, որ այն եւս իրականությանը չի համապատասխանում:

Մինչ Արմեն Ուլիխանյանը համառորեն հերքում է իր` ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրերը, նկատենք, որ ըստ պաշտոնական հայտարարագրի` նրա դրամական միջոցները կազմում են 5 մլն դրամ, 2 հազար եվրո եւ 5000 դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը ամսական կազմում է 322 հազար դրամ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս