Հայաստանում գնաճը շարունակում է իր «հաղթարշավը». նույնիսկ պաշտոնական թվերն են հաստատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գնաճը շարունակում է իր «հաղթարշավը». միայն պաշտոնական տվյալներով` գնաճը հունվար-փետրվար ամիսներին կազմել է 3.1 տոկոս:

Հայաստանի ներքին շուկայում շարունակում է բարձր մնալ կարագի գինը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` տեղական շուկայում այս փետրվարին, հունվարի համեմատ, յուղերն ու ճարպերը թանկացել են 0.1 տոկոսով: Բայց չնայած սրան` միջազգային շուկայում կարագը ավելի ցածր գնով է վաճառվում, քան մեր հանրապետությունում:

Այս տարվա փետրվարին, հունվար ամսվա համեմատ, սպառողական շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 0.5 տոկոս: Այն հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.2 տոկոս գնանկումով: Բայց նկատենք, որ սննդամթերքի 1.2 տոկոս գնանկման պատճառը մրգի եւ բանջարեղենի էժանացումն է: Այսինքն` նշված ժամանակահատվածում սննդամթերքը էժանացել է 1.1 տոկոսով, ոչ պարենային ապրանքները` 0.1 տոկոսով: Միայն ծառայությունների սակագներն են բարձրացել` 0.1 տոկոսով:

Փոխարենը փետրվարին, հունվարի համեմատ, մսամթերքն է թանկացել` 1 տոկոսի չափով: Երեկվա դրությամբ երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում խոզի մսի մեկ կիլոգրամը վաճառվում էր 2400-2500 դրամով, խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը` 3300 դրամով: Իսկ ահա տավարի մսի մեկ կիլոգրամի արժեքը կազմել է 3100 դրամ, ոչխարի մսինը` 3500 դրամ: Պարզվում է` բացի մսամթերքից` նշված ժամանակահատվածում թանկացել է նաեւ ձուկն ու ծովամթերքը: Նշված սննդատեսակի շուկայում այս փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվի համեմատ, դրանք թանկացել են 25.5, իսկ 2018 թվականի հունվարի համեմատ` 0.9 տոկոսով:

Ի դեպ, մարզային քաղաքներում այս փետրվարին, հունվարի համեմատ, ձկնամթերքի գներն աճել են 0.3-1.9 տոկոսով, 6-ում հակառակը` էժանացել է` 2.8-0.3 տոկոսով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Իսկ ահա Երեւանում ձկնամթերքի գները բարձրացել են 1.9 տոկոսով: Կարագի շուկան եւս անմասն չի մնացել թանկացումից: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` կարագի շուկայում փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրվել է 0.1 տոկոսի գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ նոր զելանդական կարագի մեկ կիլոգրամը այսօր վաճառվում է 4460-4500 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագի մեկ կգ-ը` 4700-4800 դրամով: Մինչդեռ միջազգային շուկայում կարագի գները շարունակում են ավելի ցածր մնալ, քան մեր հանրապետությունում: Օրինակ` միջազգային շուկայում կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է 5.2 դոլարով, իսկ ներքին շուկայում այն կազմում է 9.2-9.3 դոլար, ավելի քան 4 դոլարով թանկ միջազգային շուկայի սահմանած գներից: Ըստ որոշ տեղեկությունների` սրա պատճառն այն է, որ կարագ ներկրող տնտեսվարողները անցած տարեվերջին եւ այս տարեսկզբին մեծ քանակությամբ բարձր գնով կարագ են ներմուծել եւ չեն կարողացել տեղական շուկայում արագ սպառել: Չէ՞ որ կարագի գնի կտրուկ բարձրացման հետեւանքով բավականին նվազել են իրացման ծավալները:

Գնաճը չի շրջանցել նաեւ ալկոհոլային խմիչքի ու ծխախոտի շուկան: Ըստ ԱՎԾ-ի` փետրվարին, հունվարի համեմատ, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը եւս թանկացել են` 0.4 տոկոսով:

Միաժամանակ հանրապետությունում թանկացել են նաեւ կենցաղային սարքերը, գորգերը եւ հատակի ծածկերը` 0.1% տոկոսով: Պաշտոնապես թանկացել են նաեւ դեղագործական ապրանքները` 0.9 տոկոսով: Թանկացում արձանագրվել է նաեւ կահույքի, ապակե ամանեղենի, ճաշասպասքի, տնային կահ-կարասու շուկաներում: Բնականաբար, թանկացումից չի խուսափել նաեւ բենզինի շուկան. փետրվարին, հունվարի համեմատ, բենզինի գինն աճել է 3.6, իսկ դիզելային վառելիքինը` 3.4 տոկոսով: Նշենք, որ դիզելային վառելիքի թանկացումը բացասական հետեւանք է ունենալու գյուղացու գրպանի վրա: Չէ՞ որ դիզելային վառելիքի խոշոր սպառող է նաեւ գյուղացին:

Կարճ ասած` Հայաստանում կյանքը օրեցօր թանկանում է, եւ իշխանությունները գնաճը զսպելու ուղղությամբ քայլեր անելու փոխարեն, ընդհակառակը, անգործությամբ խրախուսում են այն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս