Չինական ընկերությունը հետաքրքրված է ճանապարհաշինական ծրագրերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 12-ին ընդունեց քուվեյթցի գործարար Չարլզ Հայդերին և «China State Construction Engineering» կորպորացիայի փոխնախագահ Սյու Թաոյին։

Ողջունելով նախարարին` հյուրերը ներկայացրին իրենց գործունեության շրջանակները՝ ընդգծելով, որ առավելապես հետաքրքրված են Հայաստանում պետություն – մասնավոր հատված համագործակցությամբ կատարվող ճանապարհաշինական ծրագրերով։

Նշվեց, որ «China State Construction Engineering» կորպորացիան աշխարհում շատ մեծ ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը 100-ից ավելի երկրներում շուրջ 5600 ծրագիր է իրականացրել։ Կառուցում են բարձրորակ, ժամանակակից շենք -շինություններ, օդանավակայաններ, արագընթաց մայրուղիներ ու երկաթուղիներ, թունելներ ու կամուրջներ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները։

Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերը և առաջարկեց մասնակցություն ունենալ հարավային հատվածի շինարարությանը, որը նույնպես իրականացվում է պետություն – մասնավոր հատված ձևաչափով։

Չարլզ Հայդերը նշեց, որ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը մեծ պոտենցիալ ունեն, ուստի հույս ունեն հնարավորին շուտ սկսելու իրենց առաջին ծրագիրը Հայաստանում։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել նախարարության և չինական կազմակերպության մասնագետների հանդիպում՝ քննարկելու հնարավոր համագործակցության տարբերակներն ու պայմանները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս