ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ՈՒՐԱԽ ԷԻՆ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԳՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը երեկ ՀՀ չորրորդ նախագահին ընտրելուց հետո ձեռնամուխ եղավ նաեւ Սահմանադրական դատարանի անդամի ընտրության գործին: Այս անգամ եւս միայն մեկ թեկնածու էր առաջադրվել՝ ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը: Ազգային ժողովի շենքից մեկ րոպե առաջ դուրս գալու ձգտումն այնքան շատ էր պատգամավորների մոտ, որ քվեարկության մասին հայտարարելուց հետո քվեարկության սենյակի մոտ պատգամավորների հերթ գոյացավ, եւ դա այն դեպքում, երբ հաշվիչ հանձնաժողովի անդամները դեռ չէին եկել: ՀՀԿ-ական կոճակ սեղմող պատգամավորներն էլ արագ-արագ քվեարկեցին եւ շտապեցին շենքից հեռանալ:

Քվեարկության պատկերը որքանով էր հետաքրքիր Թովմասյանի համար, դժվար է ասել, սակայն այն սպասելի էր. 93 պատգամավորներից նա ստացել էր 64 կողմ, 27 դեմ ձայն եւ երկու քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել: Գաղտնիք չէ, որ Թովմասյանին չսիրողները շատ են, այդ թվում նաեւ իր կուսակիցների շրջանում: Եվ փորձելով կատակի տալ` Թովմասյանը մինչ ՍԴ անդամի երդման տեքստն ընթերցելը, որոշեց հումոր անել իրեն դեմ քվեարկածների մասով։ «27 դեմ ձայները ես դիտարկում եմ որպես ձայներ, որ մարդիկ չէին ուզում, որ ես ԱԺ-ից գնամ»,-ասաց Թովմասյանը, ու դահլիճում սկսեցին ծիծաղել։
Սակայն Թովմասյանի ասածից ստացվում է, թե 64 պատգամավորն էլ շատ էր ուզում, որ ինքը գնար խորհրդարանից, եւ այդ պատճառով էլ դա արտահայտել են իրենց քվեարկությամբ: Որքան էլ ընդհանուր որոշումից ելնելով ՀՀԿ-ականները կողմ են քվեարկել նրան, սակայն հենց այդ խմբակցության կազմում մեծ թիվ են կազմում այն պատգամավորները, ովքեր իսկապես սրտանց ցանկանում էին, որ նա հեռանա խորհրդարանից: Իրենց հակակրանքը ՀՀԿ-ականները չեն էլ փորձում թաքցնել: Նրանք դա հաճախ բացահայտ ցուցադրել են թե՛ մասնավոր զրույցներում, թե՛ խորհրդարանում ելույթների ժամանակ, թե՛ անգամ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում՝ շատ ժամանակ բացահայտ, շատ ժամանակ էլ ենթատեքստերով:
Չի բացառվում` Թովմասյանի՝ այդքան շատ դեմ ձայներ ստանալու հարցում դերակատարություն է ունեցել նրա «նախընտրական» ելույթը, որտեղ ակամայից վիրավորել է պատգամավորներին: Թովմասյանը խոստովանել է, թե որպես ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ ինքն անհամբեր սպասել է հանձնաժողովի նիստերին, որպեսզի երբեմն «էքսպերիմենտներ» եւ «փորձարկումներ» անցկացնի: Այլ կերպ ասած` Թովմասյանն իր հանձնաժողովի անդամներին վերաբերվել է որպես փորձանմուշների, ճագարների նման եւ հիմա խոստովանում է այդ ամենի մասին: Ու 27 դեմ ձայնը միգուցե հենց այդ «փորձանմուշի» պատասխանն էր:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր տարիներ առաջ տեղի ունեցած Հրայր Թովմասյան-Արմեն Ռուստամյան միջադեպին: Խոսքը տարիներ առաջ տեղի ունեցած դեպքի մասին էր, երբ այդ ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, արձագանքելով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջին, ասել էր, որ «ղալաթ են անում»: Ռուստամյանն էլ ասել էր. «Եթե բառարաններով է, ուրեմն մենք էլ ենք տիրապետում բառարանների, եւ եթե մենք նրան ասենք` ղալաթ ես անում, չաթլա՛խ, թող չնեղանա»: Ի պատասխան` այդ ժամանակ Հրայր Թովմասյանը նշել էր. «Մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում եւ ներողությունով չի հարթվում, պարզապես իմ դիրքը բացառում է այս պահին պատասխանելը: Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ՝ բոլորը կիմանան»:
Սակայն վստահաբար դրանից հետո շատ քչերն իմացան, թե ինչ է եղել, Հրայր Թովմասյանն ինչպես էր արձագանքել դաշնակցական պատգամավորին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հրայր Թովմասյանը խուսափել էր պատասխանել՝ ինքը պատասխանել է Արմեն Ռուստամյանին, թե ոչ՝ ասելով, թե ամեն ինչ հարթված է, եւ այդ մասին դաշնակցական պատգամավորը համապատասխան հայտարարություն է արել: Եվ որքան էլ հարաբերությունները հարթված են, ամեն դեպքում ստացվում է, որ Հրայր Թովմասյանն իր խոստմանը հավատարիմ չի մնացել եւ չի պատասխանել Ռուստամյանին:
Այս ամենից զատ երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Ա. Ռուստամյանն իր ելույթում գովեստի խոսքեր էր շռայլել նույն ՀՀԿ-ական պատգամավորի հասցեին, որին հայտնի խոսքով էր որակավորել. բայց այդ ելույթով Ռուստամյանն իրեն անհարմար դրության մեջ դրեց:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց Ա. Ռուստամյանից հասկանալ՝ ինչ հանգուցալուծում ստացավ տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպը, եւ ինչ հարաբերություններ ունեն այժմ կոալիցիայի անդամ քաղաքական գործիչները: «Դա անձնական տարաձայնություն չի եղել, եղել է քաղաքական գործընթաց: Հարցերը փակված են, այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում», – նշեց Ռուստամյանը: Դիտարկմանը՝ Հրայր Թովմասյանը պատասխանե՞լ է Ձեզ՝ ինչպես խոստացել էր, Ռուստամյանը նշեց. «Ամեն ինչ նորմալ է, մենք խոսել ենք, հարցը փակված է: Իզուր տեղը մի՛ բզբզեք»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ԿԱՐԳԸ ԴԵՂԱՏՆԵՐԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՆՈՒՄ

Մարտի 1-ից դեղերի բացթողման նոր կարգը իսկական պատուհաս է դարձել ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլեւ դեղատների աշխատողների ու բժիշկների գլխին:

Հիշեցնենք, որ մարտի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը: Նշենք, որ մարտի 1-ից դեղատոմսի պահանջ ներկայացվում է միայն հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների եւ կոդեին պարունակող դեղերի նկատմամբ:
Արդեն երեք օր է` ինչ դեղերի բացթողման նոր կարգը գործում է, բայց փոխարենը դեղատներում առեւտուր չկա: Բանն այն է` երբ հայտարարվեց, որ մարտի 1-ից ուժի մեջ է մտնում դեղերի բացթողման նոր կարգը, ոչ միայն երեւանյան, այլեւ ՀՀ մարզերի մի շարք դեղատներում սկսեցին մեծ հերթեր գոյանալ: Մարդիկ տոպրակներով դեղեր էին գնում: Նրանք խիստ անհանգստացած էին, քանի որ մարտի մեկից որոշակի դեղեր գնելու համար պետք է ունենային հատուկ դեղատոմս` բժշկի կողմից լրացված: Այսինքն` այսուհետ նրանք պետք է այցելեն բուժհաստատություն եւ ժամերով հերթեր կանգնեն` դեղատոմս ձեռք բերելու համար: Ինչպես հայտնի է` այդ այցելությունը միայն մեկ բժշկով չի ավարտվելու. չէ՞ որ հիվանդություն ախտորոշելու համար բժիշկը քաղաքացուն մի քանի հետազոտության է ուղարկելու, որն էլ ծախսեր է ենթադրում: Սա առիթ էր դարձել, որպեսզի քաղաքացիները մինչեւ մարտի 1-ը դեղատներից տոպրակներով հակաբիոտիկներ, ցավազրկող դեղեր գնեն:
Արդյունքում` արդեն երեք օր է` ինչ դեղատներում, կարելի է ասել, առեւտուր չկա: Որոշ դեղատների վաճառողներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեցին, որ այս նոր կարգը բացասական ազդեցություն է ունեցել դեղերի իրացման ծավալների վրա, եւ դեռ երկար ժամանակ այս վիճակը կպահպանվի: «Ում ինչ դեղ պետք էր, այստեղից-այնտեղից գումար պարտք անելով` մեծ քանակությամբ եկավ, տարավ, որ ստիպված չլինի հերթական անգամ այցելել բժշկի` դեղատոմս վերցնելու համար: Բայց հետո չգիտենք` ինչ է լինելու. սա ինչ-որ չափով մեր առեւտրի վրա կազդի, քանի որ պարզապես չեն գա դեղ գնելու»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեց երեւանյան դեղատներից մեկի վաճառողը` միաժամանակ նկատելով, որ այն օրերին հերթեր էին գոյացել, իսկ այսօր որոշ դեղերի դեֆիցիտ կա:
Ի դեպ, անգամ դեղատներ կան, որոնք դեռ շարունակում են դեղեր վաճառել` առանց հատուկ դեղատոմս պահանջելու: Ինչպես հայտնի է` վերահսկողություն իրականացնող, ասել է, թե ե՛ւ բժշկին, ե՛ւ դեղատանը տուգանող մարմինը դեռ կազմավորման փուլում է:
Մյուս կողմից` պոլիկլինիկաները, երբ սովորաբար բազմամարդ են լինում, այս օրերին հակառակ պատկերն է: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից: Նրանց պատմելով` իրենք մոտենում են պոլիկլինիկաների բժիշկներին եւ խնդրում են դեղատոմս գրել, սակայն վերջիններս հրաժարվում են` ուղարկելով մի շարք հետազոտությունների, արդյունքում եղել են նաեւ վեճեր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
Դիլիջանի բնակիչ, 1990թ. ծնված Ազատ Բաղդասարյանը 2017 թվականի սեպտեմբերի 18-ին` ժամը 9-ն անց 30-ի սահմաններում, իր հարազատ եղբոր` 2000 թվականին ծնված Արտակ Բաղդասարյանի հետ «ԳԱԶ-69» մակնիշի փայտանյութով բեռնված ավտոմեքենայով դուրս է եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին» տեղամասի 1-ին պահաբաժնի «Փիշիկ» հանդամասից: «ԳԱԶ-69»-ի տիրոջ ինքնությունը իրավապահները մինչեւ այժմ չեն կարողացել պարզել: Այդ մեքենայի վրա եղել են Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, հանգուցյալ Աշոտ Խաչատրյանի անվամբ հաշվառված համարանիշներ:
Անտառից կտրուկ իջնելու ընթացքում Ազատը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, արգելակելու նպատակով ղեկը թեքել է աջ, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորակը: Նա թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 67-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ: Դրա հետեւանքով մեքենայի ուղեւոր Արտակ Բաղդասարյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Ա. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով («Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ա. Բաղդասարյանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն` հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը միջնորդությունը բավարարել է:
Դատարանը Ա. Բաղդասարյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա բնութագրվում է դրական, ընդունում է մեղքը, անկեղծորեն զղջում կատարած արարքի համար, տուժողն ամբաստանյալի հարազատ եղբայրն է: 2018 թվականի փետրվարի 15-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ա. Բաղդասարյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ նրան դատապարտել մեկ տարի ժամկետով ազատազրկման` ավտոտրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: Դատավորը վճռել է կիրառել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված հիմնական պատիժը ժամանակավորապես չկիրառել` փորձաշրջան նշանակելով մեկ տարի ժամկետով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս