ՏԻՄ ընտրություն` ՀՀԿ-ականի հաղթանակով. որ համայնքներում են թեժ անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 11-ին Հայաստանի հինգ մարզերի գյուղերում տեղի ունեցան համայնքի ղեկավարի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` համայնքների մեծ մասում առաջադրվել եւ բնականաբար վերընտրվել են գործող ՀՀԿ-ական գյուղապետերը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ համայնքների թվում է նաեւ ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Դդմասար գյուղը, որտեղ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել էր գործող ՀՀԿ-ական գյուղապետը: Վերջինս էլ վերընտրվել է` հավաքելով 35 ձայն: Նույն իրավիճակն է նաեւ Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Սիս, Խաչփար գյուղերում, որտեղ եւս առաջադրվել եւ անցել են ՀՀԿ-ական գործող գյուղապետերը:

Իսկ ահա նույն մարզի Եղեգնավան գյուղում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող անկուսակցական գյուղապետը եւ վերընտրվել: Փոխարենը Արարատի մարզի Նորամարգ գյուղում են ընտրությունները թեժ անցել. այս դեպքում գյուղապետի պաշտոնի համար պայքարել են երեք թեկնածու` երկուսը ՀՀԿ-ական, երրորդը` անկուսակցական, բայց հաղթել է գյուղի դպրոցի ՀՀԿ-ական ուսուցիչը: Նա 9 ձայն ավելի է ստացել գյուղապետարանի աշխատակցից: Նույն մարզի Սայաթ-Նովա գյուղում թեկնածուն եւս միակն է եղել, ասել է, թե միակ ԲՀԿ-ականը, ով հավաքելով 543 ձայն` ընտրվել է:

Լոռու մարզի Դեբետ գյուղում ՏԻՄ ընտրությունները նույնպես անցել են թեժ մթնոլորտում, քանի որ առաջադրված թեկնածուները չորսն են եղել եւ տարբեր կուսակցական պատկանելիության` ե՛ւ ՀՅԴ-ական, ե՛ւ ԲՀԿ-ական, ե՛ւ ՀՀԿ-ական, ե՛ւ անկուսակցական: Հրաշք. Դեբետի գյուղապետ ընտրվել է անկուսակցական թեկնածուն` պարտության մատնելով մյուս թեկնածուներին: Լոռու մարզի Լեռնավան գյուղում առաջադրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետը եւ հավաքելով 481 ձայն` վերընտրվել է: Իսկ Կոտայքի մարզի Հացավան գյուղում վերընտրվել է ԲՀԿ-ական գործող գյուղապետը:

Նկատենք, որ մարտի 11-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում դաշնակցական թեկնածուների մասնակցությունը բավականին պասիվ էր: Մինչդեռ օրեր առաջ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ ՏԻՄ ընտրություններում կմասնակցեն նաեւ ՀՅԴ-ական թեկնածուներ: Պարզվեց, որ հակառակն է: Եւ ընդհանրապես, ոչ միայն Դաշնակցության, այլեւ մյուս կուսակցությունների ներկայացուցիչները եւս պասիվ են գյուղապետեր ընտրվելու հարցում: Ինչը մտահոգիչ է: Սա, թերեւս, վկայում է քաղաքական դաշտի մոնոպոլիզացիայի մասին. անգամ իշխանության մաս կազմող կուսակցությունը գերադասել է զերծ մնալ ՏԻՄ ընտրություններից` լավ հասկանալով, որ դրանք քաղաքականության հետ գնալով առնչություն չեն ունենում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս